HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Լիանա Սայադյան

Ոգեկոչելով Հրանտ Դինքի հիշատակը. լույս է տեսել ֆրանսիացի գրող Վալերի Մանտոյի «Ակոս» վեպի հայերեն տարբերակը

14 տարի առաջ՝ 2007 թվականի հունվարի 19-ին Ստամբուլում իր խմբագրատան առաջ թուրք ազգայնականի կողմից սպանվեց պոլսահայ լրագրող, մտավորական, «Ակոս» թերթի խմբագիր Հրանտ Դինքը։ Նրա տարելիցի ոգեկոչման օրը՝ այսօր, Երեւանում լույս ընծայվեց ֆրանսիացի լրագրող, գրող Վալերի Մանտոյի «Ակոս» վեպի հայերեն հրատարակությունը, որը նվիրված է Հրանտ Դինքին։ Գրքի շնորհանդեսին, որը տեղի ունեցավ Հայաստանում Ֆրանսիայի դեսպանատանը, ներկա էր հեղինակը։

Մանտոյի ստեղծագործության առանցքում Հրանտ Դինքն է։ Դինքի սպանությունից 10 տարի անց Թուրքիա է մեկնում ֆրանսիացի գրող Վալերի Մանտոն։ Նա մեկուկես տարի բնակվում է Ստամբուլում, սիրահարված է երկրին ու բնակիչներին, սակայն նրան վրդովեցնում է Թուրքիայում տիրող քաղաքական ու հանրային մթնոլորտը՝ համատարած սարսափ, ատելություն ու կասկած։ Թուրքիայի ու երկրում կատարվող իրադարձությունների մասին թուրք ընկերների հետ քննարկելիս գրքի գլխավոր հերոսը՝ նույն ինքը Մանտոն, լսում է Հրանտ Դինքի ու նրա սպանության մասին։ Այդ օրվանից Դինքի պատմությունը նրան հանգիստ չի տալիս։ Բոսֆորի ասիական ափին ապրելով՝ սկսում է ընթերցել հայ մտավորականի մասին գրքերը, հոդվածները, հետաքննել նրա կյանքը, շրջել այն վայրերով, որտեղ եղել է Դինքը։ Նա նեղուցի մի ափից մյուսն է անցնում, քայլում այն բանտերի մոտով, որտեղ իրենց հայացքների համար բանտարկված են 150 լրագրողներ, հետևում Հրանտ Դինքի ուրվականին, որը մի ժամանակ խոստացել էր «դրախտի վերածել այս դժոխքը, որում ապրում ենք»: Ֆրանսիա վերադառնալուն պես Վալերին հրատարակում է գիրքը եւ այն վերնագրում «Ակոս»՝ Դինքի թերթի անունով։

Վալերին վարպետորեն միահյուսել է մի քանի ժանր՝ գեղարվեստական ինքնակենսագրությունը, ռեպորտաժը, քաղաքական սատիրան ու սիրավեպը։ 36-ամյա Մանտոն Դինքի պատմությունն ընդհատում է թուրք երիտասարդի հետ իր սիրավեպով։

Գրքի թարգմանիչ Սամվել Գասպարյանն ասում է, որ այն գեղարվեստական ռեպորտաժի ժանրով է եւ նոր շունչ է հաղորդելու հայ թարգմանական գրականությանը։ Ոճի առումով, ըստ թարգմանչի, այս գիրքն օգտակար եւ հետաքրքիր կարող է լինել ժամանակակից հայ գրողների համար։ Նա նշում է, որ Հրանտ Դինքից բացի «Ակոս» գրքի հերոսը Ստամբուլն է։

«Ակոսը» թեեւ դեռ չի թարգմանվել թուրքերենի, բայց, Վալերիի խոսքով, սկսել իր «շրջագայությունը» Թուրքիայով։ Գրողն արդեն մի շարք քննարկումներ է ունեցել այդ երկրում 2019-ին՝ Ստամբուլի եւ Անկարայի ֆրանսիական ինստիտուտում, Գալաթասարայի ֆրանկոֆոն համալսարանում եւ ռադիոյով։ Ասում է, որ հնարավոր բոլոր տեսակետները լսել է իր գրքի մասին։ Ստամբուլի ֆրանսիական ինստիտուտում շատ բաց զրույց է եղել, բայց Անկարայում՝ մի քանի շաբաթ անց, արձագանքը տարբեր էր։ Մի թուրք կին, գրողի խոսքով՝ քեմալական պրոպագանդայի ազդեցության տակ, գրքում օգտագործված ցեղասպանություն բառի առնչությամբ վրդովմունք է արտահայտել, բանավեճը ծայրահեղ դրսեւորումներ է ստացել, թեեւ, Վալերիի ասելով, բռնության չի հասել, ինչի պատճառով քննարկումը ստիպված է եղել ընդհատել։ Չնայած սրան՝ Մանտոն փորձում է լավատես լինել թուրքական հասարակության հարցում, ասում է՝ ամեն դեպքում գիրքը կարդացել էին եւ եկել բանավեճի։ Վստահ է, որ եթե ինքը հայ լիներ, ավելի դժվար կլիներ քննարկում ծավալել թուրք ընթերցողի հետ, բայց իբրեւ արտասահմանցի, որը սիրում է Թուրքիան, ինքը փորձում է խոսել «խաղաղության եւ միմյանց հասկանալու անհրաժեշտության մասին»։

Վալերի Մանտոն 2008-2013 թթ. աշխատել է ֆրանսիական հայտնի «Շառլի Էբդո» շաբաթաթերթում, որի խմբագրության վրա 2015 թվականի հունվարի 7-ին ծայրահեղ իսլամիստները հարձակում գործեցին՝ սպանելով 12 և վիրավորելով 10 մարդու։ «Ակոս» վեպում ընթերցողը կանցնի նաեւ այս իրադարձությունների միջով։ Ինչպես շնորհանդեսին ասաց Հայաստանում Ֆրանսիայի դեսպան Ջոնաթան Լաքոտը, այս վեպը հարգանքի տուրք է ոչ միայն Հրանտ Դինքին, այլեւ խոսքի ազատությանը։  «Ապրելով եւ ստեղծագործելով Թուրքիայում, որտեղ հարյուրավոր ձերբակալված լրագրողներ եւ մտավորականներ կան եւ խստորեն դատապարտվում է արտահայտման ազատությունը, արդյոք ձեզ ապահով էիք զգում» հարցրինք Վալերի Մանտոյին։

«Իբրեւ արտասահմանցի ես ինձ պատասխանատու եւ պարտավոր էի զգում ինչ-որ բան ասել եւ անել հենց այդ լրագրողների եւ մտավորականների համար։ Թուրքիայում երբեք չգիտես, թե որտեղ կանգ կառնի սպառնալիքը, բայց ես ինձ պաշտպանված էի զգում ծայրահեղ քաոսային ու վտանգավոր այդ միջավայրում։ Ինձ կարող էր սպառնալ երկրից արտաքսման ռիսկը, ինչպես իմ գործընկերներից շատերին։ Բայց իբրեւ գրող ես շատ աչքի չէի ընկնում, ժամանակ առ ժամանակ փոքր հատվածներ էի տպագրում իմ գրքից, որպեսզի շատ ուշադրություն չսեւեռեմ ինձ վրա։ Իբրեւ արտասահմանցի ավելի պաշտպանված էի, դրա համար էլ պատասխանատվություն ստանձնեցի խոսել եւ արտահայտվել նրանց փոխարեն, ում լռեցնում են եւ շարունակել նրանց խոսքը, ովքեր չնայած այդ ամենին՝ համարձակություն ունեն խոսել»,- ասաց Մանտոն։

Նա համոզված է, որ անկախ Թուրքիայում տիրող մթնոլորտից՝ այսօր էլ հավաք տեղի կունենա Ստամբուլում՝ Օսմանբեյում (Ստամբուլի Օսմանբեյ մետրոյի կայարանի հարակից Սեբաթ Ափարթմանում էր գտնվում «Ակօս»-ի խմբագրությունը, որի առաջ սպանվեց Հրանտ Դինքը-հեղ)՝ ի հիշատակ Հրանտ Դինքի։

«Դա հոգեբանորեն դժվար է մի երկրում, որտեղ իրավունքը վերացման եզրին է, որտեղ քաղաքական իշխանությունն ագրեսիայի է ենթարկում ոչ միայն իր բնակչությանը, այլեւ հարեւան երկրներին։ Դուք ձեր փորձով շատ լավ գիտեք այդ մասին՝ այն ինչ տեղի ունեցավ Ղարաբաղում կամ տեղի է ունենում Հունաստանում արդեն ամիսներ։ Ես փորձում եմ համեստորեն անել այն, ինչ ժամանակին փորձում էր անել Դինքը եւ բոլոր նրանք, ովքեր պայքարում են ժամանակակից Թուրքիայում»,- հավելեց ֆրանսիացի գրողը։     

2018թ․«Ակոս» վեպն արժանացել է ֆրանսիական գրական ամենաբարձր պարգևներից մեկին՝ «Ռընոդո» մրցանակին։ Գրքի հայերեն թարգմանության հրատակիչը «Newmag»-ն է, գրքի թարգմանությանն ու հրատարակությանն աջակցել է ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպանությունը։

Հունվարի 19-ին, ժամը 18։00-ին Հրանտ Դինքին և նրա լրագրողական ժառանգությանը նվիրված կլոր սեղան տեղի կունենա Հայ բարեգործական ընդհանուր միության դահլիճում։ Բանախոսներն են գրքի հեղինակը՝ Վալերի Մանտոն, Արմենուհի Նիկողոսյանը՝ «Հրանտ Դինք» հիմնադրամի ներկայացուցիչ եւ Թաթուլ Հակոբյանը՝ «Սիվիլնեթ»-ի լրագրող, քաղաքական մեկնաբան:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter