HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արմեն Միրզոյան

Ջո Բայդենը պաշտոնապես դարձել է ԱՄՆ նախագահ

Վաշինգտոնում կայացել է ԱՄՆ նորընտիր նախագահ Ջո Բայդենի երդմնակալության պաշտոնական արարողությունը։ Այսպիսով, Ջո Բայդենը դարձել է ԱՄՆ պատմության 46-րդ նախագահը, որը 2009-2017 թվականներին, Բարաք Օբամայի վարչակազմում, զբաղեցրել է նաև ԱՄՆ փոխնախագահի պաշտոնը։

«Ես, Ջոզեֆ Ռոբինեթ Բայդեն կրտսերը, հանդիսավոր երդվում եմ, որ բարեխղճորեն կկատարեմ Միացյալ Նահանգների նախագահի պարտականությունները և իմ ուժերի ներածին չափով կաջակցեմ, կպահպանեմ և կպաշտպանեմ Միացյալ Նահանգների սահմանադրությունը։ Եվ թող ինձ օգնի Աստված»,-երդվել է Բայդենը։

Երդմնակալության արարողությանը մասնակցել են նախկին նախագահներ Բիլ Քլինթոնը, Բարաք Օբաման, Ջորջ Ուոքեր Բուշը, նախկին առաջին տիկիններ Հիլարի Քլինթոնը, Լորա Բուշը, Միշել Օբաման, Ներկայացուցիչների պալատի խոսնակ Նենսի Փելոսին։ Երդմնակալության արարողության ժամանակ հեռացող նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմը ներկայացրել է փոխնախագահ Մայք Փենսը։ Հիշեցնենք, որ Դոնալդ Թրամփը հրաժարվել էր Սպիտակ տանը դիմավորել նորընտիր նախագահ Ջո Բայդենին՝ վաղաժամ լքելով ԱՄՆ նախագահի նստավայրը։ Երդմնակալության արարողության ժամանակ ԱՄՆ օրհներգը կատարել է փոփ երգչուհի Լեդի Գագան։ 

Առաջինը երկու ավետարանների վրա երդվել է փոխնախագահ Քամալա Հարիսը՝ դառնալով ԱՄՆ պատմության 49-րդ փոխնախագահը։ Առաջին ավետարանը պատկանել է առաջին աֆրոամերիկացի դատավոր Թերգուդ Մարշալին, իսկ երկրորդ ավետարանը՝ Ռեգինա Շելթոնին, որին Հարիսը անվանում է «երկրորդ մայր»։ Հարիսը դարձել է ԱՄՆ պատմության առաջին կին փոխնախագահը, ինչպես նաև առաջին փոխնախագահը, որն ունի աֆրոամերիկյան և ասիական ծագումնաբանություն։

Գործող նախագահ Ջո Բայդենի երդմնակալության արարողությունն ընդունել է ԱՄՆ Գերագույն դատարանի նախագահ Ջոն Ռոբերտսը։ Նա երդվել է Բայդենների ընտանեկան ավետարանի վրա, որի վրա երդվել է նաև 2009 և 2013 թվականներին, երբ ստանձնում էր ԱՄՆ փոխնախագահի պաշտոնը։ Ավետարանը Բայդենների ընտանիքում պահվում է 1893 թվականից։

Ջո Բայդենը դարձել է ԱՄՆ պատմության 46-րդ և միայն երկրորդ կաթոլիկ նախագահը։ Երդմնակալության արարողությունից հետո դիմելով ամերիկացիներին՝ Ջո Բայդենը նշել է, որ հունվարի 20-ը ժողովրդավարության հաղթանակի օրն է։ Բայդենը խոսել է նաև հունվարի 6-ին Կապիտոլիումի վրա հարձակման, կլիմայական խնդիրների, ահաբեկչության դեմ պայքարի և ժողովրդավարական արժեքների մասին։ 

Ջո Բայդենը նաև դարձել է ԱՄՆ պատմության ամենածեր նախագահը։ 2020 թվականի նոյեմբերի 20-ին լրացել է Բայդենի 78-ամյակը։ Մինչ այդ երկրի պատմության ամենածեր նախագահը 45-րդ նախագահ Դոնալդ Թրամփն էր։ 

Լուսանկարը՝ AFP-ի

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter