HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արմեն Միրզոյան

ՄԻԵԴ-ը չապացուցված է համարել ռուս-վրացական հակամարտության համատեքստում ՌԴ նկատմամբ Վրաստանի մեղադրանքները

Մարդու իրավունքների եվրոպական դատարանը, քննելով «Վրաստանն ընդդեմ Ռուսաստանի (II)» գործը, համարել է, որ Ռուսաստանը չի կարող պատասխանատու համարվել այն իրադարձությունների համար, որոնք տեղի են ունեցել 2008 թվականին Հարավային Օսիայում և Աբխազիայում վրացի զինվորականների հարձակման հետմղման ժամանակ: Այդ մասին գրում է «Новая газета»-ն՝ հղում անելով ՄԻԵԴ պաշտոնական կայքում հրապարակված տվյալներին։

ՄԻԵԴ-ը հայտարարել է, որ Ռուսաստանը Հարավային Օսիայի նկատմամբ 2008 թվականի օգոստոսի 8-12-ը իրավազորություն չի ունեցել, քանի որ ընթացել են զինված բախումներ տարածքի նկատմամբ վերահսկողության համար։ «Ռուսաստանը պարտավոր էր հետաքննել այդ իրադարձությունները՝ միջազգային մարդասիրական իրավունքի և ներքին օրենսդրության նորմերի հիման վրա»,- նշել է ՄԻԵԴ-ը՝ հավելելով, որ արդար փոխհատուցումը պետք է որոշվի ավելի ուշ։ 

Դատարանը նշել է, որ չնայած մարտական գործողությունների ակտիվ փուլի ընթացքում տեղի ունեցած իրադարձությունները չեն եղել Ռուսաստանի իրավազորության ներքո, վերջինս դրանից հետո «արդյունավետ վերահսկողություն» է հաստատել այդ տարածքների նկատմամբ։ «Հաշվի առնելով, որ ռուս զինծառայողների շրջանում բոլոր պոտենցիալ կասկածյալները գտնվում են կամ Ռուսաստանի Դաշնությունում, կամ նրա վերահսկողության տակ գտնվող տարածքներում, Վրաստանին չի հաջողվել համարժեք և արդյունավետ հետաքննություն իրականացնել»,- նշվում է ՄԻԵԴ որոշման մեջ։

«Վրաստանն ընդդեմ Ռուսաստանի (II)» գործի առարկան 2008 թվականի օգոստոսին Աբխազիայում և Հարավային Օսիայում տեղի ունեցած իրադարձություններն ու դրանց հետևանքներն էին։ 2008 թվականի օգոստոսի 7-ի լույս 8-ի գիշերը Վրաստանի զինված ուժերը հարձակվել էին Հարավային Օսիայի վրա և մտել Ցխինվալ։ Փոխարենը Ռուսաստանը ևս իր զորքերը մտցրել էր Հարավային Օսիայի տարածք և 5 օրվա ընթացքում վրացական զորքերին դուրս մղել տարածաշրջանից։

Հակամարտության արդյունքում Ռուսաստանը ճանաչել էր Աբխազիայի և Հարավային Օսիայի անկախությունը, որոնք, ավելի վաղ, մտնում էին Վրաստանի կազմում։ Մարտական գործողությունների արդյունքում զոհվել էր ավելի քան 650 մարդ։

Լուսանկարը՝ Reuters գործակալության

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter