HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արմեն Միրզոյան

Երեք տարվա մեջ առաջին անգամ ահաբեկչություն Բաղդադում. կան տասնյակ զոհեր և վիրավորներ

Նախնական տվյալներով առնվազն 32 մարդ է զոհվել և ևս 110-ը վիրավորվել Իրաքի մայրաքաղաք Բաղդադում տեղի ունեցած ահաբեկչության արդյունքում։ Այդ մասին գրում է BBC-ն՝ հղում անելով Իրաքի առողջապահության նախարարությանը։ Բաղդադի շուկայում տեղի է ունեցել երկու պայթյուն, որն, ըստ նախնական տվյալների, իրականացվել է մահապարտ ահաբեկիչների կողմից։

Իրաքի զինված ուժերի ներկայացուցիչը հայտնել է, որ մահապարտները պայթել են Բաղդադի Բաբ ալ Շարքի շրջանի Թայարան հրապարակում տեղակայված շուկայում։ Նրա խոսքերով՝ հատուկ ծառայությունների աշխատակիցները հետապնդել են մահապարտներին, սակայն չեն կարողացել զինաթափել։

Վերջին անգամ Բաղդադում մահապարտների մասնակցությամբ ահաբեկչության տեղի էր ունեցել 2018 թվականի հունվարին։ Վերջին տասնամյակում նման հարձակումների արդյունքում զոհվել են Իրաքի քաղաքացիական բնակչության հարյուրավոր ներկայացուցիչներ։ Մինչ այս պահը ահաբեկչական խմբավորումներից որևէ մեկը չի ստանձնել հարձակման պատասխանատվությունը, սակայն վերջին տարիներին Իրաքում նման հարձակումները կազմակերպվել են «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման անդամների կողմից։ «ԴԱԻՇ-ի ահաբեկիչները կարող են կանգնած լինել այս հարձակումների հետևում»,- նշել է Իրաքի քաղաքացիական պաշտպանության ուժերի հրամանատար, գեներալ-մայոր Քադիմ Սալմանը։  

Մինչ «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման դեմ միջազգային ռազմագործողության մեկնարկը, ահաբեկչական խմբավորման ջիհադիստները հասցրել էին Իրաքում և Սիրիայում գրավել շուրջ 88 հազար քառակուսի կիլոմետր տարածք, ինչն ավելի մեծ է, քան Ավստրիայի կամ Չեխիայի տարածքը։ Նրանց տիրապետության տակ էր հայտնվել Իրաքի Մոսուլ և Սիրիայի Ռաքքա խոշոր քաղաքները։ 

Այս շաբաթ, ավելի վաղ, Իրաքի էներգետիկայի նախարարությունը հայտարարել էր, որ ծայրահեղականները հարձակումներ են գործել նաև ենթակառուցվածքային օբյեկտների ուղղությամբ։

Լուսանկարը՝ REUTERS/Thaier al-Sudani

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter