HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Երանուհի Սողոյան

Պատերազմի 30 օրերի զարհուրելի պատկերները՝ ամփոփված Շանթի չտեսնող աչքերում

Լույս ու ստվերի աշխարհ տեղափոխված Շանթի համար կողմնորոշիչն իմ ձայնն է: Ձեռքի հպումով հաստատում եմ ներկայությունս ու տեղավորվում բազմոցին: Տղան շարունակում է մնալ բազկաթոռի վրա նույն դիրքով՝ կիսադեմով ինձ, ձեռքն այտին հենած: Որեւէ զգացմունք չարտահայտող դեմքից դժվար էր գուշակել, թե ինչ է կատարվում նրա հոգում, գուցե դեռ շարունակվում էին փոթորկվել պատերազմական հուշերը:

Սեպտեմբերի 26-ին ծնունդն էր, լրացել էր 19-ամյակը: Ընկերները, հարազատները շնորհավորել էին, առողջություն մաղթել, անփորձանք ծառայություն ու խաղաղություն սահմաններին: Ծնունդի հաջորդ օրը պատերազմ էր: Մի քանի օր անց թշնամին պայթեցնելու էր իրեն ամրակցված «ԿամԱԶ» մակնիշի մեքենան: Աստծո կամոք, թե երջանիկ պատահականությամբ մեքենայում չէր լինելու: Պատերազմի՝ իրեն բաժին հասած ժամանակահատվածում, պահապան հրեշտակը, մինչեւ խավարի թագավորության դռները բախելը, մեկ անգամ եւս փրկելու էր վերահաս մահից: Երրորդ փորձությունը ճակատագրական էր լինելու:   

Շանթը պատմում է, պատմում՝ հստակ չհիշելով դեպքերի հետ կապված օրերի հերթագայությունը: Պայթյունների, հոգեմաշ սպասումների, ողջ մնալու հույսը մինչեւ լուսաբաց պահելու ժամերն այդպես էլ հստակ հիշվող օրացույցային օրերի չեն վերածվել տղայի համար, այլ՝ ամփոփվել պատերազմի 4-րդ, 5-րդ, 10-րդ կամ 21-րդ օրը հասկացության մեջ: Այնպես, ինչպես սովորաբար սկսում են տուն վերադարձի հաշվարկը բանակ զորակոչվածները:

Շանթը բանակ է զորակոչվել 2020թ.-ի հունվարի 14-ին: Ծառայության վայրը Մատաղիսն էր: Ինն ամսվա ծառայող էր,երբ սկսվեց պատերազմը: «Ծնունդիս օրը՝ պատերազմից մի օր առաջ, մեր սպաներից մեկը զանգեց, թե սնարյադ կա տանելու, մի 3-4 ժամվա ճանապարհ էր՝ շատ խառը, ու դա մենակ ես գիտեի,-պատմում է Շանթը,- մենք գնացինք, սնարյադը տարանք ուրիշ զորամաս, արդեն ուշ ժամ էր, ասին՝ մնացեք էստեղ, որ առավոտ լույս աչքով սնարյադները թափենք: Առավոտը ժամը 7:15-ից սկսեցին խփելը: Մենք Հոռաթաղում էինք, տագնապ տվեցին: Մեր մոտ սպա չկար, մեկը չկար ասեր, թե էդ սնարյադներն ուր պիտի տանենք կոնկրետ: Հետո իմացանք, որ բոլոր սպաները Մատաղիսի շտաբում էին: Սպասեցինք, մի քանի ժամից Հոռաթաղի սպաներից մեկը եկավ, տարան իրանց պոստեր, սնարյադները դատարկեցինք, հետո ասին՝ գնացեք, էլի սնարյադներ բերեք, արդեն ուշ գիշեր էր, կապ տվեցինք մեր սպաներին, ասին՝ բերեք Մատաղիս»:

Շանթը պատմում է, որ իրենց զորամասից ընդամենը երկու-երեք հոգի են եղել վարորդ, իմացել բոլոր ճանապարհները, սակայն ամենաշատն իրեն է վստահվել բեռ տեղափոխելը: Ասում է՝ ով հրաժարվել է, ինքն է նստել մեքենայի ղեկին, որովհետեւ տղաները սպասել են սննդի, զինամթերքի: «Մի տեղ կար, պիտի սնունդ տանեի, էդտեղ հեչ չէին տարել, կռվի 5-րդ կամ 6-րդ օրն էր, ԱԹՍ-ով սնարյադ գցեցին, ավտոն պայթավ, մեջը չորս հոգի մարդ կար բացի ընձնից, մենակ ես էի հասցրել թռնել փոսը, իրանք զոհվեցին: Ցերեկվա կողմ էր, հրամկազմից եկան, գիտեին ես էլ էի մահացել, բայց՝ չէ: Գնացինք 18-րդ պոստ, բայց արդեն Թալիշը վերցրել էին: Հետո մեր զորամասին նահանջ տվեցին, Մատաղիսից դուրս ենք եկել, մի բարձր դիրք կար, էնտեղ դիրքավորվել ենք, որ թշնամին առաջ չգա»:

Շանթի հայրը՝ Սեդրակ Ամբարդարյանը, հպարտանում է, թե տղան շատ լավ մեքենա է վարում փոքր տարիքից: «Ես պատերազմը սկսվելու օրվանից Շանթին մենակ մի բան էի խնդրել, որ թե հնար ունի, օրը գոնե մեկ անգամ զանգի, մենակ ձենը լսեմ ու կախեմ: Ինքը երբեք բան չի պատմել, ինչ լսել ենք իր արածներից, ուրիշներից ենք լսել: Ու ես հպարտ եմ, որ էս ձեւի տղա ունեմ»,- հիշում է Սեդրակը:

Բեռնատար մեքենան փոխարինվում է շտապօգնության մեքենայով: Շանթն ասում է՝ երեք օր, գիշեր-ցերեկ քշել է՝ տեղափոխելով վիրավորներին, զոհված տղաների դիակները, անգամ՝ զինամթերք: «Նահանջից մի քանի օր առաջ մեր հրամանատարը խփվեց՝ նոր հրամանատար ուղարկեցին: Վիրավորներին հանելու համար շոֆեր ուզեցին, ու կամբատն եկավ, ասեց՝ ես գիտեմ, որ դու լավ կքշես, ըսել եմ՝ հարց չկա: Երեք օր քշել եմ, ցերեկը չէինք կրնա շարժվի, հիմնականում գիշերները, զենք կտանեի, վիրավորներ, զոհվածների դիակները կտեղափոխեինք: Երրորդ օրը ես ու մեր սպաներից մեկն էինք, սկոռիով պերեվալներից մեկի վրա շուռ եկանք փոսը: Ինքը ստացել էր լուրջ վիրավորումներ՝ ողնաշարն էր կոտրվել, երեւի 2 ժամ տանջվել եմ, որ հանել եմ ավտոյի մեջից, հետո կապի եմ դուրս եկել, ասել եմ՝ ինչ է եղել, ու մի քանի ժամից եկել, մեզ տարել են»:

Դրանից հետո Շանթը հրաժարվել է մեքենա վարել եւ հայտնել է, որ ցանկանում է զինակից ընկերների հետ խրամատներում լինել: Եվս 15-օրյա պայքար, այս անգամ դիրքերում՝ զենքը ձեռքին: Շանթը վիրավորվել է հոկտեմբերի 26-ին: Այդ օրը երկրորդ անգամ հրադադար էր հայտարարվել, որը թշնամին խախտեց 10 րոպե անց: «Մատաղիսի ու Մարտակերտի արանքում էինք, դա էինք պահում, որ չգան հասնեն «Եղնիկներ» ու սեղմեն դեպի Մարտակերտ, էդ ժամանակ շատ դժվար կեղներ: Թշնամին հա գուզեր էդ դիրքը վերցներ,- պատմում է Շանթը,- իմ վիրավորված ժամանակ մեր վրա հրետանիով կկրակեին: Փոսի մեջ ես ու ընկերս էինք՝ Միրզոյան Արթուրը Աշոցքից: Արկն օր պայթավ, բեկորները սաղ ընկան ընկերոջս վրա, ինքն ընկավ իմ վրա ու էդ պահից էլ բան չեմ տեսել՝ լրիվ խավար էր»:

Հետո արդեն, ոչ Շանթի ներկայությամբ, հայրը պատմեց, որ վիրավորումից երկու, թե երեք օր առաջ տղան զանգել է, հարցրել՝ տան հարեւանությամբ կառուցվող մատուռն ավարտե՞լ են, թե ավարտել են՝ դռան վրա իր անունը փորագրեն: «Ես կակռազ էդ ժամանակ մատուռի դուռը կդնեի, ջղայնացա, օր էդ բաներն ըսեց, հասկցա, օր կենդանի մնալու հույսը կորցրել է: Ես ինչքան գիտեմ սրբի մատուռի վրա նահատակների անունները կգրեն: Ասի՝ տղա ջան, հերիք հիմար բաներ ըսես, դու ողջ ու առողջ տուն գուկաս, բացումն իրար հետ կենենք,- Սեդրակը կրկին հուզվում է՝ հավանաբար հիշելով այդ օրվա խոսակցությունը,- հոկտեմբերի 26-ին ինքը չզանգեց, շատ անհանգիստ էինք, հետո զանգ ստացանք մի անծանոթ համարից՝ պարզվեց բժիշկն էր, իմացանք, որ «Մուրացան» հոսպիտալում է, բայց մինչեւ հասանք Երեւան, Շանթին արդեն տարել էին Մալայանի ակնաբուժական կլինիկա: Էնտեղ էլ հաջորդ օրը վիրահատեցին»:

Մինչեւ Երեւան հասնելը, Շանթի ծնողները հստակ պատկերացում չեն ունեցել, թե ինչ է կատարվել տղայի հետ, ինչպիսի վիրավորում է ստացել: Տղան խոսելիս ասել է, թե մի փոքր վիրավոր է: Մայրը՝ Նաիրան, ասում է, որ Շանթին խոստացել է չարտասվել իր ներկայությամբ, որքան հնարավոր է՝ փորձում է խոստումը պահել: Հիվանդասենյակում, երբ Շանթը տեղեկացել է, որ մայրն էլ է եկել, փորձել է առավել անհոգ ձեւանալ, անգամ կատակել է, թե՝ ինձ ի՞նչ է եղել, ես լավ եմ, ոտքերս ու ձեռքերս տեղն են: «Ինքը անընդհատ կփորձեր իրան ձիգ պահել, մենք էլ կաշխատեինք ձիգ մնալ՝ չկոտրվել: Ես շատ բան չեմ ուզե, իրա ոտի տակը տեսնի, գոնե էդ մի աչքը տեսնի, էլ բան չեմ ուզե»,- ասում է Նաիրան:  

«Բժիշկն ասում է՝ պիտի սպասենք, որ արյունը նստի, հասկանանք՝ ձախ աչքի հետ ինչ պիտի անենք,- հավելում է Սեդրակը,- աջ աչքը բացակայում է ընդհանրապես, ձախ աչքի ցանցաթաղանթն անջատված է»:

Շանթի ծնողները գոհ են ակնաբույժներից, ասում են՝ արել են հնարավորն ու անհնարը, սակայն հույս ունեն, որ գուցե որեւէ բարերար կօգնի տղային տանել արտերկիր: Մեկ աչքի փրկությունն Ամբարդարյանների ընտանիքում դարձել է գերնպատակ: Շանթը մինչեւ զորակոչվելն ընդունվել էր Շիրակի պետական համալսարան՝ դառնալով ֆիզիկական կուլտուրայի ու սպորտի բաժնի ուսանող: Ուսումը շարունակելն ընտանիքում առայժմ չի քննարկվում:    

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter