
Բաց նամակ ՄԱԿ-ի մշտական համակարգողին, նաև ԵԱՀԿ դեսպանին
Հայաստանում ՄԱԿ-ի մշտական համակարգող տիկին Դաֆինա Գեռչեւային
Հայտարարություն
Մաշտոցի պուրակում տեղի ունեցող մարդու իրավունքների խախտումների եւ երկրի էկոլոգիական հիմնախնդիրների վերաբերյալ
Հարգելի տիկին Գեռչեւա,
ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակն իր մանդատի ուժով, ի թիվս այլնի, ամրապնդում է ժողովրդավար կառավարումը` հաշվետվողականությունը բարելավելու, կառուցակարգերի և կարողությունների զարգացումը խթանելու և հանրության մասնակցությունն ընդլայնելու ճանապարհով: Շրջակա միջավայրերի և աղետների ռիսկերի կրճատումը ներառվում է զարգացման ազգային և տեղական հայեցակարգերի և ծրագրերի մեջ:
Սկսած 1993 թվականից ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի շրջանակներում իրականացվում են ժողովրդավարական կառավարման, շրջակա միջավայրի անվտանգությանը եւ սոցիալական-տնտեսական կայունությանը, քաղաքացիների առողջության ու բարեկեցության բարելավմանն ուղղված միջոցառումներ: Այդ ընթացքում ծախսվել ու ծախսվում են հսկայական ֆինանսական միջոցներ, որոնք պետք է ունենային երկրում ժողովրդավարական հաստատությունների զարգացման, շրջակա միջավայրի վիճակի բարելավման տեսանելի արդյունքներ:
Շրջակա միջավայրին վերաբերող հիմնախնդիրների շարքում հատկապես մտահոգիչ է Թեղուտի հանքավայրի շահագործման շուրջ ստեղծված իրավիճակը, որի շրջանակներում, ինչպես ձեւակերպել է Օրհուսի կոնվենցիայի Համապատասխանության կոմիտեն` Հայաստանը ձախողել է կոնվենցիայով ստանձնած պարտավորությունների կատարումը: Թեղուտի հիմնախնդրի շուրջ ժողովրդավարական կառավարման մեխանիզմների, Հայաստանի միջազգային պարտավորությունների կատարման կատարյալ ձախողումը շարունակվում է մինչ օրս:
Ձեր ուշադրությունն ենք հրավիրում նաև Երեւանի Մաշտոցի պուրակում մարդու իրավունքների աղաղակող խախտումների վրա: Ոստիկանության աշխատակիցները բազմիցս, հատկապես` պուրակում տեղադրված վրանի «ապամոնտաժման» ընթացքում, դուրս են եկել օրենքով թույլատրելի սահմաններից` ոտնահարելով միջոցառման մասնակիցների հիմնական իրավունքները: Այդ մասին հանգամանալից ներկայացված է Մարդու իրավունքների պաշտպանի հայտարարության մեջ, իսկ որոշ դեպքերի առնչությամբ դատախազությանը հաղորդում է ներկայացվել հանցագործության մասին:
Հարգելի տիկին Գեռչեւվա,
Մենք բարձր ենք գնահատում Մշտական համակարգողի գրասենյակի գործունեությունը, որը ներառում է ՄԱԿ-ի համակարգի բոլոր կազմակերպությունները: ՄԱԿ-ի մշտական համակարգողն իր վրա է կրում ՄԱԿ-ի համակարգի զարգացման համար օպերատիվ գործունեության պատասխանատվությունը, լիազորված է իրականացնել կենտրոնացված ռազմավարական ծրագիր, որն ուղղված է ՄԱԿ-ի համակարգի տարբեր կառույցների զարգացմանը եւ նպաստում է ՄԱԿ-ի համակարգի ռեսուրսների համախմբմանը` լրացնելու այն բոլոր բացթողումները, որոնք կարող են ի հայտ գալ ՄԱԿ-ի Զարգացման աջակցության ծրագրերում:
ՄԱԿ-ի գրասենյակն արդեն երկար ժամանակ է, ինչ տարբեր ծրագրեր է իրականացնում պետական տարբեր մարմինների հետ` ուղղված ժողովրդավարական ինստիտուտների բարելավմանը: Այնուհանդերձ, նամակում նշված հիմնախնդիրները վկայում են Հայաստանում ժողովրդավարական ինստիտուտների եւ կառավարման համակարգի անթույլատրելի ցածր մակարդակի մասին: Ուստի գտնում ենք, որ անհրաժեշտ է առավել հետևողական լինել Հայաստանում ՄԱԿ-ի կողմից իրականացվող ծրագրերի արդյունավետությունն ապահովելու համար: Խոսքը մասնավորապես վերաբերում է ժողովրդավարական կառավարման, միջազգային պարտավորությունների պատշաճ կատարման, արդարադատության մատչելիության եւ շրջակա միջավայրի պահպանության` ՄԱԿ-ի մանդատից բխող առաքելության լիարժեք եւ արդյունավետ կենսագործմանը:
Եվրոպայի անվտանգության եւ համագործակցության կազմակերպության
Երեւանի գրասենյակի դեսպան, պարոն Անդրեյ Սորոկինին
Մեծարգո դեսպան,
ԵԱՀԿ-ի գործունեության հիմնական սկզբունքներից են մարդու իրավունքների եւ հիմնարար ազատությունների հարգումը, միջազգային իրավունքով ստանձնած պարտավորությունների բարեխիղճ կատարումը: 2000 թվականին ԵԱՀԿ երեւանյան գրասենյակի հիմնադրման նպատակն է եղել աջակցել Հայաստանին զարգացման տարբեր բնագավառներում, այդ թվում` օրենսդրական բարեփոխմանը, կոռուպցիայի դեմ պայքարին, քաղաքացիական հասարակության հզորացմանը: ԵԱՀԿ գործունեության հիմնական ռազմավարական ուղղություններից է շրջակա միջավայրի պաշտպանությունը:
Չնայած երկար տարիներ Հայաստանի պետական եւ տեղական ինքնակառավարման մարմինների հետ իրականացվող բարեփոխման ծրագրերին` վերջին շրջանում քաղաքացիական հասարակության նկատմամբ իրականացվող անօրինականություններն ու բռնությունները անհրաժեշտություն են առաջացրել, որպեսզի ԵԱՀԿ գրասենյակի կողմից լավ կառավարման ոլորտում իրականացված աշխատանքների եւ ներդրված ֆինանսական միջոցների արդյունավետությունը վերագնահատվի:
ԵԱՀԿ-ի գործունեության հիմնական ուղղություններից մեկի` շրջակա միջավայրին վերաբերող հիմնախնդիրների շարքում հատկապես մտահոգիչ է Թեղուտի հանքավայրի շահագործման շուրջ ստեղծված իրավիճակը: Ինչպես ձեւակերպել է Օրհուսի կոնվենցիայի Համապատասխանության կոմիտեն` Հայաստանը ձախողել է կոնվենցիայով ստանձնած պարտավորությունների կատարումը: Թեղուտի հիմնախնդրի շուրջ ժողովրդավարական կառավարման մեխանիզմների, Հայաստանի միջազգային պարտավորությունների կատարման կատարյալ ձախողումը շարունակվում է մինչ օրս:
Մեծարգո դեսպան,
ակնկալում ենք, որ Դուք առավել հետևողական կլինեք Հայաստանում ԵԱՀԿ-ի իրականացրած ծրագրերի արդյունավետությունն ապահովելու համար` նպատակ ունենալով կենսագործել ԵԱՀԿ մանդատից բխող առաքելությունը` ժողովրդավարական կառավարման, Հայաստանի միջազգային պարտավորությունների պատշաճ կատարման, արդարադատության մատչելիության եւ շրջակա միջավայրի պահպանության գործում:
Առաջարկությունների կամ հարցադրումների համար կարող եք կապվել հետևյալ էլեկտրոնային հասցեով` [email protected]:
Հարգանքով`
«Թեղուտի պաշտպանության» քաղաքացիական նախաձեռնություն
«Մենք ենք այս քաղաքի տերը» քաղաքացիական նախաձեռնություն
«Մեր քաղաքը» հանրային-քաղաքացիական նախաձեռնություն
02.04.2012թ.
Մեկնաբանել