
Հայերեն քարոզել անգլերեն. քահանան նման երկընտրանք չունի՞
Հարցազրույց Էվենստոնի Սուրբ Հակոբ եկեղեցու քահանա Տեր Հովնան Խոջա-Էյնաթյանի (Hovnan Khoja-Eynatyan) հետ
Ծխական դպրոցներ կա՞ն Չիկագոյի եկեղեցիներին կից:
Արևմտյան թեմում հիմնականում բոլոր եկեղեցիներն ունեն հայկական և կիրակնօրյա դպրոց որտեղ կրոն ենք սովորեցնում: Չիկագոյում հայկական դպրոցներ եկեղեցիներում չունենք, որովհետև Հայ բարեգործական ընդհանուր միությունն ունի իր հայկական դպրոցը, շաբաթ օրը բոլոր ծխերից երեխաները գնում են Չիկագոյի այդ դպրոցը: Այլևս մենք շաբաթօրյա դպրոց պահելու կարիք չունեն, այս ձևով նաև սատարում ենք ՀԲԸՄ-ի դպրոցին, որ երեխաներն այնտեղ գնան: Բայց ամեն եկեղեցի ունի կիրակնօրյա դպրոց, որտեղ փոքրերը կիրակի օրերը գնում են և կրոնի դասընթացներ են անցնում: Առաջին շարքում, որ երեխաները նստած էին, մեր կիրակնօրյա դպրոցի երեխաներն էին:
Բոլոր կիրակիները պատարագ ունե՞ք, տեղացի հայերը համեմատաբար ավելի քի՞չ են գալիս, քան որևէ տոնական օրերին:
Անշուշտ: Հայաստանում էլ ծաղկազարդին, զատիկին ավելի շատ մարդ ենք ունենում:
Ինչո՞ւ պատարագի մեծ մասը անգլերենով անցկացրիք:
Որովհետև ժողովուրդն ուրիշ լեզու չի հասկանում: Բոլորը, ի վերջո, անգլերեն հասկանում են: Մարդիկ, ովքեր հայերեն հասկանում են, անգլերեն էլ են հասկանում: Բայց որպեսզի հայերենը պահենք, և հետո իրենք հայախոսներ են, և ավանդութականներին կարևոր է, որ հայերեն խոսես, հայերն ես խոսում:
Գրեթե մարդ չկա, ով անգլերեն չի հասկանում, կարող ես ամբողջ քարոզը անգլերեն տաս, միևնույն է, բոլորը կհասկանան: Բայց հայկական եկեղեցի է, հայ ենք, մանավանդ փոքրիկների համար, հայերեն ենք քարոզում:
Եթե ամբողջությամբ հայերեն քարոզեք, չե՞ն հասկանա:
Ոչ: Այստեղ կան մարդիկ, ովքեր ծնվել են այստեղ, բառ անգամ չգիտեն հայերեն, «Հայր մերը» անգիր կասեն, բայց բառ անգամ չեն հասկանում: Ես խնդիր չունեմ դրա հետ: Եթե նրանց պետք է քարոզենք, Աստծո խոսքը հասցնենք, կապ չունի ինչ լեզվով կհասցնենք, կարևորը գաղափարը, Աստծո խոսքը հասցնելն է: Թարգմանիչները մեր ինչի՞ համար թարգմանեցին, տառերը ինչի՞ համար ստեղծեցին: Որ ժողովրդի հասկանալի խոսքերով Աստծո խոսքը բացատրենք: Հիմա սրանք անգլերեն են հասկանում, իրենց կրթել, հայերեն սովորեցնելն անիմաստ բան է ու իմ գործը չէ, իմ գործը Աստծո խոսքը քարոզելն է: Ես էլ մեծ հաճույքով անգլերեն չէի քարոզի:
Պատարագին բավականին շատ երեխաներ կային, իրենց համար կրոնը ինչ-որ խորհրդանիշ ունի՞, ասենք` միասնության, թե՞ ծնողներն ասում են` պետք է գնալ, գալիս են եկեղեցի:
Տարբեր: Ինչպես ամեն տեղ, ոչ թե ընտանիքից ընտանիք է տարբեր, այլ երեխաների զարգացման տարբեր փուլեր են լինում: Իմ երեխային, այո, հիմա ես չեմ էլ հարցնում, գիտի` կիրակի է, գնում ենք եկեղեցի, բայց պահ է գալիս, որ ինքն ինձ պիտի ասի` չեմ ուզում գալ, պիտի ստիպեմ իրեն` մինչև ինքը հասկանա և ուզենա գնալ… տարբեր փուլերով պիտի անցնել: Ոմանց ստիպում ենք, ու պիտի անենք, որովհետև դա կնքահայրերի պարտականությունն է` այդ երեխաների կրոնական դաստիարակությունը: Պահ կա, որ պիտի ստիպես, որպեսզի ի վերջո հասկանան, բայց երեխաներ կան, որ իրենց համար եկեղեցին տեղ ունի:
Եկեղեցին ինչպե՞ս է գոյատևում:
Ամբողջությամբ եկեղեցիները Միացյալ Նահանգներում և սփյուռքում ծխականների նվիրատվությունների շնորհիվ են գոյատևում: Այստեղ գոյություն ունի անդամություն, ինչը իմ համար, որպես Հայաստանից եկածի համար, խորդ բան էր: Եվ իրոք, տարբեր անդամության ձևեր կան: Ամեն մեկս, որ մկտրվել է եկեղեցու մեջ, հայ եկեղեցու անդամ ենք, բայց կան տրատու անդամենր, որոնք անդամավճար են վճարում:
Եվ որքա՞ն է անդամավճարը:
Տեղից տեղ տարբեր է: 100-350 $ տարեկան: Բայց, անշուշտ, մարդիկ նվիրատվություններ են անում: Շռայլություն եկեղեցին չի անում, միայն լույսը պահես վառ, միայն կարողանաս արարողություն ունենալ, դռները բաց պահես:
Մեկնաբանել