HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Որպես օտար թռչուն` հեռավոր Ամերիկայում. ԱՄՆ-ի հայկական եկեղեցին եվրոպական է

(Մաս 1)

Լուսանկարում պատկերված շենքի դիմացը ծածանվող հայկական դրոշն է հուշում, որ շինությունը հայերի հետ որևէ առնչություն ունի: Եթե չլինի գմբեթի դերը կատարող եռանկյունու վրա տեղադրված խաչը, չես էլ կռահի, որ այն կարող է եկեղեցի լինել: Այնուամենայիվ, սա ԱՄՆ-ի Իլինոյս նահանգի Էվանստոն քաղաքում գտնվող Սուրբ Հակոբ եկեղեցին է:

Կիրակի է: Ծաղկազարդ: Եկեղեցու արտաքին տեսքը չի ներդաշնակում ներսի հայկականությանը: Սուրբ Հակոբը դեռ դատարկ է: Խորանի մոտ սարկավագներն են և երգչախումբը: Եկեղեցում 7 մարդ կա, բայց Տեր հայրը սկսում է պատարագը:  

ԱՄՆ Իլինոյս նահանգի Չիկագո քաղաքում և մերձակա քաղաքատեղիներում, որոնք միասին տեղացիները մեծ Չիկագո են անվանում, հայկական հինգ եկեղեցի կա: Էվանստոնը Չիկագոյին կից քաղաք է, ավելի շատ համարվում է «էլիտար թաղամաս», այստեղ սևամորթներ էլ համեմատաբար քիչ կան:

Տեղացիները կատակով ասում են, որ մարդիկ Չիկագոյում աշխատում են, Էվանստոնում` քնում: Երկնաքերեր չկան, ինչպես Չիկագոյում, որտեղ աշխարհի 7-րդ ամենաբարձր երկնաքերն է` Սիրս թաուերը: Էվանստոնում գերակշռում են տիպիկ ամերիկյան երկհարկնի կամ եռահարկ առանձնատները` գերակշիռը սպիտակ, կոկիկ` բոլոր հարմարություններով: Քաղաքը 78 հազար բնակիչ ունի:

Չիկագոյում և մերձակա փոքր քաղաքներում շուրջ 8000 հայ է հաշվարկվում: Համայնքը մեծ չէ, բայց բավականին հին: Սուրբ Հակոբ եկեղեցու քահանա Տեր Հովնան Խոջա-Էյնաթյանն (Hovnan Khoja-Eynatyan) ասում է, որ հայերը Չիկագոյում հայտնվել են 19-րդ դարի վերջում, մեծ մասը` Պոլսից, իսկ Ցեղասպանությունից հետո հոսքը ավելի մեծ է եղել: Հատկապես` Սուրբ Հակոբի ծխականների մեծ մասը Չոմախլու գյուղից է: Հայերի մեծ ներգաղթ եղել է նաև 1990-ականներից հետո, հիմա համեմատաբար նվազել է:

Եկեղեցին հետզհետե մարդաշատ է դառնում, պատարագի կեսից հետո նույնիսկ ազատ նստատեղեր չմնացին: «Տեր ողորմյան», «Սուրբ աստվածը» ներկաներից շատերը գիտեն, ժամանակ առ ժամանակ երգչախմբին են ձայնակցում: Տեր հայրը կամ պատարագի մյուս սպասավորները կարևոր մասերը թարգմանաբար են կրկնում, որ բոլորին հասկանալի լինի: Խոստովանում են, հաղորդություն ստանում, իսկ պատարագին մասնակից փոքրիկ Արտակն ու Հայկը բաժանում են եղեգնի ճյուղերը: Պատարագն ավարտվում է, բոլորը գնում են եկեղեցու նույն շենքում` կից սենյակում փոքրիկ «լանչին»: Տեր հայրը օրհնում է կերակուրը, մարդիկ սկսում են օգտվել և շփվել:

Երբ «Հայաստանեն էկած են»-ը դառնում է անցաքարտ

Ինձ և Հայաստանից իմ մյուս ընկերակցին շատ ջերմ են ընդունում` «Հայաստանէն էկած են»-ով հաջորդաբար և խանդավառ մեկը մյուսին է մեզ ներկայացնում: Շատ հարցեր են տալիս, երկուսը պարտադիր` «երբ եք եկել» և «երբ եք մեկնում»: Հետո հիշում են Հայաստանը, իրենց այցլեություններն այնտեղ, պատմում լավ օրերի մասին, նորից հարցեր տալիս և հրավիրում ճաշի:  Ասում ենք` հնարավոր է չհասցնենք, չորս օրից մեկնում ենք, ծրագիրն էլ, որով եկել ենք, շատ ծանրաբեռնված է, միևնույն է, պնդում են: Նրանց բոլորի աչքերում, հատկապես տարիքավորների, կարոտի անթաքույց փայլ կա, շփվել են ուզում, մերժելուց մեղավոր ես քեզ զգում:

Եկեղեցին միակ տեղն է, ուր տոնական օրերին այդչափ շատ հայեր են հավաքվում և շփվում միմյանց հետ: Հայերեն բարևում են, երկու խոսք փոխանակում, բայց քիչ անց անցնում անգլերենի: Մեր զրուցակիցներից մեկը ցույց է տալիս Չիկագոյում ամենահայտնի` հայկական «Սայաթ-Նովա» ռեստորանի սեփականատիրոջը` Արսեն Դեմիրճյանին: Նա բավականին պատկառելի տարիք ունի և արդեն 35 տարի է` աշխատեցում է իր ռեստորանը, ուր ոչ միայն հայերն են հաճախում, այլև այլազգիներ: Ամերիկյան ընտանիքը, որը մեզ հյուրընկալել է, հայերի մասին խոսելիս ամենաառաջինը հենց «Սայաթ-Նովան» հիշեց` Չիկագոյի կենտրոնում գտնվող և «լուլա քյաբաբով» հայտնի հայկական ռեստորանը:

Տեր Հովնանն ասում է, որ հայերը մեծ Չիկագոյում համախմբված են` հինգ եկեղեցու շուրջ փոքր համայնքներով, բայց մեծ առիթներով միասին են հավաքվում: Օրինակ` այս տարի Սուրբ Հակոբում է նշվելու ապրիլի 24-ի զոհերի հիշատակի օրը: Հայ համայնքը Չիկագոյում ավանդաբար մեծ բարեկենդան է նշում, նույնիսկ ԱՄՆ-ի մյուս նահանգներից են այդ առթիվ գալիս Չիկագո:

Եկեղեցին միայն կիրակիներին է բացվում, մյուս օրերին փակ է լինում, նախ որովհետև այցելուներ չեն լինում, երկրորդ` անվտանգությունից ելնելով: Եկեղեցական համայնքն այստեղ ստեղծվել է 1945 թվականին, և1946-ին հայ համայնքը գնել է շվեդանորվեգական մեթոդիստական եկեղեցու շենքը, որը կառուցվել է 19-րդ դարի վերջում: Շենքը իր ճարտարապետական արժանիքների համար պատմական նշանակություն ունի: Եկեղեցում այն ժամանակ եղել է Աբրահամ Լինքոլնի գրակալը, որը վերջինս օգտագործել է նախընտրական քարոզարշավի ժամանակ: Սակայն թե ինչ է եղել այդ գրակալի հետ, հայ համայնքի հոգևոր հովիվը տեղյակ չէ, հավանական է համարում, որ գնացողներրը գրակալը տարել են իրենց հետ:

Տեր հայրը, քահանա դառնալով, չի դադարել երաժիշտ լինել

«Երաժիշտ էի, մինչև հիմա էլ երաժիշտ եմ, այսինքն` երաժիշտ լինելուց չդադարեցի, եթե գիտես գործիք նվագել, չես կարող մոռանալ»,- ասում է Սուրբ Հակոբ եկեղեցու քահանա Տեր Հովնան Խոջա-Էյնաթյանը:

12 տարի Վաշինգտոնում ապրելուց և երաժշտությամբ զբաղվելուց հետո Տեր Հովնանը որոշել է քահանա դառնալ, ասում է` որովհետև «Տերը կանչեց» և դա իր կոչում է: Երկու տարին չի լրացել, ինչ ստանձնել է Էվանստոնի Սուրբ Հակոբ եկեղեցու  հովվապետությունը:

Նա հարվածային գործիքներ է նվագում: Մի քանի տարի Երևանի ֆիլհարմոնիկ նվագախմբում է աշխատել: Խոստովանում է, որ հիմա էլ, եթե առիթ  է լինում, երբեմն նվագում է, բայց մեծ համերգների այլևս չի մասնակցում: Քահանայությունը կամ սարկավագությունը տուն չեն պահում: Նրանք իրենց հացը դրսում են վաստակում: Սարկավագները և խորանի մյուս սպասավորները միայն կիրակի են ծառայում եկեղեցուն:

Շաբաթվա մյուս օրերին նրանք ատամնաբուժ են, խանութներ ունեն և չեն գալիս եկեղեցի: Տեր հայրը օրինակ է բերում պատարագի մասնակից սարկավագ Լևոնին, ով նույն եկեղեցու նախկին հովիվն էր և երկու նոր սննդի կետ է բացել մեծ Չիկագոյում: Իսկ մինչ Լևոնի «Սյունիք» ռեստորան հասնելը` եկեղեցուց պետք է դուրս գալ. մուտքի մոտ սևամորթ մուրացկանն է սպասում, նույնիսկ եղեգից խաչ է սարքել` հայ այցելուներին հաճոյանալու համար:

շարունակելի

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter