HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արմեն Միրզոյան

Գերմանիայում աշխատակիցներին հեռացրել են պատվաստումից հրաժարվելու համար, իսկ Իսպանիայի ԳՇ պետն ազատվել է առաջնահերթ պատվաստման սկանդալի պատճառով

Գերմանիայում պատրոնաժային ծառայության մի քանի աշխատակիցներ աշխատանքից ազատվել են այն պատճառով, որ հրաժարվել են կորոնավիրուսի պատվաստում ստանալ։ Այդ մասին գրում է Bild-ը։ 

Քույրական խնամքի կենտրոնի ղեկավար Ռենե Վիլմերը, կնոջ հետ միասին ստացել էին կորոնավիրուսի պատվաստանյութ և իրենց աշխատակիցներին կոչ արել հետևել իրենց օրինակին։ Նրանցից երեք հրաժարվել էին պատվաստվել։ Վիլմերը նրանց երեք օր ժամանակ էր տվել կողմնորոշվելու համար։ Ստանալով բացասական պատասխան՝ նրանք ազատվել են աշխատանքից։ Վիլմերը հայտարարել է, որ աշխատակիցները հարգանք չեն ցուցաբերել, չեն լսել իրեն, իսկ նրանցից մեկը ուղիղ հրաժարվել է պատվաստվել։ Սակայն, նախկին աշխատակիցներից մեկը հայտարարել է, որ Վիլմերը, սպառնացել է աշխատանքից ազատել իրենց, եթե նրանք չպատվաստվեն։ 

«Ես պատվաստումների հակառակորդ չեմ։ Ես միայն ցանկանում էի ևս մի քանի օր մտածել։ Դա անթույլատրելի է, երբ որևէ մեկը այդպիսի անձնական հարցի վերաբերյալ ժամկետներ է սահմանում»,- նշել է նա։ Bild-ը գրում է, որ նախկին աշխատակիցները մտադիր են դատի տալ Ռենե Վիլմերին։

Գերմանիայում հայտնաբերվել է կորոնավիրուսի ավելի քան երկու միլիոն դեպք, շուրջ 47 հազար մարդ մահացել է։ Երկրում պատվաստումները սկսել են իրականացվել դեկտեմբերի 27-ից։ Պատվաստվել է ավելի քան 1,2 միլիոն մարդ, իսկ 25 000 մարդ էլ ստացել է երկրորդ դեղաչափը։ Ներկայումս Գերմանիայում պատվաստում են Pfizer/BionTech և Moderna ընկերությունների պատվաստանյութերով։

Իսպանիայի զինված ուժերի գլխավոր շտաբի պետ, գեներալ Միգել Անխել Վիլյարոյան, կորոնավիրուսի պատվաստման սկանդալի ֆոնին, հրաժարական է տվել։ Այդ մասին հայտնում է El Mundo-ն։ Գեներալը մեղադրվում է իր ենթակայության տակ գտնվող բարձրաստիճան այլ զինվորականների հետ միասին արտահերթ պատվաստվելու մեջ։ 

Վիլյարոյան արդեն իսկ հրաժարականի դիմում է ներկայացրել Իսպանիայի պաշտպանության նախարար Մարգարիտա Ռոբլեսին, որն ընդունվել է վերջինիս կողմից։ Իր նամակում գեներալը հայտարարել է, որ հետևել է սահմանված կարգին և չի օգտվել իր արտոնյալ դիրքից՝ կորոնավիրուսի պատվաստանյութի ստացման գործընթացում։

Ինչպես գրում է El Pais-ը, Վիլյարոյան հրամայել էր պատվաստել իրեն և մյուս հրամանատարներին, որոնք աշխատում են Իսպանիայի գլխավոր շտաբում, չնայած նրան, որ վերջիններս չեն մտել պատվաստանյութի ստացման առաջնային խմբի մեջ։

Այս տեղեկատվությունը քննադատության մեծ ալիք է առաջացրել գեներալի հասցեին։ Պարբերականը գրում է, որ Ռոբլեսը Գլխավոր շտաբի պետի հրաժարականի դիմումն ընդունել է հունվարի 23-ի երեկոյան։ Ընդ որում, գլխավոր շտաբի նոր պետը կնշանակվի հունվարի 26-ին, երբ այդ նպատակով նիստ կգումարի Իսպանիայի նախարարների խորհուրդը։

Իսպանիայի առողջապահության նախարարության տվյալներով՝ կորոնավիրուսի համավարակից ի վեր երկրում գրանցվել է կորոնավիրուսի գրեթե 2,5 միլիոն դեպք, մահացել է 55 հազար մարդ։ Երկրի կլինիկաներին արդեն իսկ բաշխվել է պատվաստանյութի ավելի քան 1,3 միլիոն դեղաչափ, իսկ պատվաստվել է շուրջ 1,1 միլիոն մարդ։

Լուսանկարում՝ Գեներալ Միգել Անխել Վիլյարոյան և Մարգարիտա Ռոբլեսը/ Eduardo Parra / EUROPA PRESS

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter