HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Պետքարտուղարի թեկնածու Էնթոնի Բլինկենը վերահաստատում է Բայդենի խոստումը Հայոց ցեղասպանության վերաբերյալ

«Ամերիկայի հայկական համագումար» կազմակերպության հանրային կապերի բաժինը հրապարակել է ԱՄՆ Պետքարտուղարի պաշտոնի համար առաջադրված Էնթոնի Բլինկենի կարծիքը՝ նախագահ Բայդենի խոստումը ելույթի առնչությամբ: 

«Վաշինգտոն – Ի պատասխան Սենատի Արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Բոբ Մենենդեզի (Դեմոկրատ, Նյու Ջերսի) ու Սենատոր Էդ Մարքիի (Դեմոկրատ, Մասաչուսեթս) կողմից բարձրացված հարցերին` ԱՄՆ Պետքարտուղարի պաշտոնի համար առաջադրված Էնթոնի Բլինկենը վերահստատեց Բայդեն-Հարիս թիմի նախընտրական քարոզարշավի խոստումը` «ճանաչել Հայոց ցեղասպանությունը», ինչպես նաև արտահայտվեց Լեռնային Ղարաբաղի (Արցախի) խաղաղ կարգավորման գործընթացի կարևորության մասին` ի թիվս այլ հարցերի, հաղորդեց Ամերիկայի հայկական համագումարը (Համագումար):

Պատասխանելով Հայոց ցեղասպանության վերաբերյալ Սենատոր Մարքիի հարցին` Պետքարտուղարի պաշտոնի համար առաջադրված Բլինկենը վերահաստատեց Բայդենի խոստումը՝ ճանաչել Հայոց ցեղասպանությունը. «Որպես նախագահի թեկնածու, նախագահ Բայդենը Հիշատակի օրվա իր հայտարարության մեջ խոստացավ սատարել Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձև:

Մեր վարչակազմը պարտավորվելու է առաջնահերթություն տալ մարդու իրավունքներին և ապահովել, որ նման ողբերգություն չկրկնվի: Վարչակազմը, պաշտոնում հաստատվելուց հետո, կձևավակերպի Սպիտակ տան հայտարարության տեքստը՝ Հիշատակի օրը նշելու համար և կխորհրդակցի Կոնգրեսի հետ այս կարևոր հարցի վերաբերյալ»:

Ի հավելումն Հայոց ցեղասպանության, Բլինկենը հայտարարեց, որ Վարչակազմը «նորովի կվերսկսի ԱՄՆ-ի ներգրավվածությունը` գտնելու Լեռնային Ղարաբաղի հակամարտության մշտական կարգավորում, որը կպաշտպանի Լեռնային Ղարաբաղի անվտանգությունը»: Համագումարը լիովին սատարում է այս դիրքորոշումը:

Արցախի ժողովրդի ապահովությունն ու անվտանգությունը խիստ կարևոր են, նույնքան կարևոր է ռազմագերիների անհապաղ ազատումը, ովքեր դեռ պահվում են Ադրբեջանի կողմից՝ անկախ բոլոր ռազմագերիներին ազատելու պայմանավորվածությունից: Հաշվի առնելով վեցշաբաթյա պատերազմը, որն Ադրբեջանը սանձազերծեց հայ ժողովրդի դեմ, Բլինկենը նշեց, որ Վարչակազմը «կվերանայի» Ադրբեջանին տրամադրվող ԱՄՆ անվտանգության աջակցությունը:

Համագումարը վճռականորեն աջակցում և հորդորում է Բայդեն-Հարիս վարչակազմին լիովին իրագործել Ազատության աջակցության ակտի 907 Բանաձևը, որն ընդունվել էր 1992թ.-ին՝ ի պատասխան Հայաստանի և Արցախի դեմ Ադրբեջանի թշնամական գործողություններին:

Բլինկենը նաև պարտավորվեց աշխատել՝ ապահովելու, որ պատերազմի պատճառով ծագած հայ ժողովրդի մարդասիրական կարիքները բավարարվեն և ընդգծեց իր հաստատուն աջակցությունը «Լեռնային Ղարաբաղում ականազերծման ջանքերի համար ԱՄՆ ֆինանսավորմանը», որը նախորդ վարչակազմի պաշտոնավարման ժամանակ աստիճանաբար կասեցվել էր:

Բացի այդ, Բլինկենը ընդգծեց իր աջակցությունը «Հայաստանին անվտանգության աջակցության և ժողովրդավարական կառավարման ամրապնդման ու տնտեսական աճի խթանման նպատակով օգնության տրամադրմանը», որոնք երկուսն էլ կնպաստեն Հայաստանի անվտանգության և դիմացկունության ամրապնդմանը»,- ասված է հաղորդագրության մեջ:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter