
Հակակոռուպցիոն կոմիտեի ստեղծման փաթեթն առաջին ընթերցմամբ ընդունվեց
Խորհրդարանը հերթական նիստում առաջին ընթերցմամբ ընդունեց Հակակոռուպցիոն կոմիտեի ստեղծման նախագծերի փաթեթը: Նախագիծն ընդունվեց 84 կողմ, 16 դեմ, 4 ձեռնպահ ձայների հարաբերակցությամբ:
Հակակոռուպցիոն կոմիտեն քննչական մարմին է, որը կազմակերպում և իրականացնում է Հայաստանի Հանրապետության Քրեական դատավարության օրենսգրքով իր ենթակայությանը վերապահված՝ ենթադրյալ կոռուպցիոն հանցագործություններով մինչդատական քրեական վարույթը: Օրենքով սահմանված կարգով կոմիտեն կարող է իրականացնել նաև օպերատիվ-հետախուզական գործունեություն:
Հակակոռուպցիոն կոմիտեն հանրությանը տեղեկացնում է իր գործունեության մասին՝ ապահովելով նախաքննության գաղտնիությունը, ինչպես նաև օրենքով պահպանվող այլ գաղտնիքների պաշտպանությունը:
Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահը պարտավորվում է յուրաքանչյուր տարի Կառավարություն և Ազգային ժողով ներկայացնել նախորդ տարվա գործունեության մասին գրավոր հաղորդում: Կոմիտեի ֆինանսավորումն իրականացվելու է պետական բյուջեով նախատեսված միջոցների հաշվին:
Կոմիտեի նախագահի աշխատավարձը կազմելու է 958 հազար 740 դրամ (հարկերը ներառյալ), տեղակալինը` 925 հազար 680 դրամ (հարկերը ներառյալ):
Մեկնաբանել