HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

«Հայացք». դեպի ԵվրԱզԷՍ տանող ճանապարհը

Երեկ Հայաստան ժամանեց ՌԴ արտգործնախարար Ս. Լավրովը: Այցը գրեթե տարածաշրջանային է. Երևանից հետո Լավրովը կլինի Բաքվում, այնուհետև կմեկնի Ղրղըզստանի մայրաքաղաք Բիշքեկ: Ըստ ամենայնի, Ռուսաստանի արտգործնախարարը որոշակի «մեսիջներ» է հաղորդելու 3 հետխորհրդային պետությունների ղեկավարությանը, թեպետ ֆորմալ առումով այցերը նվիրված են Երևանի, Բաքվի և Բիշքեկի հետ դիվանագիտական հարաբերությունների հաստատման 20-ամյակին:

Ռուսական ԶԼՄ-ների և փորձագետների պնդմամբ՝ Երևանում և Բաքվում քննարկման առարկա դառնալիք հիմնական խնդիրը Ղարաբաղյան կարգավորումն է լինելու, և Մոսկվան աշխատելու է առաջին հերթին կանխել Մինսկի խմբի հնարավոր փլուզումը: Հայտնի է, որ Եվրամիության արտաքին քաղաքական հարցերի հանձնաժողովը ձևակերպել է առաջարկություն՝ ԵԱՀԿ Մինսկի խմբում Ֆրանսիայի մանդատը Եվրամիության մանդատով փախարինելու մասին: Անկարան և Բաքուն արդեն իսկ ակնարկել են, որ, մեղմ ասած, դեմ չեն լինի այդպիսի փոփոխությանը, ինչը, սակայն, ամենևին չի բխում Մոսկվայի շահերից, նաև սկզբունքորեն հակասում է Հայաստանի դիրքորոշմանը:

Ըստ այդմ՝ միանգամայն հավանական է, որ Լավրովը խնդիր ունի Երևանին դրդել ավելի ակտիվ դիրքորոշում որդեգրելու՝ Մինսկի խմբի համանախագահների կազմը փոխելու հարցում և հստակ հայտարարել, որ Հայաստանը դեմ է Ֆրանսիայի «ռոտացիային»: Իսկ Բաքվում ՌԴ արտգործնախարարը կփորձի համոզել Ադրբեջանին՝ շատ «չոգևորվել» Փարիզին Մինսկի խմբից դուրս դնելու նախաձեռնությամբ, որովհետև այդ խնդրի լուծման համար անհրաժեշտ է լիարժեք կոնսենսուս՝ առաջին հերթին հակամարտության կողմերի միջև:
Անշուշտ Հայաստանում խորհրդարանական ընտրությունների նախաշեմին ՌԴ արտգործնախարարի այցը ունենալու է որոշ իմաստով «նախընտրական» ենթատեքստ:

Մոսկվայի ազդեցությունը Հայաստանի վրա շատ կողմերով կարևոր է՝ ընտրական գործընթացի ելքի կանխորոշման առումով: Կոպիտ ձևակերպմամբ՝ Կրեմլի աջակցությունը ընտրապայքարին մասնակից ուժերից որևէ մեկին կամ մի քանիսին, որպես կանոն, որոշակի ազդեցություն թողնում է ընտրազանգվածի տրամադրությունների և կողմնորոշումների վրա: Ըստ այդմ՝ չի բացառվում Լավրովի կողմից որոշակի նախընտրական «մեսիջների» հղումը հայաստանյան ընտրողներին, մանավանդ որ այդպիսի նախադեպեր նախկինում եղել են:

Եվ վերջապես, Հայաստանը՝ իբրև ՀԱՊԿ հիմնադիր անդամ պետություններից մեկը, Մոսկվայի կողմից դիտարկվում է նաև որպես ապագա Եվրասիական միության պոտենցիալ անդամ պետություն: Ռուսական որոշ ԶԼՄ-ների պնդմամբ՝ միանգամայն հավանական է, որ Լավրովի այցը նպատակ ունի Հայաստանին «նախապատրաստել» Եվրասիական տնտեսական համագործակցությանը (ԵվրԱզԷՍ) լիարժեք անդամակցության:

Անցած ամսվա վերջին Մոսկվայում գումարված ԵվրԱզԷՍ-ի ղեկավարների գագաթաժողովում Ռուսաստանի գործող նախագահը բաց տեքստով հայտարարեց, որ հենց այդ կառույցն է Կրեմլի կողմից դիտարկվում իբրև ապագա եվրասիական ինտեգրացիայի հիմնական օղակ: Մոսկվան գործնականում մինչև մայիս ամիսը «ժամանակ տվեց» կազմակերպության անդամ և դիտորդ պետություններին՝ կողմնորոշվելու այս հարցում: Մայիսին տեղի ունենալիք ԵվրԱզԷՍ-ի հաջորդ գագաթաժողովում Կրեմլին պետք են որոշակի արդյունքներ, և ըստ այդմ չի բացառվում, որ Լավրովը պաշտոնական Երևանին կառաջարկի ԵվրԱզԷՍ-ում դիտորդի կարգավիճակը փոխարինել մշտական անդամի կարգավիճակով:

Նկատի ունենալով եվրասիական ինտեգրացիայի գործընթացը առաջ մղելու Մոսկվայի ավելի քան հետևողական մտադրությունը, Հայաստանի ղեկավարությանը հազիվ թե հաջողվի երկար ժամանակ խուսանավել այս հարցում, և չի բացառվում, որ առաջիկա մայիսին հարկ կլինի որոշակի պատասխան տալ: Դատելով նրանից, որ Հայաստանի քաղաքական վերնախավի և հատկապես իշխանության «իմունիտետը» առանձնապես ամուր չէ արտաքին ճնշումներին դիմագրավելու առումով, պաշտոնական Երևանի բացասական պատասխանի հավանականությունը մեծ չէ:

Ուշագրավ է նաև, որ Լավրովը Ադրբեջանում մտադիր է քննարկել, ինչպես ռուսական ԶԼՄ-ներն են բնորոշում, «կասպիական պրոբլեմատիկան»: Խոսքը վերաբերում է Կասպից ծովի իրավական կարգավիճակին, որը մինչ օրս ճշգրտված չէ: Առափնյա 5 պետությունների (Ռուսաստան, Ղազախստան, Թուրքմենստան, Իրան, Ադրբեջան) միջև կան բազմաթիվ առանցքային ու երկրորդական հակասություններ, և կողմերն առայսօր չեն կարողանում մշակել համապարփակ կոնվենցիայի փոխադարձ ընդունելի նախագիծ: Սակայն վերջին շրջանի հիմնական խնդիրը Ռուսաստանի համար դարձել է արևմտյան ներթափանցման հնարավորությունը Կասպիական տարածաշրջան:

ԱՄՆ-ը և Եվրամիության որոշ ազդեցիկ շրջանակներ շարունակում են Թուրքմենստանից Ադրբեջան Տրանսկասպյան գազամուզի կառուցման ակտիվ լոբբինգը, որը ենթադրվում է միացնել Բաքու-Թբիլիսի-Էրզրում արդեն գործող գազամուղին, իսկ այդ խողովակաշարն էլ իր հերթին պետք է միանա նոր կառուցվելիք տրանսանատոլիական և տրանսադրիատիկ գազամուղներին: Այդպիսով թուրքմենական և ադրբեջանական գազը կարտահանվի Եվրոպա՝ կտրուկ նվազեցնելով ռուսական գազի մասնաբաժինը Եվրամիության երկրներում:

Ռուսաստանը և Իրանը դեմ են Տրանսկասպյան գազամուղի կառուցմանը և համատեղ ճնշում են գործադրում հատկապես Թուրքմենստանի վրա՝ որպես գազի հիմնական հավանական մատակարար: Բայց դրան զուգահեռ Մոսկվան անշուշտ փորձելու է «սրբագրել» նաև Բաքվի դիրքորոշումները: Ռուսաստանն արդեն իսկ բավական մեծ «քարթբլանշ» տվեց Ադրբեջանին՝ որևէ կերպ չխոչընդոտելեվ ինչպես Բաքու-Թբիլիսի-Էրզրում գազամուղի կառուցմանը, այնպես էլ տրանսանատոլիական գազամուղի կառուցման վերաբերյալ Անկարա-Բաքու համաձայնության կայացմանը՝ անցած տարվա հոկտեմբերին:

Գործնականում Մոսկվան արդեն իսկ Բաքվին է զիջել թուրքական գազի շուկայի մի մասը, իսկ տրանսանատոլիական գազամուղի կառուցմամբ Ադրբեջանը հնարավորություն կունենա տարեկան մինչև 10 մլրդ խմ գազ արտահանել Հարավարևելյան Եվրոպայի երկրներ, որոնք այսօր ռուսական «Գազպրոմի» հաճախորդներն են: Սա նույնպես որոշակիորեն կրճատելու է ռուսական գազի արտահանման ծավալներն այդ տարածաշրջանում, սակայն Մոսկվայում դա թերևս համարում են «չարիքի փոքրագույնը», որովհետև առավել հարուստ արևմտաեվրոպական շուկաները Բաքվի համար մնում են անհասանելի՝ ադրբեջանական ռեսուրսների սահմանափակության պատճառով:

Բայց եթե խաղի մեջ մտնի նաև Թուրքմենստանը, իրավիճակը կտրուկ կփոխվի ի վնաս Ռուսաստանի, և Լավրովը «կասպիական պրոբլեմատիկայի» համատեքստում թերևս որոշակիորեն նախազգուշացնելու է Բաքվին՝ ձեռնպահ մնալ Ռուսաստանի կենսական շահերին հարվածող գործողություններից: Այդ դեպքում Մոսկվայի և Թեհրանի համար անհամեմատ հեշտ կլինի «ձգել պնդօղակները» Թուրքմենստանի նկատմամբ:

Վարդան Վարդանյան

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter