HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

«Պատերազմ լինի՝ ինձ չսպասես, տանկիստներից բան չի մնում»,- կնոջն ասել է հրամանատար Բուռնուսուզյանը

Փոխգնդապետ Վալենտին Բուռնուսուզյանը զոհվել է Արցախյան երկրորդ պատերազմում, տանկիստ էր, N զրահատանկային զորամասի հրամանատար։

Սեպտեմբերի 27-ին, երբ սկսվեց պատերազմը, փոխգնդապետ Վալենտին Բուռնուսուզյանը Հայաստանում չէր, մեկնել էր Աստրախան՝ մասնակցելու «Կովկաս 2020» զորավարժություններին։ «Ասում էր՝ Նար, երեխեքիս (զինվորներին) չեմ թողնի, եթե թույլ չտան թռիչքը, ոտքով եմ գալու կամ ուրիշ ձեւ կգտնեմ, կգամ, կհասնեմ»,- կնոջը՝ Նարինե Ժամկոչյանին հեռախոսով է ասել։

Փոխգնդապետը վերադարձել է սեպտեմբերի 30-ին, կինն ու երեխաները նրան դիմավորել են «Զվարթնոց» օդանավակայանում, ապա ճանապարհել Արցախ՝ Ջրական (Ջաբրայիլ)։ 

34-ամյա Վալենտին Բուռնուսուզյանը զոհվել է Արցախ հասնելու 3-րդ օրը՝ հոկտեմբերի 3-ին. տանկի արկի պայթյունից բեկորային վնասվածք է ստացել, վայրկյանների ընթացքում մահացել։ 

Վալենտին Բուռնուսուզյանը ծնվել է Ջավախքում` Ախալքալաքի շրջանի Արագվա գյուղում, փոքր հասակում ծնողները մահացել են, մեծացել է մորեղբոր ընտանիքում։ Գյուղի դպրոցն ավարտելուց հետո տեղափոխվել է Երեւան, ընդունվել Վ. Սարգսյանի անվան ինստիտուտ, ավարտելուց հետո ծառայության անցել Դիլիջանի տանկային զորամասում։ 

«Ամուսնության առաջին տարիներին մեկ-մեկ հարցնում էի՝ քո ընտանիքը ո՞ր տեղում է, ասում էր՝ չեմ կարող ասել, բայց հաստատ գիտեմ՝ գործս առաջին տեղում է…»,- ասում է Նարինեն։ Կնոջ խոսքով՝ իրենց հետ էլ էր փոխգնդապետը զինվորական կարգ ու կանոնով շփվում, տանը սիրում էր հրամաններ տալ, հրահանգում էր՝ հյուր գնալիս արագ պատրաստվել, կոկիկ հագնվել։ 

2016-ին Վալենտին Բուռնուսուզյանն ընդունվել է Վ. Սարգսյանի  անվ. ակադեմիայի հրամանաշտաբային ֆակուլտետ, ավարտելուց հետո որպես զրահատանկային գումարտակի հրամանատար ծառայության անցել Կապանում, ապա նշանակվել N զորամասի հրամանատար։ 

2019-ին ընտանիքի հետ բնակվում է Որոտանում (Կուբաթլու)։

  

Նարինեն ասում է, որ ամուսինը պատերազմից առաջ էլ տագնապ է զգացել եւ իրեն պատրաստ պահել ամեն ինչի: «12 տարվա մեր համատեղ կյանքի ընթացքում նա կարծես թե պատրաստվում էր էս ամեն ինչին: Ասում էր՝ որ պատերազմ լինի, ինձ չսպասես, տանկիստ եմ, իսկ տանկիստից ոչինչ չի մնում, տանկիստները վառվում են»,- պատմում է Նարինեն: Ամուսնու մարմինը նույն օրը մարտական ընկերները հանել են ռազմի դաշտից։

Վալենտինը վերջին անգամ զոհվելու օրն է զանգել, երկար զրուցել, հարց ու փորձ արել, իսկ մինչեւ Արցախ մեկնելը Նարինեին գոտեպնդող նամակներ գրել։ «Ինձ էդպես պինդ դարձրեց, գրեթե չեմ լացում, չեմ դժգոհում, դարձել եմ երկրորդ Վլե (ընկերներն էդպես էին կոչում), ուղղակի ժամանակ չունեմ թուլանալու»,- ասում է Նարինեն։

Առայսօր ամուսնու ընկերներից, զինվորներից նամակներ է ստանում: «Կան զինվորներ, որոնք ասում են՝ մեզ համար միայն հրամանատար չի եղել, որ զենք բռնել սովորեցնի, կյանքի ուղին է սովորեցրել։ Հատկապես ուշադիր էր ծնողազուրկ կամ խեղճ ընտանիքներից զինվորների նկատմամբ, ասում էր՝ ունեւորի հետեւից եկողը շատ է, չունեւորին է պետք տեր կանգնել»,- հիշում է Նարինե Ժամկոչյանը։

Նարինեի ծնողները Ռուսաստանում են բնակվում, իսկ Վալենտինի քեռու ընտանիքը ՝ Ջավախքում, սակայն Նարինեն երեխաների հետ որոշել է մնալ Հայաստանում։ Երեխաները դպրոց են գնում, ինքն էլ աշխատանքի է անցել Ա. Շիրկացու անվան ճեմարանում, մասնագիտությամբ բանասեր- մանկավարժ է։ Վստահ է՝ ամուսնու կիսատ թողած գործը պետք է շարունակել, երեխաների համար լավ ուսում ապահովել, նրանց համար տուն ստեղծել (ընտանիքը վարձով է բնակվում)։ 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter