
7.4 մլն դոլար վարկային համաձայնագրով կարդիականացվեն Մարտունու և Վայոց ձորի բժշկական կենտրոնները
Կառավարությունն այսօրվա՝ հունվարի 21-ի նիստում, հավանություն տվեց Հայաստանի և Վերակառուցման և զարգացման միջազգային բանկի միջև «Հիվանդությունների կանխարգելման և վերահսկման ծրագրի համար լրացուցիչ ֆինանսավորում» վարկային համաձայնագրի ստորագրման առաջարկությանը: Համաձայնագրով նախատեսվում է 7.4 մլն դոլար գումարի տրամադրում:
Հայաստանի և Միջազգային զարգացման ընկերակցության միջև դեռևս 2013 թվականի մայիսին ստորագրված համաձայնագրի շրջանակներում 35 մլն ԱՄՆ դոլարին համարժեք գումարը նախատեսված էր Գեղարքունիքի մարզի «Մարտունի ԲԿ»-ի և Վայոց ձորի մարզային հիվանդանոցի արդիականացման աշխատանքների համար:
Հայաստանի և Միջազգային զարգացման ընկերակցության միջև 2020թ․ մարտի 6-ին կնքված համաձայնագրի փոփոխությամբ Վայոց ձորի մարզի նոր մարզային հիվանդանոցի կառուցման և հագեցման աշխատանքները հանվել էին վարկային ծրագրից՝ հաշվի առնելով նախահաշվային փաստաթղթերով նախատեսված շինարարական աշխատանքների բարձր արժեքը։
Արդյունքում՝ նպատակահարմար էր համարվել վարկային ծրագրում թողնել միայն Մարտունու ԲԿ-ի արդիականացման աշխատանքները։ Սակայն վարկային նոր համաձայնագրով հնարավոր կլինի արդիականացնել և՛ Մարտունու, և՛ Վայոց ձորի բժշկական կենտրոնները: Վայոց ձորի բժշկական կենտրոնի նախագիծն արդեն պատրաստ է: Վայոց ձորի նորակառույց մարզային հիվանդանոցը կտեղակայվի Եղեգնաձոր քաղաքում:
Հայաստանի Հանրապետությունում COVID-19-ի համավարակին հնարավորինս արագ և արդյունավետ հակազդելու, և երկրի բժշկական կազմակերպությունները անհրաժեշտ բժշկական սարքավորումներով, պարագաներով և այլ ապրանքատեսակներով համալրելու հրատապ անհրաժեշտությամբ պայմանավորված՝ Կառավարությունը նաեւ դիմել է Համաշխարհային բանկին՝ վարկային ծրագրից 3 մլն ԱՄՆ դոլար գումարը վերաբաշխելու և COVID-19-ին դիմակայելու համար երկրին անհրաժեշտ սարքավորումներ ձեռքբերելու նպատակով։
Ֆինանսավորման համաձայնագրի փոփոխությամբ վարկային ծրագրի շրջանակներում Գեղարքունիքի մարզի Մարտունու ԲԿ նոր շենքի կառուցման շինարարական աշխատանքների համար նախատեսված 3 մլն ԱՄՆ դոլար գումարը վերաբաշխվել է և ծախսվել՝ COVID-19 համավարակին դիմակայելու համար անհրաժեշտ բժշկական նշանակության ապրանքներ ձեռք բերելու նպատակով։
«Արդյունքում առաջացել էր դեֆիցիտ 3մլն ԱՄՆ դոլարի չափով: Անհրաժեշտություն է առաջացել Մարտունու ԲԿ-ի կառուցումը ամբողջական ավարտին հասցնելու համար լրացնել այդ գումարը և շարունակել Վայոց ձորի ծրագիրը»,- նշեց Առողջապահության նորանշանակ նախարար Անահիտ Ավանեսյանը:
Վերջինս հիշեցրեց, որ և՛ Մարտունու, և՛ Վայոց ձորի բժշկական կենտրոնները ռազմավարական կարևորություն ունեն, և երկուսն էլ գտնվում են ոչ այնքան բարվոք վիճակում։ Ավանեսյանի խոսքով՝ նման հագեցած բժշկական կենտրոնների առկայությունը կնպաստի մարզերում առողջապահական որակյալ ծառայությունների մատուցմանը:
Լուսանկարում՝ «Մարտունու բժշկական կենտրոն»-ը
Մեկնաբանել