HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Զինծառայողների ապահովագրության հիմնադրամը սկսել է «Կամուրջ ֆինանսավորման» ծրագիրը

Զինծառայողների ապահովագրության հիմնադրամը տեղեկացնում է, որ մեկնարկվել է «Կամուրջ ֆինանսավորման» ծրագիրը։ Մասնավորապես, Կառավարության 2020 թվականի դեկտեմբերի 17-ի թիվ 2073-Լ որոշմամբ հիմնադրամին է հատկացվել 500 մլն ՀՀ դրամ՝ Ադրբեջանի կողմից 2020 թվականի սեպտեմբերի 27-ին սանձազերծված ռազմական գործողությունների հետևանքով վնասվածք կամ խեղում ստացած զինծառայողներին 6 ամիս շարունակ ամսական 200,000 դրամ ֆինանսական աջակցություն տրամադրելու նպատակով, որին կգումարվի նաև Հիմնադրամի խորհրդի 2017 թվականի մարտի 2-ի թիվ 9 որոշման 9-րդ կետով սահմանված 100,000 դրամը։ 

«Կամուրջ» ծրագրի շահառու են դառնալու այն զինծառայողները, որոնց բժշկական հաստատությունը տրամադրում է եզրակացություն առ այն, որ զինծառայողի վիրավորումն այնպիսին է, որ բուժման ավարտից հետո մեծ է հավանականությունը, որ զինծառայողը կստանա 1-ին կամ 2-րդ հաշմանդամության կարգ։  Եզրակացությունը բժշկական հաստատությունը տրամադրում է առաջնորդվելով սահմանված վնասվածքների և խեղումների ցանկով։ Կամուրջ ծրագրի ընթացքում կամ ավարտից հետո զինծառայողի 1-ին կամ 2-րդ կարգի հաշմանդամություն ստանալու դեպքում, զինծառայողը Հիմնադրամից կստանա ամբողջական հատուցումներ` նվազեցնելով կամուրջ ֆինանսավորման շրջանակներում փաստացի ստացված գումարները:

Ծրագրի շահառու դառնալու համար զինծառայողը կամ ընտանիքը որևէ հաստատություն դիմելու կարիք չունի՝ նրանց հետ կապ կհաստատեն Պաշտպանության նախարարությունից։

«Կամուրջ» ծրագիրը հատուցելու է նաև անհայտ կորած զինծառայողների ընտանիքներին։ 

Տեղեկացնում ենք նաև, որ ՀՀ կառավարության 2020 թվականի դեկտեմբերի 10-ի թիվ 2001-Ն որոշմամբ, հիմնադրամին է հատկացվել ևս 500 մլն ՀՀ դրամ՝ Ադրբեջանի կողմից 2020 թվականի սեպտեմբերի 27-ին սանձազերծված ռազմական գործողությունների հետևանքով անհայտ կորած զինծառայողների ընտանիքներին 6 ամիս շարունակ ամսական 300,000 դրամ ֆինանսական աջակցություն տրամադրելու նպատակով։ Կամուրջ ծրագրի ընթացքում կամ ավարտից հետո դատարանի կողմից զինծառայողի անհայտ բացակայող ճանաչվելու դեպքում, օրենքով նախատեսված շահառուները Հիմնադրամից կստանան ամբողջական հատուցումներ` նվազեցնելով կամուրջ ֆինանսավորման շրջանակներում փաստացի ստացված գումարները:

Այս ծրագրի շահառու դառնալու համար ևս ոչ մի տեղ դիմելու անհրաժեշտություն չկա։ Հատուցումները տրամադրվելու են 2020 թվականի դեկտեմբերի 24-ի ընդունված օրենքի՝ թիվ 2180-Ն, որոշմամբ՝ ՀՀ պաշտպանության, արտակարգ իրավիճակների նախարարությունների, ՀՀ ազգային անվտանգության ծառայության կամ ՀՀ ոստիկանության տրամադրած անվանացանկի հիման վրա։ Շահառու են հանդիսանալու անհայտ կորած զինծառայողի ծնողը և ամուսինը։

Հիշեցնենք, որ 2017 թվականին ստեղծված հիմնադրամի միջոցները ձևավորվում են Հայաստանի և Արցախի Հանրապետությունների գրանցված աշխատողների ամսական աշխատավարձից՝ դրոշմանիշային վճարների տեսքով, ինչպես նաև ստացված նվիրաբերությունների շնորհիվ։

 

Փոփոխություններ՝ հիմնադրամի կանոնակարգում

«Զինծառայողների ապահովագրության» հիմնադրամը տեղեկացնում է նաև, որ հիմնադրամի գործունեությունը կարգավորող օրենքում կատարվել են փոփոխություններ, որոնք ամբողջությամբ ներկայացնում ենք. 

Հիմնադրամին կատարված նվիրաբերությունների և դրոշմանիշային վճարների ամեն լուման բացառապես ուղղվում է հայրենիքի սահմանները պաշտպանելիս զոհված, անհետ կորած կամ հաշմանդամություն ստացած զիվորին կամ նրա ընտանիքին հատուցում տրամադրելու առաքելությանը: 

2017 թվականից ի վեր Հիմնադրամի աշխատակիցներն աշխատել են բացառապես կամավորության սկզբունքով` սպասարկելով տարեկան միջինում 45 դեպք։ 

2020 թվականի սեպտեմբերի 27-ին Ադրբեջանի սանձազերծած պատերազմն ու դրա հասցրած աղետալի հետևանքները, ցավոք սրտի, բազմապատկել են Հիմնադրամի աշխատանքը: Այն ենթադրում է ամենօրյա ամբողջհաստիքային ծանրաբեռնված աշխատանք, որն այժմ մեր փոքրաթիվ աշխատակազմն անխոնջ իրականացնում է։ 

Բացառապես կամավորության սկզբունքով Հիմնադրամի աշխատանքները կազմակերպելն այսուհետ անիրական է, քանզի Հիմնադրամի առջև ծառացած են հազարավոր հատուցման դեպքեր սպասարկելու ու միևնույն ժամանակ նվիրաբերական ակտիվ դրամահավաք իրականացնելու մարտահրավերները։ Պատերազմի արդյունքով փոխվել են Հիմնադրամի մարտահրավերները` առաքելությունը մնալով նույնը:

Համաձայն 2020 թվականի հունվարի 29-ին ընդունված Հիմնադրամի գործունեությունը կարգավորող օրենքի փոփոխության, 2021 թվականի ընթացքում Հիմնադրամի ծախսերը ֆինանսավորելու է Կենտրոնական բանկը, իսկ 2022 թվականի հունվարի 1-ից հետո դրանք կատարվելու են Հիմնադրամի միջոցների հաշվին` Հիմնադրամի նորանշանակ խորհրդի կողմից հաստատված բյուջեի շրջանակներում:

Ելնելով բացառապես թափանցիկ աշխատելաոճի մեր սկզբունքից, տեղեկացնում ենք, որ առաջիկայում հանրությանը կներկայացնենք մեր 2021 թվականի բյուջեն, որը կներառի Կենտրոնական բանկի կողմից 2021 թվականի ընթացքում ֆինանսավորելիք ծախսերը։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter