
Աղբատար ավտոմեքենաները աղբը լցնում են Դեբեդ գետը. Ալավերդու քաղաքապետը գոհ է աղբահանում իրականացնողներից (վիդեո)
Ալավերդու համայնքային բյուջեից տարեկան 33 մլն դրամ է հատկացվում աղբահանության համար, սակայն քաղաքը վերածվել է աղբավայրի: «Ալավերդի բարեկարգում» ՍՊԸ-ն օրական երկու աղբատար ավտոմեքենա աղբ է թափում Դեբեդ գետը, որը վնասազերծման չի ենթարկվում, այն այրվում է եւ թունավոր նյութեր է տարածում շրջակայքում: Քաղաքապետ Արտավազդ Վարոսյանը «Հետքին» հայտնեց, որ «Ալավերդի բարեկարգում» ՍՊԸ-ի երեք աղբի ավտոմեքենաներից աղբահանություն են կատարում երկուսը` մեկը քաղաքի ներքին հատվածում, մյուսը`քաղաքի Ս./Սարահարթ թաղամասում: Փաստորեն, աղբահանությունից դուրս են մնում քաղաքի Ակներ եւ Լենհանքեր թաղամասերը:
Էնգելս թաղամասի հրապարակին հարող բնակելի շենքերի բնակիչները ընդօրինակելով «Ալավերդի բարեկարգում» ՍՊԸ-ին, իրենց կենցաղային աղբը թաղամասի կամրջից լցնում են ուղիղ Դեբեդը կամ կուտակում գետի ափերին: Բնակիչները բացատրում են, որ աղբը հենապատերից եւ կամրջից գետ եւ գետափ են լցնում աշխատանքից ուշ վերադարձող կանայք, քանի որ դեպի աղբարկղեր գնացող ճանապարհները լուսավորված չեն, բացի այդ, նրանք վախենում են մոտենալ աղբարկղին ՝ թաղամասի թափառող շների պատճառով:
Սանահին կայարանային թաղամասի բնակելի թիվ 4, 11, 12, 44 շենքերի բնակիչների համար որպես աղբավայր է ծառայում 200 մ երկարությամբ Դեբեդի ափամերձ տարածքը: Ինչու են թաղամասի բնակիչներն իրենց աղբը լցնում գետափերին, մեր հարցին, թաղամասի բնակիչներ Մանե Գեւորգյանը եւ Մարիամ Բարսեղյանը բացատրեցին աղբարկղեր չունենալով: «Նոր են աղբարկղ դրել թաղամասում` հունվարին, հիմա աղբարկղում ենք թափում: Դրանից առաջ աղբարկղ չի եղել, բա որտե՞ղ պետք է թափեին»,- ասացին նրանք:
Մեր ուսումնասիրությունից պարզվեց, որ Սանահին կայարանային թաղամասի թիվ 4, 11, 12, 44 շենքերի բնակիչները աղբի դույլեր չեն գործածում: Նրանք իրենց պատշգամբներից ցելաֆոնի տոպրակներով աղբը շպրտում են, որը թափվում է գետը կամ ընկնում է գետափին: Թաղամասի թիվ 12 շենքի բնակիչ Էլեանորա Մեհրաբյանը հայտնում է, որ գետի ափերին բնակիչների աղբ թափելը պայմանավորված է թաղամասում աղբահանության գործի վատ կազմակերպմամբ: «Տարիներ շարունակ մեր թաղամաս աղբի մեքենա չի եկել, աղբահանություն չի կատարվել, աղբարկղեր չեն տեղադրվել»: Էլեանորա Մեհրաբյանը նաեւ հայտնում է, որ ընդամենը 4 ամիս առաջ են թաղամասում սկսել աղբահանություն իրականացնել, սակայն թաղամասի 4 շենքերի բնակիչների աղբի համար «Ալավերդի բարեկարգում» ՍՊԸ-ն թիվ 12 շենքի հարեւանությամբ ընդամենը մեկ փոքր աղբարկղ է տեղադրել, որը չի բավարարում բնակչության աղբի քանակին, այդ պատճառով էլ թիվ 4, 44 եւ մյուս շենքերի բնակիչների մեծ մասը շարունակում է աղբը թափել գետի ափերին:
Բնակիչներն ակնկալում են, որ շուտով կսկսվի ձնհալը եւ հորդացած Դեբեդն իր հետ կտանի ափերին կուտակված աղբը: Ամիսներ շարունակ Ալավերդու նախկին շուկայի դիմացի, երկաթգծին հարող, մայթեզրերի նորակառույց խանութների տերերը զլանում են իրենց խանութների բակերից հեռացնել շինարական աղբը, որը անհնարին է դարձնում մայթերով հետիոտնի երթեւեկությունը: Ալավերդու քաղաքապետարանը զլանում է խանութի տերերին պարտադրել արագ տեղափոխել շինարարական թափոնները: Ամիսներով չեն մաքրվում քաղաքի պուրակները, դեպքից-դեպք են մաքրվում քաղաքի ծայրամասային թաղամասերն ու բնակելի շենքերի բակերը: «ԲՇՏ-ները չունեն հավաքարարներ, այդ պատճառով էլ բնակելի շենքերի բակերը մաքրվում են գրաֆիկով»,- ասում է քաղաքապետը: Սայաթ-Նովա փողոցի բնակիչներն էլ աղբարկղերի մոտ կուտակված շների եւ կատուների պատճառով աղբը դեպի աղբարկղ շպրտում են 5-10 մետր հեռավորությունից, որի պատճառով էլ այն սփռվում է աղբարկղերի շրջակայքում: Բնակիչները պարբերաբար աղբը թափում են ներհամայնքային ճանապարհների լանջերին: «Ալավերդի բարեկարգում» ՍՊԸ-ին հաջողվում է վերահսկել ընդամենը քաղաքի կենտրոնում գտնվող մի քանի թաղամասերի աղբահանությունը:
Քաղաքապետ Արտավազդ Վարոսյանն ասում է, որ Ալավերդիում ամենօրյա աղբահանություն է իրականացվում`բացառությամբ կիրակի օրերին: Քաղաքապետը դժգոհեց քաղաքի սանիտարական վիճակի նկատմամբ բնակչության վերաբերմունքից, սակայն իր գոհունակությունը հայտնեց «Ալավերդի բարեկարգում» ՍՊԸ-ի աշխատանքներից եւ ասաց, որ վերջինիս աշխատանքում անպարտաճանաչություն կամ թերացում չի տեսնում: «Եթե խնդիրներ ունենում են՝ ապա դա առաջանում է բնակիչների աղբի նկատմամբ ոչ պատշաճ վերաբերմունքից: Այսքան չարչարանքի եւ ծախսերի հետ մեկտեղ տեսնում ենք, որ հնարավորությունները կան, աղբարկղերը կան, բայց, չգիտես ինչու, մեր բնակիչները շատ դեպքերում ոչ սահմանված վայրերում են աղբը թափում, աղբակույտեր են առաջացնում, որի պատճառով անհրաժեշտ է լինում կուտակված աղբակույտերը տեղափոխել լրացուցիչ ծախսեր կատարելով»,- ասաց քաղաքապետը:
Արտավազդ Վարոսյանի տեղեկացմամբ այս տարվա գույքագրումից պարզվել է, որ քաղաքի փողոցերում տեղադրված 90 աղբարկղերից 25-ը բնակիչները ջարդել են: Աղբահանության համար նախատեսված 33 մլն դրամից այս պահի դրությամբ թե որքան գումար է ծախսվել եւ որքան է կազմում քաղաքի աղբահանության մեկ ամսվա նախատեսված ծախսերը, Արտավազդ Վարոսյանը դժվարացավ պատասխանել: Սակայն նա ակնկալում է, որ Ալավերդու սանիտարական վիճակը կկարգավորվի ապրիլի 14-ի համաքաղաքային շաբաթօրյակից հետո: «Նաեւ՝ «Մաքուր քաղաք» մեկամսյակ ենք անցկացնելու, որպեսզի գոնե էդ առիթով, քաղաքն ավելի մաքուր եւ բարետես տեսքի բերվի»,- հույս հայտնց քաղաքապետը:
Ալավերդիում աղբահանության գործի կարգավորման նպատակով 2011թ.-ի նոյեմբերից սկսվել է 142 մլն դրամ ներդրումային գումարներով աղբավայրի կառուցումը: Աղբավայրի շինարարական աշխատանքներն իրականացնում է Ալավերդու «Տիտանյան եղբայրներ» ՍՊԸ-ն: Վերջինիս նախագահ Սանասար Տիտանյանը տեղեկացրեց, որ մինչեւ մայիսի 1-ը պատվիրատուին կհանձնի օբյեկտը: Աղբահանությունը արդյունավետ կազմակերպելու հանար Ալավերդիում կարեւոր է ոչ միայն նոր աղբավայրի շահագործումը, այլեւ բնակչության հետ արդյունավետ համագործակցությունը, որը բացակայում է:
Մեկնաբանություններ (9)
Մեկնաբանել