HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արցախի ԱԳՆ մեկնաբանությունը՝ ԵԽ կողմից բանաձևերի-տարեկան հաշվետվությունների ընդունման վերաբերյալ

Արցախի Հանրապետության ԱԳՆ մեկնաբանել է «Ընդհանուր արտաքին և անվտանգության քաղաքականության» և «Ընդհանուր անվտանգության և պաշտպանության քաղաքականության» շուրջ Եվրոպական խորհրդարանի կողմից բանաձևերի-տարեկան հաշվետվությունների ընդունումը։ Մեկնաբանությունն ամբողջությամբ ներկայացնում ենք. 

Գոհունակությամբ ենք նշում Եվրոպական խորհրդարանի դիրքորոշումը ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության վերաբերյալ, որն արտահայտված է հունվարի 20-ին ընդունված «Ընդհանուր արտաքին և անվտանգության քաղաքականության» և «Ընդհանուր անվտանգության և պաշտպանության քաղաքականության» բանաձևերում-ամենամյա հաշվետվություններում։

Կիսում ենք Եվրախորհրդարանի գնահատականները՝ Ադրբեջանի կողմից ռազմական ուժի կիրառման հետևանքով տեղի ունեցած իրադարձությունների, ինչպես նաև ստեղծված իրավիճակից դուրս գալու ուղիների վերաբերյալ: Մասնավորապես՝ հարկ ենք համարում հատուկ ընդգծել Եվրախորհրդարանի տեսակետը՝ Լեռնային Ղարաբաղում հայ բնակչության անվտանգության ապահովման, հայկական մշակութային ժառանգության պահպանման, իրենց նախկին բնակության վայրեր տեղահանված անձանց և փախստականների անվտանգ վերադարձի, ռազմագերիների և զոհվածների մարմինների՝ առանց հապաղելու փոխանակման անհրաժեշտության վերաբերյալ:

Կարևորում ենք բոլոր ենթադրյալ պատերազմական հանցագործությունները պատշաճ կերպով հետաքննելու և մեղավորներին պատասխանատվության ենթարկելու անհրաժեշտությունը: Հատկանշական է, որ Եվրոպական խորհրդարանը նաև առանձին կոչ է արել միջազգային հետաքննություն անցկացնել օտարերկրյա զինյալների, ահաբեկիչների ենթադրյալ ներկայության և կասետային զինամթերքի ու ֆոսֆորային ռումբերի օգտագործման վերաբերյալ:

Ողջունում ենք Եվրախորհրդարանի աջակցությունը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության ջանքերին` միջազգային միջնորդների առաջարկած հիմնարար սկզբունքների հիման վրա հակամարտության համապարփակ կարգավորման ուղղությամբ: Միանում ենք Եվրախորհրդարանի կողմից Թուրքիայի ապակայունացնող դերի դատապարտմանը, որը փորձում է խափանել ԵԱՀԿ Մինսկի խմբի ջանքերը` հանուն հակամարտության կարգավորման գործընթացում առավել որոշիչ դեր խաղալու իր ձգտումների: Կիսում ենք Եվրախորհրդարանի տեսակետն առ այն, որ տևական կարգավորում դեռևս չի գտնվել:

Համոզված ենք, որ ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության համապարփակ և արդարացի կարգավորման կարելի է հասնել Արցախի ժողովրդի կողմից իրացված ինքնորոշման իրավունքի ճանաչման և Արցախի Հանրապետության տարածքների դեօկուպացիայի հիման վրա։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter