HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արմեն Միրզոյան

Վաշինգտոնը նախապատրաստվում է Ջո Բայդենի երդմնակալությանը

ԱՄՆ նորընտիր նախագահ Ջոզեֆ (Ջո) Բայդենի երդմնակալության արարողությունը կկայանա հունվարի 20-ին, Վաշինգտոնում։ Մայրաքաղաք Վաշինգտոնը նախապատրաստվում է այդ արարողությանը, սակայն այն էականորեն կտարբերվի երդմնակալության նախորդ արարողություններից։ Պատճառը կորոնավիրուսի համավարակն ու հունվարի 6-ին Կապիտոլիումի վրա նախագահ Թրամփի աջակիցների հարձակումն է։

Ինչպես երդմնակալության նախորդ արարողությունների ժամանակ, Բայդենը Կապիտոլիումի աստիճաններին կարտասանի նախագահական երդումը և այնտեղից կշարժվի Սպիտակ տուն։ BBC-ն ներկայացրել է այն հիմնական գործողությունները, որոնք ձեռնարկվելու են Բայդենի երդմնակալության արարողության անվտանգությունն ապահովելու համար։

Զինվորականների դեսանտ Կոլումբիայի շրջանում

ԱՄՆ Հետաքննությունների դաշնային բյուրոն դեռևս չունի այն հարցի պատասխանը, թե ինչպես են հունվարի 6-ին Թրամփի աջակիցները կարողացել ներխուժել Կապիտոլիումի շենք։ ՀԴԲ-ն նախազգուշացրել է բռնության նոր հնարավոր դեպքերի մասին։ Այդ իսկ պատճառով, երկրի մայրաքաղաք Վաշինգտոնում ուժեղացվել է անվտանգությունը։ 

ԱՄՆ նախագահի երդմնակալության յուրաքանչյուր արարողություն համարվում է «ազգային անվտանգության հատուկ նշանակության իրադարձություն»։ Պատասխանատվությունն ու ղեկավարումն իր ձեռքն է վերցնում ԱՄՆ գաղտնի ծառայությունը. դաշնային գերատեսչություն, որը պատմական ավանդույթի ուժով, բացի առաջին դեմքերի պահպանությունից, զբաղվում է նաև դրամանենգության դեմ պայքարով։

Այս անգամ ծառայությանը կօգնեն նաև Կոլումբիայի շրջանի ոստիկանությունն ու Ազգային գվարդիան։ Ազգային գվարդիայի ուժերը Կապիտոլիումի մոտ տեղակայվել էին դեռ նախորդ շաբաթ։ Ընդհանուր առմամբ, Բայդենի երդմնակալության արարողության ժամանակ Վաշինգտոնում կտեղակայվի 25 000 իրավապահ։ Ընդ որում, Թրամփի երդմնակալության արարողության ժամանակ այդ թիվը կազմել է 8 հազար։ Պենտագոնը Ազգային գվարդիայի ուժայինների մի մասին թույլատրել է զենք կրել։

Երթևեկության սահմանափակում

Ազգային գվարդիայի ուժերի հիմնական խնդիրներից մեկը կլինի Վաշինգտոնի կենտրոնում տեղակայված հսկիչ անցագրային կետերին անձնակազմով ապահովելը, այդ թվում նաև Պոտոմակ գետի հիմնական կամուրջների վրա։ Հունվարի 20-ին կսահմանափակվի «կանաչ գոտի» երթևեկությունը, որտեղ կկարողանան մուտք գործել միայն այն անձինք, որոնք բնակվում կամ աշխատում են Վաշինգտոնի կենտրոնում։ Գլխավոր «կարմիր գոտի», որտեղ կկայանան հիմնական միջոցառումները, հնարավոր կլինի մտնել միայն հատուկ անցագրերով։ Փակվելու են մետրոյի տասնյակ կայարաններ։

Amtrak երկաթուղային ընկերությունը հայտարարել է Կոլումբիայի շրջանում գնացքների թվի կրճատման մասին և ուղևորներին զգուշացրել, որ գնացքներում և կայարաններում նրանք կհանդիպեն բազմաթիվ ոստիկանների։ Ի սկզբանե Ջո Բայդենը հայտարարել էր, որ որոշել է երդմնակալության արարողությանը գալ գնացքով՝ Դելավեր նահանգի Ուիլմինգթոն քաղաքի իր տնից, սակայն երկուշաբթի՝ հունվարի 18-ին, ելնելով անվտանգությունից, փոխել է իր որոշումը։

Երդմնակալության արարողություն

Սովորաբար երդմնակալող նախագահները ձգտում են, որ արարողությանն այցելեն մեծ թվով մարդիկ, սակայն հիմա այդ դեպքը չէ։ Մինչ հունվարի 6-ի իրադարձությունները, երդմնակալության արարողության կազմակերպչական հանձնաժողովը Ջո Բայդենի կողմնակիցներին խնդրել էր մնալ տանը՝ ելնելով կորոնավիրուսի համավարակից։ 2009 թվականին Բարաք Օբամայի երդմնակալության արարողությանը մասնակցել է մոտ 2 միլիոն մարդ։ Հիմա, ԱՄՆ Զբոսայգիների ազգային ծառայությունը ժամանակավորապես փակել է Ազգային ծառուղին, որտեղ սովորաբար հավաքվում են արարողությանը ներկա քաղաքացիները։ Բայդենի կողմնակիցների փոխարեն այգուն զուգահեռ կծածանվեն 200 000 ամերիկյան դրոշներ:

Համացանցում հայտնվել է այն բեմի լուսանկարը, որտեղ նստում են երդմնակալության արարողության մասնակիցները։ Ըստ այդ լուսանկարի՝ մասնակիցների թիվը չի գերազանցի 100-ը։ Աթոռները տեղակայվել են սոցիալական հեռավորության պահանջներին համապատասխան։ Բոլոր հրավիրյալները կլինեն դիմակներով, իսկ նախօրեին էլ կհանձնեն կորոնավիրուսի թեստ։

Երդմնակալության արարողությունից հետո՝ նախագահ Բայդենը և փոխնախագահ Հարիսը, Կապիտոլիումի արևելյան հատվածում, կմասնակցեն ռազմական շքերթի։ Իսկ դրանից հետո Ջո Բայդենը կմեկնի Արլինգթոնյան գերեզմանատուն՝ երկրի խոշորագույն զինվորական պանթեոն։

Երդմնակալության արարողությանը կմասնակցեն նախկին նախագահներ Բարաք Օբաման, Ջորջ Բուշ կրտսերը և Բիլ Քլինթոնը։ Իսկ Դոնալդ Թրամփը որոշել է խախտել սովորույթը և չմասնակցել արարողությանը։

Լուսանկարը՝ Reuters գործակալության

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter