HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արցախի ՄԻՊ-ը հրապարակել է զեկույց հայկական մշակութային ժառանգությանը սպառնացող վտանգի վերաբերյալ

Արցախի մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմը հրապարակել է զեկույց՝ Արցախի Հանրապետության` Ադրբեջանի օկուպացիայի տակ հայտնված տարածքներում հայկական մշակութային ժառանգության նկատմամբ իրականացված վանդալիզմի և հայկական հուշարձաններին սպառնացող ոչնչացման վտանգի վերաբերյալ: Այս մասին տեղեկացնում է Արցախի ՄԻՊ-ի աշխատակազմը։

«Արցախի Հանրապետության դեմ ռազմական ագրեսիայի հետևանքով Ադրբեջանի վերահսկողության տակ են մնացել մեծամասամբ հայոց պատմության և մշակույթի առնվազն 1456 նշանավոր անշարժ հուշարձաններ, այդ թվում՝ 161 վանքեր և եկեղեցիներ, 591 խաչքարեր, Տիգրանակերտի, Ազոխի, Նոր Կարմիրավանի, Միրիկի, Կերենի հնավայրերն ու բազմաթիվ բերդեր, ամրոցներ, սրբավայրեր և այլ հուշարձաններ: Ադրբեջանի վերահսկողության տակ են անցել նաև 8 պետական թանգարաններ՝ 19311 ցուցանմուշներով, ինչպես նաև Շուշիի գորգերի ու Հայկական դրամի մասնավոր թանգարանները: Զեկույցում ներկայացված են ադրբեջանաթուրքական ագրեսիայի ընթացքում և հրադադարից հետո արձանագրված՝ հայկական մշակութային ժառանգության ոչնչացման ու վանդալիզմի մի շարք դեպքեր, ներառյալ՝ Շուշիի Ղազանչեցոց Սուրբ Ամենափրկիչ և Սուրբ Հովհաննես Մկրտիչ (Կանաչ ժամ) եկեղեցիների դիտավորյալ թիրախավորման ու վանդալիզմի դեպքերը։

Զեկույցում անդրադարձ է կատարվում նաև Ադրբեջանի կողմից Արցախի հայկական մշակութային ժառանգության վերաբերյալ ապատեղեկատվության միտումնավոր տարածման և մշակութային կոթողները «ալբանիզացնելու» քաղաքականությանը, ինչը ևս ոչնչացման սպառնալիքի տակ է դնում Արցախի տարածքում հայկական մշակութային ժառանգությունը: Վերհանված դեպքերի և հայատյացության համատեքստի վերլուծությունը ցույց են տալիս, որ հայկական մշակութային ժառանգության ոչնչացումն ու խեղաթյուրումը կրում են համակարգված ու համատարած բնույթ: Ադրբեջանի պետական մարմինների ու հանրային դեմքերի գործողություններն ու հայտարարությունները վկայում են այն մասին, որ դա հատուկ պետական քաղաքականություն է՝ հենված հայ ազգի դեմ ատելության խրախուսման հանցավոր քաղաքականության վրա: Հաշվի առնելով ադրբեջանական իշխանությունների կողմից Ադրբեջանի վերահսկողության տակ հայտնված տարածքներում հայկական մշակութային ժառանգությունը կանխամտածված ոչնչացնելու բազմաթիվ նախադեպերն ու առկա իրական վտանգները՝ Արցախի Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմը հրատապ է համարում միջազգային համապատասխան կառույցների, հատկապես ՅՈՒՆԵՍԿՕ-ի, կողմից Արցախի տարածքում մշակութային ժառանգության պահպանման ուղղությամբ արդյունավետ ու անհապաղ քայլերի ձեռնարկումը», - նշված է հաղորդագրության մեջ:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter