HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արմեն Միրզոյան

Թրամփը հանձնարարել է գաղտնազերծել Ռուսաստանի հետ իր կապի մասին ՀԴԲ փաստաթղթերը

ԱՄՆ նախագահի պաշտոնում իր վերջին օրը՝ հունվարի 19-ին, Դոնալդ Թրամփը հանձնարարել է գաղտնազերծել բոլոր այն փաստաթղթերը, որոնք վերաբերում են Ռուսաստանի հետ ունեցած իր հարաբերություններին և 2016 թվականի նախընտրական քարոզարշավին։ Այդ մասին գրում է Deutsche Welle-ն։ Թրամփը դեռ 2020 թվականի հոկտեմբերին թույլատրել էր գաղտնազերծել ԱՄՆ 2016 թվականի նախագահական ընտրություններին ՌԴ հնարավոր միջամտության վերաբերյալ փաստաթղթերը։

2020 թվականի դեկտեմբերի 30-ին Սպիտակ տունը ԱՄՆ Արդարադատության նախարարությունից ստացել էր փաստաթղթերը։ Թրամփը հայտարարել էր, որ այնտեղ արվել են որոշակի փոփոխություններ, ենթադրաբար Հետաքննությունների դաշնային բյուրոյի կողմից, որն ի սկզբանե դեմ էր դրանց գաղտնազերծմանը։

Դոնալդ Թրամփը և նրա կողմնակիցները ձգտում էին հասնել գաղտնի փաստաթղթերի հրապարակմանը, որը նպատակ ուներ վարկաբեկելու Թրամփի և Ռուսաստանի հնարավոր կապն ուսումնասիրող հանձնաժողովի իրականացրած աշխատանքը։ Հաշվի առնելով այն հանգամանքը, որ Դոնալդ Թրամփը իր պաշտոնը թողել է հունվարի 20-ին, գաղտնազերծված փաստաթղթերի գործնական ազդեցությունը շարունակում է մնալ անհայտ։

Հիշեցնենք, որ 2017 թվականի մայիսին Ռուսաստանի հարցերով հատուկ դատախազ Ռոբերտ Մյուլերի գլխավորած հանձնաժողովը հետաքննում էր Կրեմլի հնարավոր միջամտությունը ԱՄՆ 2016 թվականի նախագահական ընտրություններին։ 2019 թվականի մարտին, ծանոթանալով հետաքննության արդյունքների հետ, ԱՄՆ գլխավոր դատախազ Ուիլյամ Բարը հայտարարել էր, որ զեկույցում չի ժխտվում ընտրություններում Ռուսաստանի միջամտության փաստը, սակայն հանձնաժողովին չի հաջողվել գտնել ապացույցներ այն մասին, որ Թրամփի թիմը կապեր ունի Ռուսաստանի հետ։

Լուսանկարում՝ Ռոբերտ Մյուլերը և Դոնալդ Թրամփը/CNN

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter