HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արմեն Առաքելյան

Մեկնարկային լիցքավորում կամ 9-ի մրցուղին

Կենտրոնական ընտրական հանձնաժողովը խորհրդարանական ընտրություններին մասնակցելու համար պաշտոնապես գրանցեց հայտ ներկայացրած 8 կուսակցությունների և մեկ դաշինքի: Դա նշանակում է, որ եթե նրանցից որևէ մեկը մնացած մեկ ամսվա ընթացքում ինքնաբացարկի չգնա, համամասնական ընտրակարգով քվեաթերթիկների վրա լինելու է ինը քաղաքական ուժի անուն:

Իրականում, սակայն, ընտրողները գործ են ունենալու 7 կուսակցությունների և երկու դաշինքների հետ, որովհետև «Ժառանգությունը» փասատցի ոչ թե միայն իր, այլ «Ազատ դեմոկրատներ» կուսակցության հետ համատեղ ցուցակ է ներկայացրել: Սակայն էականը ոչ թե դա է, այլ այն, թե ինչ ուժերի հետ գործ ունենք, ինչ կապիտալով են նրանք մեկնարկում ընտրությունները և ինչ շանսեր ունեն առհասարակ: Այս իմաստով ընտրություններին մասնակցող ուժերը բաժանվում են երեք հստակ կատեգորիայի. հեգեմոն ուժեր, ֆոնային ուժեր և աուտսայդերներ: 

Հեգեմոն ուժեր

Սրանք այն քաղաքական ուժերն են, որոնք ոչ միայն մուտք են գործելու խորհրդարան, այլև իրենց շուրջն են ձևավորելու ուժերի հարաբերակցությունը: Խոսքը վերաբերում է Հանրապետական կուսակցությանը, «Բարգավաճ Հայաստան» կուսակցությանը և Հայ ազգային կոնգրեսին, որը ընտրություններին մասնակցող միակ դաշինքն է:

Հանրապետական կուսակցության հիմնական կապիտալը վարչական ռեսուրսն է և ընտրախախտումների այն նոր տեխնոլոգիաները, որոնք փորձ է արվում կիրառել այս ընտրություններում: ՀՀԿ-ի համամասնական ցուցակը ցույց տվեց, որ նա չունի կադրային լուրջ կապիտալ և հենվելու է հին, իրենց սպառած, բայց փոխարենը առաջնորդին` երկրի նախագահին հավատարիմ նոմենկլատուրայի և օլիգարխիկ շրջանակների հետ: ՀՀԿ-ի նպատակն այս ընտրություններում նոր ծրագրեր ներկայացնելը չէ, այլ` պարտադիր, ամեն գնով հաղթելը:

Ծրագրերի անհրաժեշտությունը կառաջանա նախագահական ընտրությունների ժամանակ, երբ ողջ թիմը կսեփականացնի երկրի ղեկավարի նախընտրական ծրագիրը և այն կդարձնի իր գործունեության առանցքն ու լեյտմոտիվը: Արդար ընտրությունների պարագայում այս ռեսուրսով իշխող կուսակցությունը հաղթանակի ոչ մի շանս չունի: Պարադոքսն այն է, սակայն, որ Հայաստանի ընտրական համակարգում հենց վարչաօլիգարխիկ շրջանակն է ունակ մեծամասնություն ապահովելու: Սակայն ՀՀԿ-ի հաղթանակն այս անգամ փորձ է արվելու ապահովել չափազանց բարդ քաղաքական տեխնոլոգիաներով:

Կուսակցությանը բացարձակ հաղթանակ պետք չէ. դա կրկին կսրի իշխանության լեգիտիմության հարցը: Փոխարենը այդ բացը կփոխհատուցվի ՕԵԿ-ին խորհրդարան քարշ տալով, որի համար կօգտագործվի ոստիկանության բացահայտած հանկարծակի ավելացած ընտրազանգվածը: Արդյունքում ՀՀԿ-ն մեծամասնություն չի ունենա, փոխարենը մեծամասնություն կունենա Սերժ Սարգսյանը:

ԲՀԿ-ի քաղաքական կապիտալը նրա զանգվածայնությունն է, Գագիկ Ծառուկյանի որոշակի խարիզման, նրա թիմում հայտնված և ԲՀԿ-ով իրենց բիզնես շահերն ապահովագրած օլիգարխիայի, միջին գործարար շրջանակների ֆինանսական ռեսուրսները և ամենակարևորը` այլընտրանքային ուժի իմիջով հանդես գալու մարտավարական գիծը: ԲՀԿ-ի մուտքը խորհրդարան անհրաժեշտ է նախագահական ընտրություններում  Սերժ Սարգսյանի հաղթանակը երաշխավորելու համար:

Այս իմաստով ԲՀԿ-ն կախարդական փայտիկի դեր է կատարելու: Ողջ ուժով «պայքարելով» իշխանության դեմ, հաղթանակի համար, վերջում նա կհամակերպվի կրտսեր եղբոր` արդեն սահմանված կարգավիճակի հետ և կճանաչի ընտրությունների արդյունքները: Ու քանի որ մեծ ընտրազանգվածը կգնա Ծառուկյանի հետևից, ստիպված կլինի հաշտվել այն մտքի հետ, որ, այնուամենայնիվ, պարտություն են կրել: Արդյունքում ընտրությունների վրա ընդդիմադիր, արմատական ընտրազանգվածի ազդեցությունը փաստացի կփոշիանա:

ԲՀԿ-ն, ըստ էության, ողջ ընթացքում գոլորշի բաց թողնողի գործառույթ կկատարի: Իհարկե, չի կարելի բացառել, որ կատարված այս հաշվարկները կարող են նաև չիրականանալ, եթե ԲՀԿ-ն կարողանա հասկանալ, որ նաև իշխանության համար անվերահսկելի դառնալու և խաղի կանոններ թելադրելու լուրջ պոտենցիալ ունի:

ՀԱԿ-ը խորհրդարան կբերի իր երկարամյա համակիրների և իշխանական մանիպուլյացիաների ազդեցության տակ չընկնող զարգվածների ձայները: ՀԱԿ-ին վերապահված է երրորդի կարգավիճակը և դա ապահովվելու է հենց ՀՀԿ-ՕԵԿ-ԲՀԿ եռանկյունու գործադրած բարդ տեխնոլոգիաների միջոցով:

ՀԱԿ-ի քաղաքական կապիտալը նրա անցած 4 տարվա գործունեության իներցիան է, որն այս պահին հասել է կրիտիկական նվազագույնի շեմին: ՀԱԿ-ը պետք է հաղթահարի ոչ թե 5, այլ 7 տոկոսանոց  շեմը, և անգամ դա հիմա բարդ իրագործելի խնդիր է թվում: Դաշինքը որպես ընտրարշավի լեյտմոտիվ, կրկին ընտրել է արագ իշխանափոխության և նախագահի պաշտոնանկության թեմատիկան: Այն օրիգինալ չէ, իհարկե, բայց մոբիլիզացիոն պոտենցիալ ունի:

Ամենակարևոր խոչընդոտը, որը ՀԱԿ-ը պետք է հաղթահարի, իր նկատմամբ վստահության դեֆիցիտն է: Այն վստահության, որ անփութորեն վատնեց անցած տարիներին փողոցային շարժումը դանդաղ մարելու և հատկապես իշխանության հետ անցած տարի անիմաստ ու աննպատակ երկխոսության կամ բանակցությունների մեջ մտնելու պատճառով:

ՀԱԿ-ի իրական նշանակությունն այս ընտրություններում նրա դերակատարումն է ընտրական գործընթացների նկատմամբ վերահսկողություն իրականացնելու առումով: Բայց եթե այս հարցում նա գործելու է միայնակ, որևէ լուրջ արդյունք սպասել հնարավոր չէ, ինչը, սակայն, միայն ՀԱԿ-ից կախված հարց չէ: Չի բացառվում, սակայն, որ այս ընտրությունները կլինեն ՀԱԿ-ի կարապի երգը: Եթե վերջինս ընտախախտումների նոր մեխանիզմների դեմ չկարողացավ պայքարել, նախագահական ընտրություններում ոչ մի ակնկալիք չի ունենալու: Եվ 2013-ի փետրվարից հետո ՀԱԿ-ը մոտիվացիան կորցելու պատճառով խորհրդարանում կարող է պարզապես քայքայվել:

շարունակելի

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter