HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արմեն Միրզոյան

Իրանը պատժամիջոցներ է սահմանել Դոնալդ Թրամփի և Մայք Պոմպեոյի նկատմամբ

Թեհրանը ԱՄՆ դեռևս գործող նախագահ Դոնալդ Թրամփին և ամերիկացի մյուս պաշտոնյաներին ներառել է պատժամիջոցների ցուցակում։ Այդ մասին հայտարարել է Իրանի արտաքին գործերի նախարարությունը։ Իրանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Սայիդ Հաթիբզադեն հայտարարել է, որ սև ցուցակում հայտնվել են պետքարտուղար Մայք Պոմպեոն, ԱՄՆ ֆինանսների նախարար Սթիվեն Մնուչին, Պենտագոնի նախկին ղեկավար Մարկ Էսպերը, պաշտպանության նախարարի ժամանակավոր պաշտոնակատար Քրիստոֆեր Միլլերը, ԿՀՎ ղեկավար Ջինա Հասփելը և ազգային անվտանգության հարցերով Թրամփի նախկին խորհրդական Ջոն Բոլթոնը։

Բացի այդ, պատժամիջոցների տակ են հայտնվել նաև Իրանի հարցերով ԱՄՆ նախկին հատուկ դեսպանորդ Բրայան Հուքը և գործող հատուկ ներկայացուցիչ Էլիոթ Աբրամսը։

Իրանական արտաքին գերատեսչությունը Թրամփին և ամերիկյան մյուս բարձրաստիճան պաշտոնյաներին մեղադրել է մարդու իրավունքների խախտման, ահաբեկչությանն աջակցելու, տարածաշրջանում և աշխարհում անվտանգության սպառնալիքների ստեղծման, ինչպես նաև Իրանի ու նրա քաղաքացիների դեմ հակամարդկային և ահաբեկչական գործողությունների մեջ։

«Այդ անձինք պատժամիջոցների ցուցակում ներառվել են հետևյալ պատճառներով. գեներալ Սուլեյմանիի և նրա ուղեկիցների սպանության հրամանի արձակման և գործողության կազմակերպման, Իրանի դեմ ահաբեկչական գործողությունների կազմակերպման և աջակցության, ահաբեկչական խմբերի ֆինանսական աջակցության, զինման և ուսուցանման, <...>, գիտնական Ֆահրիզադեի սպանության գործում սիոնիստական ռեժիմին աջակցության, Իրանի դեմ անօրինական, բռնակալական և միակողմանի պատժամիջոցների կիրառման համար»,- հավելել է Հաթիբզադեն։

Դոնալդ Թրամփի վարչակազմը, պաշտոնավարման վերջին շաբաթվա ընթացքում, էականորեն ուժեղացրել է Թեհրանի վրա ճնշումները՝ պատժամիջոցներ սահմանելով իրանական մի շարք կազմակերպությունների նկատմամբ, որոնք ներգրավված են զենքի վաճառքի գործում։

Լուսանկարը՝ ATTA KENARE/AFP/Getty Images

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter