HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Բժիշկ Նարեկ Մեսրոպյանը զոհվել է վիրավոր զինվորին օգնության հասնելիս

31-ամյա ռազմական բժիշկ, մայոր Նարեկ Մեսրոպյանի մասին նրա կինն ու քույրը անցյալով չեն խոսում: Բժշկի կինը՝ Աննա Սիմոնյանը, մեզ ուղեկցում է հյուրասենյակ. սեղանի մի անկյունում զոհված ամուսնու նկարն է, լուսանկարների ալբոմները, մեդալները։ 

Նարեկի քույրը՝ Դիանա Մեսրոպյանն, առանձնացրել էր եղբորից մնացած արխիվային տեսանյութերը, մանկության տարիների կադրերը։ Միասին մի քանի կադր նայեցինք։ «Ես խաղաղություն եմ ուզում, որ մարդիկ էլ չհիվանդանան, հայրիկները տուն գան․․․․»,- այսպիսին էին 7-ամյա Նարեկի ցանկությունները։

Ստեփանակերտցի Նարեկը 2 տարեկան էր, երբ սկսվել էր Արցախյան առաջին պատերազմը, հայրը զինվորական էր: «Իր բախտը բերեց, երազանքը կատարվեց, հայրը վերադարձավ, բայց ինքը չվերադարձավ ու իր որդին մնաց առանց հոր, երազանքներն էլ՝ անավարտ․․․․.»,- ասում է Դիանան։

Դիանան իջեցնում է տեսանյութի ձայնը, դրվագներ պատմում իր, եղբոր ու ավագ քրոջ մանկությունից։ 

«Մենք, որ հավաքվում էինք, իր ընկերները, իմ ու իր քույրերը, անընդհատ կատակներ էր անում, իր ներկայությամբ ժպտում էինք, Նարեկի բացակայությունը բոլորս ենք զգում»,- ասում է կինը՝ Աննա Սիմոնյանը։

Երաժշտի (մայրը խմբավար է) ու զինվորականի ընտանիքում ծնված Նարեկը մանկուց իր վոկալով, դերասանական կարողություններով տարբերվել է հասակակիցներից, սակայն ընտրել բժշկի մասնագիտությունը: Հոր մասնագիտությունն էլ իր ազդեցությունն է ունեցել, եւ ուսումնառության ընթացքում Նարեկն ընտրել է ռազմական բժշկի մասնագիտացումը։

Նարեկը եւ Աննան դասընկերներ են, սովորել են Ստեփանակերտում, դպրոցն ավարտելուց հետո մի երեկո Նարեկն Աննային հրավիրել է հանդիպման եւ խոստովանել իր զգացմունքները։

Նարեկն ընդունվել է Հերացու անվան պետական բժշկական համալսարան, իսկ Աննան ուսումը շարունակել Արցախի պետական համալսարանում: «Յոթ տարի շարունակ Նարեկն ամեն շաբաթ-կիրակի Արցախ եկավ, չթողեց կարոտեմ, չթողեց, որ հեռավորություն զգամ»,- խոսքը շարունակում է Աննան։

7 տարի հետո՝ 2014թ․-ին, ամուսնացել են, ծնվել է նրանց առաջնեկը՝ Տիգրանը։ Մայրն ասում է, որ որդին արդեն որոշել է բժիշկ դառնալ։

«Տիգրանը մի օր եկավ, ասաց՝ մամ, ես գիտեմ, որ պապան էլ չի գալու, բայց որ հարցնում եմ, դու ասա՝ գալու է։ Հիմա էլ աշխատում ենք իր մոտ շատ չխոսել, որ չտխրի»,- ասում է Աննան։ 

Նարեկ Մեսրոպյանը Միքայելյան համալսարանական հիվանդանոցի դիմածնոտային վիրաբուժության բաժանմունքի կլինիկական օրդինատոր էր։ Այս տարի ավարտելու էր ուսումն ու աշխատանքի անցներ Ստեփանակերտի հիվանդանոցում, պայմանագիր ուներ։ Սեպտեմբերի 27-ին Արցախում սկսված պատերազմի մասին լուրն իմանալուց հետո Նարեկը մեքենա է գտել ու ծննդավայր մեկնել։

Արցախ հասնելուց հետո բժիշկը ծառայության է անցել Իվանյանի զորամասում՝ որպես բուժծառայության պետ։ Ընտանիքին ասել էր, որ Ստեփանակերտի հիվանդանոցում է աշխատելու, մասնակցելու վիրահատություններին, որպեսզի ծնողները, կինը չանհանգստանան՝ նույնիսկ ընկերներին էր զգուշացրել՝ իր գտնվելու վայրի մասին որեւէ մեկին չասել։ Նարեկը մասնակցել էր նաեւ ապրիլյան քառօրյա պատերազմին, որի մասին ընթացքում ընտանիքում միայն հայրն է իմացել։ Պատերազմի ավարտից հետո էին հարազատները տեղեկացել, որ Թալիշում է եղել։

Այդ պատճառով էլ Աննան միշտ փորձել է պատերազմի ընթացքում ճշտել Նարեկի գտնվելու տեղը: «Զանգում էր, հարցնում էի ինչու «Viber»-ով կամ «whatsapp»-ով չես կապվում, պատասխան ուներ՝ կապերը թույլ են, խոսակցության ընթացքում այնպես էր կազմակերպել, որ բուժանձնակազմը կողքից խոսա, իբր վիրահատարանում են, որ ոչինչ չկասկածեմ, որ չանհանգստանամ, հետո էդ ամենը Նարեկի ընկերներն են պատմել»,- ասում է Աննան։ 

Զրույցի ընթացքում մեզ է միանում Նարեկի մարտական ընկերը՝ բժիշկ-օրդինատոր Գևորգ Միրզոյանը, պատմում, թե ինչպես են Ստեփանակերտի նույն բակի տղաները՝ ինքն ու Նարեկը, հանդիպել պատերազմների ընթացքում։

«Մի բակում էինք ապրում, Ստեփանակերտից ծանոթ էինք, հետո միասին ԵՊԲՀ-ում ենք սովորել։ Ապրիլյանի ժամանակ էլ ես իրեն փոխարինել էի, միշտ հանդիպում էինք իրար։ Էս անգամ էլ, գնացի Իվանյանի զորամաս, տեսա՝ Նարեկը նստած էր, ես բուժկետի պետն էի, ինքը՝ ծառայության, Նարեկը նույնիսկ կատակեց, թե խաղաղ լինի, հո չենք հանդիպի»,- հիշում է Գևորգը։

Նարեկ Մեսրոպյանը վիրավորվել է հոկտեմբերի 11-ին, հրթիռակոծության հետեւանքով շտապօգնության մեքենան շրջվել է, եւ բուժանձնակազմը տարբեր աստիճանի վնասվածքներ է ստացել։ Այդ օրն Աննան չի կարողացել կապվել ամուսնու հետ, հասկացել է՝ մի բան այն չէ, առավոտյան տեղեկացել են դեպքի մասին։

«Վիրավոր կար, պիտի գնայինք, բերեինք, հետո իմացանք, որ ծանր չէ, Նարեկն ինձ ասաց, որ իմ կարիքը չկա, ինձ մեքենայից իջացրեց, հեռախոսն էլ տվեց ինձ ու գնացին։ Դեպի Ակնայի ուղղությամբ շարժվեցին, հինգ րոպե հետո իմացանք, որ ճանապարհը հրթիռակոծվում է։ Դրանից տասը րոպե հետո իմացա, որ ավտոն շուռ է եկել»,- ասում է Գևորգը։

Նրա խոսքով՝ Նարեկն այդ օրը ինչ-որ բան է կանխազգացել, տան բանալիները, որոնք միշտ գրպանում է պահել, դրել է դարակի մեջ, տղաներին խնդրել է իր հետ լուսանկարվել, թեև լուսանկարվել չի սիրել, վիրավորի հետևից գնալուց առաջ էլ հեռախոսն է տվել։

Վիրավորվելուց հետո Նարեկին տեղափոխել են Երևան, մեկ շաբաթ Էրեբունի բժշկական կենտրոնում մնալուց հետո մահացել է։ Բժիշկ, մայոր Նարեկ Մեսրոպյանը հուղարկավորվել է Եռաբլուրում։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter