
Պատերազմում վիրավորված անձանց ֆունկցիոնալ պրոթեզավորում կիրականացվի
Պատերազմին մասնակցած և պրոթեզավորման կարիք ունեցող անձանց համար կիրականացվի միջազգային բոլոր չափանիշներին համապատասխան ֆունկցիոնալ պրոթեզավորում: Նախագիծը քննարկվեց Կառավարության հունվարի 21-ի նիստում:
Գործող կարգավորումների համաձայն՝ պրոթեզովորման կարիք ունեցող անձինք դիմում են Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն, և բուժատեխնիկական հանձնաժողովի որոշման հիման վրա նրանց տրվում է հավաստագիր, որի միջոցով իրականացվում է պրոթեզավորում: Սակայն առկա կարգավորումները թույլ չեն տալիս առավել ֆունկցիոնալ պրոթեզավորում իրականացնել:
«Նոր կարգավորմամբ պրոթեզավորման կարիք ունեցողների համար կիրականացվի միջազգային բոլոր չափանիշներին համապատասխանող ֆունկցիոնալ պրոթեզավորում: Մասնավորապես, ներկայացվող ընթացակարգը ենթադրում է բուժատեխնիկական հանձնաժողովի փոխարեն ստեղծել ավելի լայն մասնագիտական կարողություններ ունեցող հանձնաժողով, այդ թվում՝ արտերկրից հրավիրված մասնագետների: Անձի անհատական կարիքների գնահատում է կատարվելու: Այդ կարիքների գնահատման հիման վրա յուրաքանչյուր անձի մասով կունենանք անհատական պրոթեզի չափանիշներ: Այնուհետև տրամադրված հավաստագրերի հիման վրա հանձնաժողովի վերահսկողության միջոցով կիրականացվի պրոթեզների տեղադրման գործընթացը»,- նշեց աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Մեսրոպ Առաքելյանը:
Նախատեսվում է նաև առկա պրոթեզարանների նկատմամբ չափանիշների փոփոխություն՝ համապատասխան մասնագետների ներգրավում և ուսուցում:
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շեշտեց, որ որոշման հիմնական նպատակները երկուսն են. առաջին` ռազմական գործողությունների հետևանքով պրոթեզավորման կարիք ունեցողների պրոթեզավորման գործընթացը հնարավորինս արագ և հարմարավետ կազմակերպել, երկրորդ՝ պրոթեզների որակը բարձր մակարդակի բերելը:
Փոխվարչապետ Տիգրան Ավինյան էլ առաջարկեց նախագիծն այսօր քվեարկության չդնել, այլ վաղն ընդունել գրավոր քվեարկությամբ, քանի որ կիրառման կարգերին առնչվող նրբություններ կան, որոնք պետք է հստակեցվեն:
Մեկնաբանել