
2024-ի ավարտին ծխախոտային արտադրատեսակի ակցիզային հարկի դրույքաչափը կարող է լինել 35 եվրոյին համարժեք դրամ
Խորհրդարանը հերթական նիստում քննարկեց «Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների ծխախոտային արտադրանքի ակցիզների մասով հարկային քաղաքականության իրականացման սկզբունքների մասին» համաձայնագիրը վավերացնելու մասին հարցը, որով առաջարկվում է ծխախոտային արտադրատեսակների ակցիզային հարկը բարձրացնել:
Նախագիծը ներկայացրեց ֆինանսների փոխնախարար Արման Պողոսյանը, որի խոսքով՝ ԵԱՏՄ անդամ պետությունների միջև տնտեսական համագործակցության և ինտեգրացիոն գործընթացների խորացման համատեքստում կարևոր դերակատարություն է վերապահվում հարկային քաղաքականության ներդաշնակեցմանը:
«Խոսքը մասնավորապես վերաբերում է զգայուն ապրանքների համար սահմանված ակցիզային հարկերի դրույքաչափերի ներդաշնակեցմանը, այս համատեքստում մի գործընթաց է նախաձեռնվել ԵԱՏՄ անդամ երկրների շրջանակում, որի նպատակը գալիք չորս տարիների ընթացքում ծխախոտի արտադրանքի համար ակցիզային հարկի դրույքաչափերի ներդաշնակեցումն է»,- ասաց փոխնախարարը:
Ֆինանսների փոխնախարարի ներկայացմամբ` 2024 թվականի ավարտի համար առաջարկվում է 1000 գլանակի համար 35 եվրոյին համարժեք ազգային արժույթի չափով ակցիզային հարկ սահմանել ծխախոտային արտադրատեսակների համար: Բանակցությունների փուլում որոշվել է ԵԱՏՄ անդամ պետություններին հնարավորություն ընձեռել դեպի ներքև և երբեմն էլ վերև շեղվել ուղենիշային չափից, շեղումների առավելագույն մեծությունը 20 % է:
Փոխնախարարը հիշեցրեց, որ անկախ ԵԱՏՄ-ում ընթացող գործընթացներից Հայաստանում իրականացվում է ակցիզային հարկի դրույքաչափերի աստիճանական բարձրացման քաղաքականություն, ուստի այդ առումով հայաստանյան հարկային քաղաքականությունը համահունչ է ԵԱՏՄ հարկային քաղաքականությանը:
Արման Պողոսյանի խոսքով` այս պահին ծխախոտային արտադրատեսակների ակցիզային հարկի դրույքաչափը 11 070 դրամ է, մինչև 2023-ի ավարտը տարեկան 15 %-ով նախատեսվում է ակցիզային հարկի դրույքաչափի բարձրացում:
«Համաձայնագիրը որոշակի ճկունություն է պարունակում, եթե ազգային արժույթները 15 և ավելի տոկոսի չափով շեղումներ են պարունակում համաձայնագրի ստորագրման օրվանից եվրոյի հետ ունեցած փոխարժեքից, դա հիմք է, որ բանակցվի և նոր ուղենիշներ սահմանվի տվյալ պետության համար»,- ասաց Արման Պողոսյանը:
Մեկնաբանել