HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Կրծքագեղձի քաղցկեղի վաղ հայտնաբերմանն ու կանխարգելմանն ուղղված մամոգրաֆիայի պիլոտային ծրագրի մեկնարկը տրված է

Այսօր կայացել է շարժական մամոգրաֆի բացման արարողությունը, որին մասնակցել են Առողջապահության նախարարի տեղակալ Գևորգ Սիմոնյանը, Լոռու մարզպետ Արամ Խաչատրյանը, ԱՆ «Վ.Ա.Ֆանարջյանի անվան ուռուցքաբանության ազգային կենտրոնի» տնօրեն Նարեկ Մանուկյանը, պաշտոնատար այլ անձինք, հյուրեր և բժիշկներ: Այս մասին տեղեկացնում է Առողջապահության նախարարության պաշտոնական կայքը։

«Առողջապահության նախարարի տեղակալ Գևորգ Սիմոնյանը և Լոռու մարզպետ Արամ Խաչատրյանը բացման արարողության ընթացքում հանդիպել են մարզային առողջապահության հաստատությունների ղեկավարների հետ՝ քննարկել առաջիկա ծրագրերը, հնարավոր մարտահրավերները, շնորհակալություն հայտնել նրանց և բժշկական անձնակազմներին, հատկապես վերջին մեկ տարվա ընթացքում կատարած ծանր և պատասխանատու աշխատանքի համար:

Նշենք, որ կրծքագեղձի անվճար մամոգրաֆիկ հետազոտությունները մեկնարկել են Վանաձորում և Գուգարքի տարածաշրջանի 26 համայնքում: Շարժական մամոգրաֆը դեռ 6 ամիս տեղակայված կլինի Վանաձորի բժշկական կենտրոնի տարածքում և Վանաձորի պոլիկլինիկաներում, ինչպես նաև Գուգարքի, Մարգահովիտի, Վահագնի,  Լեռնապատի և Շահումյանի  բուժամբուլատորիաներում կցագրված 50-69 տարեկան կանայք հնարավորություն կունենան անցնել անվճար մամոգրաֆիկ հետազոտություն:  Այնուհետև շարժական մամոգրաֆը կտեղափոխվի Լոռու մարզի այլ քաղաքներ:

Ծրագրի իրականացման և կրծքագեղձի քաղցկեղի վաղ հայտնաբերման  նպատակով Վանաձորի և շրջակա համայքների ԱԱՊ օղակի շուրջ 60 բուժաշխատող արդեն իսկ վերապատրաստվել է:

Կրծքագեղձի անվճար սքրինինգային հետազոտություններն իրականացվում են Կայունացման և զարգացման Եվրասիական հիմնադրամի միջոցներից ֆինանսավորվող «Առողջապահության առաջնային օղակում ոչ վարակիչ հիվանդությունների կանխարգելման և վերահսկողության կատարելագործում» դրամաշնորհային ծրագրի շրջանակներում:

Կանանց մոտ չարորակ նորագոյացությունների շարքում կրծքագեղձի քաղցկեղը 1-ին տեղում է, և Հայաստանում տարեկան ախտորոշվում է 1000-ից ավելի նոր դեպք, իսկ վերջին տարիներին հիվանդության աճը կազմել է 20 %: Այս վիճակագրական տվյալների պայմաններում խիստ կարևոր է կանխարգելիչ ծառայությունների ֆիզիկական և ֆինանսական մատչելիությունը, ինչն ապահովվելու է այս ծրագրի  միջոցով:

Այսպիսով՝ 

  • այլևս կարիք չի լինի հասնել Երևան մամոգրաֆիկ հետազոտություն անցնելու համար,
  • հետազոտության ախտորոշումը կատարվելու է ԱՆ «Վ.Ա.Ֆանարջյանի անվան ուռուցքաբանության ազգային կենտրոնի» պրոֆեսիոնալ ռադիոլոգների կողմից, 
  • ախտորոշման հաստատման լրացուցիչ հետազոտություններն իրականացվելու են անվճար:

Հերթերից խուսափելու համար գործելու է հերթագրման համակարգ, որի համար նախ պետք է այցելել ընտանեկան բժշկին կամ թերապևտին»,- նշված է հաղորդագրության մեջ: 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter