HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Ուսումնական գործընթացի կազմակերպման ձեւը կորոշեն ֆակուլտետները. ԵՊՀ դեկանները հանդիպել են Գեղամ Գեւորգյանի հետ

ԵՊՀ գիտական խորհրդի նիստերի դահլիճում այսօր տեղի է ունեցել ԵՊՀ ռեկտորի պաշտոնակատար Գեղամ Գևորգյանի և ֆակուլտետների դեկանների ու կրթական կենտրոնների ղեկավարների հանդիպումը, որի ընթացքում քննարկվել են ուսումնական գործընթացի կազմակերպման ձևի և լսարանների անվանափոխությունների վերաբերյալ հարցեր: Այս մասին տեղեկացնում է ԵՊՀ տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի բաժինը։

«Այսօր հրավիրված հանդիպման առաջին մասում տեղի է ունեցել պրոֆեսոր Արմեն Թռչունյանին հետմահու պետական պարգևով պարգևատրման արարողությունը, որին ներկա էր ԿԳՄՍ նախարար Վահրամ Դումանյանը:

Պարգևատրման արարողության ավարտից հետո ԵՊՀ ռեկտորի պաշտոնակատար Գեղամ Գևորգյանը հայտնեց, որ հանդիպման օրակարգում ներառված է երկրորդ կիսամյակի ուսումնական գործընթացի կազմակերպման հարցը: 

Նա տեղեկացրեց, որ նախարարությունից երեկ ստացվել է գրություն, ըստ որի՝ երկրորդ կիսամյակի ուսումնական գործընթացն անհրաժեշտ է կազմակերպել առկա ուսուցմամբ: Նշված է նաև, որ ըստ անհրաժեշտության՝ համապատասխան դասընթացների համար ուսումնական պլանով նախատեսված դասախոսության ժամերը կարող են կազմակերպվել հեռավար: 

Բացի դրանից՝ ասվում է, որ պետք է խստագույնս պահպանել հակահամաճարակային կանոնները և անհրաժեշտ անվտանգության երաշխիքները: Բարձրաձայնված հարցերին ի պատասխան՝ Վահրամ Դումանյանը նշեց, որ գրությունն ուղարկվել է՝ ելնելով կանոնակարգային նորմերից, բայց համալսարաններն ազատ են՝ հարցը որոշելու բուհական ինքնավարության շրջանակում:

Այնուհետև՝ նախարարի հեռանալուց հետո, Գեղամ Գևորգյանն առաջարկեց առաջին կիսամյակի ուսումնական գործընթացի կազմակերպման կարգի վերաբերյալ հրապարակված հրամանը համարել ուժի մեջ, ըստ որի՝ ուսումնական գործընթացը կարող է կազմակերպվել առկա և հեռավար ձևերի համադրությամբ:

Գեղամ Գևորգյանը չբացառեց, որ օրինակ մեկ ամիս անց կարող է որոշվել ուսումնական գործընթացն ամբողջովին իրականացնել առկա ձևով:

Հիշեցնենք, որ հրապարակված հրամանի համաձայն՝ յուրաքանչյուր ուսանողի համար առկա դասաժամերը կարող են կազմակերպվել շաբաթական առավելագույնը երկու օր, օրական առավելագույնը 3 ժամ, իսկ մեկ լսարանում ուսանողների թիվը չպետք է գերազանցի 30-ը: Բացի դրանից՝ սահմանվում է, որ մեկ ուսումնական մասնաշենքում միաժամանակ գտնվող ուսանողների թիվը չպետք է գերազանցի 150-ը:

Նիստի ընթացքում հնչեցին տարբեր մեկնաբանություններ և առաջարկներ: ԵՊՀ ՈՒԽ նախագահ Դավիթ Ափոյանն էլ ներկայացրեց կառույցի կողմից անցկացված առցանց հարցման արդյունքները, որին մասնակցել է 3800 ուսանող: Ըստ պատասխանների՝ նրանցից 58 տոկոսը կողմ է եղել, որ դասերն անցկացվեն առկա ձևով: 

Գեղամ Գևորգյանը հայտնեց, որ կան ֆակուլտետներ, որոնք ցանկանում են դասերն ամբողջովին իրականացնել հեռավար, ֆակուլտետներ էլ կան, որ գործնական պարապմունքները ցանկանում են անցկացնել առկա, իսկ հոսքային դասախոսությունները՝ հեռավար: Ըստ այդմ՝ որոշվեց, որ ուսումնական գործընթացի կազմակերպման ձևը կորոշեն ֆակուլտետներում:

Հանդիպման օրակարգային մյուս հարցով քննարկվեց պատերազմում զոհված ուսանողների անունով լսարաններ անվանակոչելու հարցը: Գեղամ Գևորգյանը նշեց, որ պատերազմի ընթացքում, չճշտված տվյալներով, համալսարանից եղել է 55 զոհ, չճշտված, քանի որ կան անհետ կորածներ: Գեղամ Գևորգյանը չբացառեց, որ զոհված ժամկետային զինծառայողների շարքում ևս կլինեն համալսարանականներ, որոնց վերաբերյալ դեռ հստակ տեղեկատվություն չկա:

Նա նշեց, որ կան տարբեր առաջարկություններ՝ լսարաններ անվանափոխելու վերաբերյալ, և առաջարկեց որոշ ժամանակ սպասել: Գեղամ Գևորգյանն ասաց, որ 3 ամսից կարելի է մրցույթ հայտարարել, զոհված զինվորների հիշատակին նվիրված քանդակ պատվիրել, որը կտեղադրվի համալսարանի հարակից տարածքում նախատեսվող ճեմուղում: Նա այս ընթացքում մտածելու և առաջարկություններով հանդես գալու կոչ արեց դեկաններին»,- նշված է հաղորդագրության մեջ:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter