«Հայացք». հայկական պառլամենտարիզմի պատմությունը
Վերջին շրջանի ներքաղաքական գործընթացներն ու դրան համապատասխան ձևավորված մթնոլորտը մեր հանրության մեջ խեղաթյուրեցին «խորհրդարան» ու «պատգամավոր» հասկացությունները՝ դրանք նույնացնելով անառողջ քարոզարշավի, իշխանական աթոռակռվի, օրենսդիր մարմնի և բիզնեսի սերտաճման, կուսակցական հեգեմոնիայի ամրագրման, ընտրակեղծիքների և նմանատիպ անցանկալի երևույթների հետ:
Այնինչ հայկական պառլամենտարիզմը հնագույն և խոր արմատներ ունի և դարեր շարունակ որոշիչ դեր է ունեցել հայ իրականության մեջ, նրա պատմության բախտորոշ դրվագներում հանդես եկել որպես պետականության խորհրդանիշ և ազգային շահերի ջատագով: Դրա ակունքները ձգվում են մինչև հին դարեր և մեզ են հասնում գրեթե 17-դարյա պատմությամբ:
Եվ այսպես.
Ակունքները. «Կանոնագիրք Հայոց»
Ազգային ժողովներ, իհարկե, ոչ ներկա ըմբռնմամբ, Հայաստանում գումարվել են ժամանակ առ ժամանակ՝ ազգի առջև ծառացած բախտորոշ ու ճակատագրական հարցերի վերաբերյալ վճիռներ կայացնելու, ինչպես նաև հասարակական հարաբերությունները կարգավորող կանոններ ընդունելու նպատակով:
Հայ եկեղեցին 428 թ.՝ Արշակունիների անկումից հետո, փորձեց իր շուրջը համախմբել նախարարների կենտրոնախույս ուժերը և հանդես գալ որպես Հայաստանի միասնականության երաշխավոր: Աշխարհաժողովին փոխարինեց Եկեղեցական ժողովը՝ կաթողիկոսի նախագահությամբ: Դրանում Հայաստանի օրենսդրությունը ներկայացվել է հիմնականում եկեղեցական գրավոր կանոններով, որը ստացավ «Կանոնագիրք Հայոց» անվանումը: Այն միջնադարյան իրավաբանական փաստաթղթերի պաշտոնական ժողովածու է, որոնք ամփոփված են առանձին բնագավառների 57 կանոնախմբերում և 1332 կանոններում:
«Կանոնագիրք Հայոց»-ը որպես սկզբնաղբյուր օգտագործվել է հայ միջնադարյան իրավունքի սյուներ Մխիթար Գոշի և Սմբատ Սպարապետի դատաստանագրքերում ու հարստացել դրանց շնորհիվ:
Այս ամենը, իհարկե, շատ հեռու է բուն պառլամենտարիզմից, որը ենթադրում է ժողովրդի կողմից ընտրված, մշտապես գործող ներկայացուցչական օրենսդիր մարմին, սակայն այն ներառում է դրա որոշ նախնական տարրեր: «Կանոնագիրք Հայոց»-ը լայնորեն օգտագործվել է Հայաստանում և հայկական գաղթօջախներում մինչև 20-րդ դարի 20-ական թվականները:
«Սահմանադրություն Հայոց»
Խորհրդարանական կառավարման գաղափարը հայ իրականության մեջ սկզբնավորվեց 18-րդ դարի վերջին: 1773 թ. Հնդկաստանի Մադրաս քաղաքում լույս տեսած Շահամիր Շահամիրյանի «Որոգայթ փառաց» աշխատությունում առաջին անգամ ձևակերպեցին սահմանադրական հանրապետության և խորհրդարանական կարգի մասին հիմնական դրույթները:
Հատկապես ուշագրավ է «Որոգայթ փառաց»-ի երկրորդ գիրքը, որի վերնագիրն է «Նշավակ», և որն էլ կիրառված է «կարգադրություն», «սահմանադրություն» իմաստներով ու հոմանիշ է «Սահմանադրություն Հայոց» անվանմանը:
Վերջինս սահմանադրության նախագիծ է 521 հոդվածներով և ներկայացնում է ապագա անկախ Հայաստանի հասարակական-պետական կառուցվածքը, կառավարման մարմինների ստեղծման կարգը և իրավասությունները, քաղաքացիների իրավունքներն ու պարտականությունները, տնտեսության մի շարք ոլորտների հիմնահարցեր:
Շահամիրյանի այս աշխատությունը հասարակական-իրավական մտքի պատմության եզակի ձեռքբերումներից է, որում որոշակի համակարգով առաջադրված գաղափարները, տեսական խոր ընդհանրացումների արդյունք լինելուց բացի, նաև միջազգային սահմանադրական զարգացումների անկյունաքարերից են:
Անդրադառնալով ժողովրդի իշխանության, իրավունքի գերակայության, ժողովրդավարության, իշխանությունների տարանջատման, սոցիալական պաշտպանվածության, սահմանադրական արդարադատության և բազմաթիվ այլ սահմանադրական սկզբունքների՝ առաջին անգամ հայ իրականության մեջ ներկայացվում է սահմանադրական իրավունքի նորմերի ամբողջական համակարգը՝ ոչ միայն ընդհանրացնելով հայ և համաշխարհային հասարակական մտքի նվաճումները, այլև սկիզբ դնելով պետական նոր մտածողության: Հեղինակը քաջատեղյակ է եղել Եվրոպայի, մասնավորապես Մեծ Բրիտանիայի պետական կառավարման ժողովրդավարական սկզբունքներին:
«Իրավունքի և արդարության ծառի պտղաբերումները» կարող են միայն «արդար կառավարությունների» բարեպաշտ գործելակերպի հիմքը դառնալ՝ արդարության ու օրինականության մեջ փնտրելով անհատի ու հասարակության երջանկությունը, ելակետ ունենալով «...օրենքով ու արդարությամբ մեր կյանքը վարելու» հրամայականը: Սա է «Որոգայթ փառաց»-ի հեղինակի մեծագույն պատգամը:
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել