HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

«Հայացք». ֆինանսների նախարարությունում ձրի առյուծի կա՞թ են բաժանում

«Հայացք» օրաթերթի 2012 թ. մարտի 29-ի համարում (թիվ 56) հրապարակված «Թե ինչպես պետական բյուջեն զրկվեց հարյուրավոր միլիոններից» հոդվածում մասնակիորեն անդրադարձել ենք ՀՀ վերահսկիչ պալատի (ՎՊ) կատարած բացահայտումներին, որոնք ներկայացված են ՎՊ-ի ընթացիկ հաշվետվությունում՝ հաստատված ՎՊ-ի խորհրդի մարտի 7-ի թիվ 5/4 որոշմամբ:

Բնականաբար, հիմնվելով արձանագրված փաստերի վրա ու ՎՊ-ի հաշվետվությունից գրեթե բառացի շարադրելով առանձին հատվածներ՝ շատ համառոտ ներկայացրել ենք նաև հիշյալ փաստերից բխող մեր մեկ-երկու գնահատական, մեկնաբանություն ու հարց, ինչի իրավունքը, անշուշտ, ունենք: Օրինակ, ՎՊ-ի հաշվետվության մեջ գրված է, որ «Շահումով խաղերի և խաղատների մասին» ՀՀ օրենքի 13-րդ հոդվածի համաձայն, եթե կազմակերպիչը խախտել է օրենքի պահանջը, տուգանքը որպես պատասխանատվության միջոց կիրառվում է խախտման յուրաքանչյուր դեպքի համար:

ՀՀ ֆինանսների նախարարության աշխատակազմի լիցենզավորման պայմանների և պահանջների հսկողություն իրականացնող ստորաբաժանումը 2009 և 2010 թթ. ընթացքում ստուգումներ իրականացնելիս, խախտելով օրենքի վերոնշյալ պահանջը, նմանատիպ խախտումները դիտել է որպես մեկ դեպք՝ կիրառելով մեկ դեպքի համար սահմանված տուգանքի չափ: ՎՊ-ի ներկայացրած այս փաստերին մենք ավելացրել ենք մեր գնահատական- մեկնաբանությունը. «...ինչով, մեղմ ասած, լավություն է արել տվյալ բիզնեսով զբաղվողներին, իսկ պետբյուջեն զրկել ոչ փոքր գումարների մուտքից»: Ակնհայտ է, որ մեկնաբանությունը բխում է ՎՊ-ի բացահայտած- ներկայացրած փաստից:

Սակայն, չնայած դրան, անցած ուրբաթ (մարտի 30-ին) ՀՀ ֆինանսների նախարարության լրատվական ծառայությունից հիշյալ հոդվածի կապակցությամբ ստացանք անստորագիր մի պատասխան՝ «ՀՀ ֆինանսների նախարարությունն անդրադառնում է «Հայացք» օրաթերթի 29.03.2012 թ.-ի համարում հրապարակված «Թե ինչպես պետական բյուջեն զրկվեց հարյուրավոր միլիոններից» վերնագրով հոդվածին» վերտառությամբ, ինչը մեզ թույլ է տալիս եզրակացնել, որ պատասխանողը ՀՀ ֆինանսների նախարարությունն է (ի դեպ, այդ պատասխանը զետեղված է նաև նախարարության պաշտոնական կայքում):

Շա~տ լավ... Ստորև հատվածաբար ներկայացնում ենք պատասխանի սոսկ այն մասերը (դրանք շատ չեն, ընդամենը երկուսը), որոնք անդրադարձն են մեր հոդվածում գրվածի:

«Հայացք» օրաթերթի 29.03.2012 թ.-ի համարում հրապարակված «Թե ինչպես պետական բյուջեն զրկվեց հարյուրավոր միլիոններից» հոդվածի առնչությամբ ցանկանում ենք նշել, որ սույն հոդվածի հրապարակմամբ փորձ է արվում խեղաթյուրել ՀՀ վերահսկիչ պալատի և ՀՀ ֆինանսների նախարարության միջև առկա գործընկերային հարաբերությունները, ինչն անընդունելի է»:

Դե, իհարկե, շատ վատ բան ենք արել, եթե իսկապես փորձել ենք խեղաթյուրել ՀՀ վերահսկիչ պալատի և ՀՀ ֆինանսների նախարարության միջև առկա գործընկերային, գուցեև շոկոլադային հարաբերությունները: Առաջին հայացքից այս մեղադրանքն այնքան հուզիչ էր, որ մի պահ քիչ էր մնում հոնգուր-հոնգուր լացեինք. դե, բոլոր մահկանացուներին բնորոշ բազմաթիվ մեղքերից բացի, քիչ էր մնում համոզվեինք, որ նաև խեղաթյուրիչ ենք: Բայց հետաքրքիր է՝ ինչո՞վ ենք փորձել խեղաթյուրել, հոդվածում նշված այդ ո՞ր պարբերությամբ, նախադասությամբ, գնահատականով կամ մեկնաբանությամբ:

Այս կապակցությամբ բառ անգամ չկա, սոսկ մերկապարանոց մեղադրանք է՝ այնքան մերկապարանոց, որքան մեր մեղադրանքը կլիներ, եթե առանց որևէ փաստի և հիմնավորման գրեինք, թե ՀՀ ֆինանսների նախարար Վաչե Գաբրիելյանը, ասենք, խաչագող է, եկեղեցուց խաչ է գողացել:

Երբ երեկ հիշյալ մեղադրանքի կապակցությամբ պարզաբանում ստանալու նպատակով դիմեցինք ՀՀ ֆինանսների նախարարի մամուլի քարտուղարին, վերջինս առավել քան զավեշտական բացատրություն տվեց: Ըստ այդմ՝ հոդվածի հրապարակմամբ ՎՊ-ի և նախարարության գործընկերային հարաբերությունները փորձել ենք խեղաթյուրել, քանի որ մինչ հրապարակումը չենք հարցրել իրենց կարծիքը: Նա այդպես էլ չասաց, թե հոդվածում ՎՊ-ի հաշվետվությունից ներկայացված այդ ո՞ր փաստը, դրվագը, կամ մեր ո՞ր գնահատականը, մեկնաբանությունն է սխալ, որով փորձ ենք արել խեղաթյուրել իրենց հարաբերությունները:

Ի գիտություն նախարարի և նրա մամուլի քարտուղարի, ընդգծենք, որ որևէ իրավական ակտով կամ լրագրողի վարքականոնով նման հրապարակումների դեպքում պարտավոր չէինք և այսուհետ էլ պարտավոր չենք նրանց կարծիքը հարցնել: Իհարկե, եթե հոդվածում ներկայացված փաստերը մեր թաղի Գուգուշից իմացած լինեինք, անշուշտ, պարտավոր էինք նախապես դիմել նախարարություն, նրանց կարծիքն էլ հարցնել, փաստերն էլ ճշտել:

Սակայն փաստերը, ինչպես արդեն նշեցինք, մեջբերված են ՀՀ ՎՊ-ի ընթացիկ հաշվետվությունից, որոնք ճշտելու որևէ իրավական և բարոյական պարտավորություն լրագրողը չունի, իրավասու է դրանք համարել արժանահավատ: Առավել ևս, որ ՎՊ-ն, «Վերահսկիչ պալատի մասին» ՀՀ օրենքի համաձայն, որը մշակված է Ֆինանսական վերահսկողության գերագույն ատյանների միջազգային կազմակերպության ստանդարտներին համապատասխան, «... բյուջետային միջոցների և պետական ու համայնքային uեփականության oգտագործման նկատմամբ արտաքին պետական վերահuկողություն իրականացնող անկախ պետական մարմինն է»: ՎՊ-ի նախագահ Իշխան Զաքարյանն էլ պալատի պաշտոնական կայքում հավաստում է, որ իրենց նպատակն է առաջնորդվել բացառապես հիշյալ օրենքում հստակ ամրագրված անկախության, անաչառության սկզբունքներով:

Լավ, ենթադրենք, թե ՎՊ-ի ընթացիկ հաշվետվությանը կասկածել ու դիմել էինք նախարարություն, ի՞նչ էին ասելու, ի՞նչ հակափաստարկներ էին ներկայացնելու: Պարզվում է, ոչ մի հակափաստարկ էլ չունեն ու չէին ներկայացնելու, քանի որ եթե գոնե մեկ հակափաստարկ ունենային, որով ապացուցեին, որ ՎՊ-ի հաշվետվության այս կամ այն դրվագը կամ մեր գնահատականը, մեկնաբանությունը սխալ է, խմբագրություն ուղարկած պատասխանում կներկայացնեին:

Ընդգծենք, որ ՀՀ ֆինանսների նախարարությունն իր բոլոր առարկությունները, բացատրությունները, հակափաստարկները, անհամաձայնությունները, մինչ հիշյալ հաշվետվության կազմում-հրապարակումը, հնարավորություն ուներ ներկայացնելու ՎՊ, միանգամայն ենթադրելի է, որ ներկայացրել է:

Սակայն ՎՊ-ն դրանցից ոչ բոլորն է ընդունել, այլապես հաշվետվությունում ֆինանսների նախարարության կողմից ՀՀ օրենսդրության խախտման վերաբերյալ փաստերը, արձանագրումները տեղ չէին գտնի:

«Շահումով խաղերի և խաղատների մասին» ՀՀ օրենքի 13-րդ հոդվածի պահանջի խախտման մասին վերն արդեն նշեցինք: Ֆինանսների նախարարին ու նրա մամուլի քարտուղարին հիշեցնե՞նք նախարարության կողմից օրենսդրության խախտումներից ևս մեկը՝ նշված դարձյալ ՎՊ-ի նույն հաշվետվության մեջ. «Շահումով խաղերի և խաղատների գործունեության լիցենզավորումը լիազոր մարմնի (ՀՀ ֆինանսների նախարարության.- հեղ.) կողմից հիմնականում իրականացվում է ՀՀ կառավարության 2004 թ. հուլիսի 29-ի թիվ 1164-Ն որոշմամբ հաստատված լիցենզավորման կարգի խախտմամբ» (ընդգծումը մերն է.-հեղ.):

Եվ պատկերացնո՞ւմ եք՝ նախարարությունն այս ամենից հետո News.am-ին՝ վերջինիս հրապարակումներից մեկի կապակցությամբ տրված պարզաբանման մեջ (29.03.2012 թ.) դարձյալ հանդգնում է մերկապարանոց կերպով հայտարարել. «Իսկ ՀՀ վերահսկիչ պալատի կողմից արձանագրված դեպքերը գործող իրավական ակտերի պահանջների խախտումներ չեն»:

Մեր հրապարակման պատասխանի մյուս մասը, որն անդրադարձն է տվյալ հոդվածում գրվածի, հետևյալն է. «Ինչ վերաբերում է հոդվածում ներկայացված ոչ մասնագիտական որակումներին, խորհուրդ ենք տալիս ձեռնպահ մնալ նմանատիպ մոտեցումից, քանի որ նախ ՀՀ ֆինանսների նախարարությունն իր մասնագիտական դիրքորոշումն ու պարզաբանումներն ունի բարձրացված հարցերի վերաբերյալ. (ինչը սահմանված կարգով կներկայացնի) կարծում ենք, որ ներկայումս գործող օրենսդրական նորմերի պահանջները պահպանվում են»:

Նախ նշենք, որ նախարարության նշված խորհրդի կարիքը բոլորովին էլ չունենք, քանի որ «ոչ մասնագիտական որակումներ» ասվածը նախարարության հերթական մերկապարանոց մեղադրանքը կամ գնահատականն է. պատասխանում այդ «ոչ մասնագիտական» որակումներից գոնե մեկը մատնանշված չէ, էլ չենք խոսում դրա ոչ մասնագիտական լինելու հիմնավորման անհրաժեշտության մասին: Երկրորդ. խնդիրը՝ ներկայումս գործող օրենսդրական նորմերի պահանջները պահպանվո՞ւմ են, թե՞ ոչ, նախարարի, նրա մամուլի քարտուղարի կամ տողերիս հեղինակի կարծելով չէ, այլ փաստերով, իսկ փաստերը վերն արդեն ներկայացրինք:

Արթուր Հովհաննիսյան

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter