HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Ամալյա Մարգարյան

Փոխնախարար. Հայաստանում կներդրվի պարտադիր կրթությունից դուրս մնացած երեխաների հաշվառման կարգ

Կրթության գիտության մշակույթի եւ սպորտի փոխնախարար Ժաննա Անդրեասյանն այսօր «Արմենպրես» լրատվական գործակալությունում կայացած ասուլիսի ընթացքում անդրադարձավ Կրթության միջազգային օրվան, որն այս տարի անցկացվում է «Վերապրեցնելով կրթությունը Covid-19-ի սերնդի համար» թեմայով, եւ որպես նպատակ է դրված քննարկել կրթության խնդիրներն ու առաջացած ճգնաժամը, եւ այն բոլոր լուծումները, որոնք առաջարկում են երկրները՝ լուծելու առաջացած խնդիրնեերը։

Այս ամենի մեջ նախարարի տեղակալն առանձնացրեց կրթության ոլորտի ֆինանսավորումը, քանի որ սոցիալ-տնտեսական վիճակն իր անմիջական ազդեցությունն է թողում այս ոլորտի վրա։ «Շատ կարեւոր է, որպեսզի կրթությունը շարունակվի դիտարկվել իբրեւ առաջնահերթություն: Պետությունները պետք է առաջնահերթ համարեն առնվազն այն ֆինանսավորումը, որն ուղղվում է ոլորտին»,- ասաց Անդրեասյանը։

Նախարարի տեղակալը նշեց նաեւ, որ համավարակը ազդեցության թողեց կրթության հավասարության եւ հասանելիության վրա, քանի որ կորոնավիրուսի օրերին կրթությունն իրականացվեց հեռավար եղանակով։

«Մենք տեսանք, թե ինչպես թվային խզման պատճառով ամբողջ աշխարհում կրթությունից դուրս մնաց երեք սովորողից մեկը` չունենալով հասանելիություն սարքին, կապին: Տեսանք մեծ անհավասարություն` սոցիալ-տնտեսական բարվոք պայմաններ ունեցող երկրների, ընտանիքների եւ մյուս երեխաների միջեւ», - նշեց Անդրեասյանը:

Փոխնախարարի խոսքով՝ Հայաստանի դեպքում ավելի դժվարացավ, քանի որ կորոնավիրուսից բացի նաեւ պատերազմ սկսվեց, եւ առանջային դարձավ պատերազմից տուժած երեխաների կրթության ապահովման անընդհատության հարցը։ Փոխնախարարը տեղեկացրեց, որ այսօր Հայաստանի հանրակրթական դպրոցներում սովորում են Արցախից եկած 7000 աշակերտներ, որոնց թիվը փոփոխական է։

Ժաննա Անդրեասյանն անդրադարձավ «Կրթության մասին օրենքում կատարված փոփոխություններին», որոնցից մեկը Կրթության կառավարման տեղեկատվական համակարգի վարման կարգն է, որն օրենքի այս փոփոխությամբ կարող է ընդունվել մինչեւ հունիսի 30-ը` որպես կառավարության որոշում։ Սա հնարավորություն է տալիս թվայնացման այն գործընթացները, որոնք վարում է նախարարությունն, ավելի ընդլայնել եւ հասցնել վերջնական նպատակի։ Ըստ նախարարի տեղակալի՝ Կրթության կառավարման տեղեկատվական համակարգում ընդգրկված են կրթության բոլոր մակարդակները:

Հավելեց նաեւ, որ այս տարի կգործի ատեստատների թվայնացման գործընթացը։

Կրթության մասին օրենքում կատարված փոփոխությունների մյուս կարեւոր բաղադրիչն այն է, որ նախատեսում է Հայաստանում ներդնել պարտադիր կրթությունից դուրս մնացած, ինչպես նաև կրթության առանձնահատուկ կարիք ունեցող երեխաների հաշվառման կարգ:

Փոխնախարարի խոսքով՝ մյուս նախարարությունների հետ ուշադրության կենտրոնում կպահեն կրթությունից դուրս մնացածներին, հաճախակի բացակայողներին։ Կրթության առանձնահատուկ պայմաններ ունեցող երեխաների պարագայում էլ կներդրվի համակարգ, որը թույլ կտա ունենալ ամբողջական տեղեկատվություն երեխայի կարիքների մասին:

«Կրթությունից դուրս մնացած երեխաների դեպքերը հայտնաբերելու գործընթացը պետք է կարգավորվի համապատասխան կարգով, որը մշակվել է և գտնվում է հաստատման վերջին փուլում: Կարգում հստակ նշվում են գերատեսչությունների անելիքներն ու պարտականությունները: Սահմանված են նաև այն ժամկետները, թե քանի օր բացակայելուց հետո դպրոցը համապատասխան հայտ պետք է ձևավորի համակարգում: Այդ մասին տեղեկությունը միանգամից հասանելի է դառնում գերատեսչություններին»,- ասաց Ժաննա Անդրեասյանը: Գերատեսչություններն ու դպրոցն դրանից հետո պետք է փորձեն բացահայտել դպրոց չհաճախելու պատճառը եւ կայացնել համապատասխան որոշում, օրինակ եթե խնդիրն առողջական է եւ շարունակվելու են բացակայությունները, երեխայի կրթություն կազմակերպել հեռավար, իսկ եթե առկա է ընտանեկան որեւէ այլ խնդիր, այն լուծել գերատեսչությունների հետ։

Ըստ Անդրեասյանի՝ սա նախադեպը չուենցող մեխանիզմ է լինելու։

Մյուս խնդիրը ֆինանսավորման հարցն է, ըստ Անդրեասյանի՝ ֆինանսավորման նոր կարգը թույլ կտա տարբեր գործոններ հաշվի առնել եւ վարել ճկուն քաղաքականություն։  

Լուսանկարը՝ Արմենպրեսի

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter