
Կառավարությունն առաջարկում է վիճակախաղերի գովազդները թույլ տալ միայն 22:00-ից մինչև 07:00-ն ընկած ժամանակահատվածում
Կառավարությունը խորհրդարան է ուղարկել «Գովազդի մասին» օրենքում փոփոխություն կատարելու նախագիծ՝ առաջարկելով լրատվական կայքերի միջոցով իրականացվող վիճակախաղերի գովազդների նկատմամբ ծավալային սահմանափակման փոխարեն կիրառել ժամային սահմանում: Գործող օրենքով՝ լրատվական կայքերի միջոցով իրականացվող վիճակախաղերի գովազդների նկատմամբ առկա է 20 % կայքէջի ծավալային սահմանափակում: Գործադիրն առաջարկում է նման գովազդները թույլ տալ միայն 22:00-ից մինչև 07:00-ն ընկած ժամանակահատվածում:
«Գովազդի մասին» օրենքի համաձայն՝ վիճակախաղի կազմակերպիչն իրավունք ունի համացանցով գովազդելու վիճակախաղը, գովազդը արգելվում է իրականացնել մանկապատանեկան, կրթական, բժշկական, սոցիալական կայքերի միջոցով, իսկ լրատվական կայքերում գովազդը չպետք է գերազանցի տվյալ կայքէջի 20 %-ից ավելին: Ըստ Կառավարության հիմնավորման՝ հաշվի առնելով, որ չկան հստակ չափորոշիչներ և գործիքներ, որոնք հնարավորություն կտան լրատվական կայքերում տեղադրված գովազդը տվյալ կայքէջի 20 %-ից ավելին որակելու կամ չորակելու համար, ուստի նման մոտեցումը խնդրահարույց է թե՛ ոլորտի կարգավորման պրակտիկ իրացման, թե՛ վերահսկողության տեսանկյուններից: Հետևաբար անհրաժեշտ է օրենքով սահմանված պահանջը քննարկել օրենսդրական կարգավորումների պրակտիկ իրացման տեսանկյունից:
Օրենքի համաձայն՝ ՀՀ պետական կառավարման լիազորված մարմինն իրավասու է տուգանք կիրառել գովազդատուի, գովազդ արտադրողի, գովազդակրի նկատմամբ գովազդային օրենսդրության խախտման մասին իր ծանուցագրերի պահանջների կատարումից խուսափելու կամ ժամանակին չկատարելու համար: Սակայն ըստ Կառավարության՝ նշված կարգավորումներից հստակ չէ, թե պատասխանատվությունը որ խախտումների համար է կիրառվում:
Առաջարկվում է օրենքը հստակեցնել՝ նախատեսելով, որ նշված պահանջը վերաբերում է վիճակախաղերի, ինտերնետ շահումով խաղերի, շահումով խաղերի և խաղատների գովազդների համար սահմանված պահանջների խախտումներին:
Նախագիծը շրջանառության մեջ է դրվել հունվարի 25-ին: Հիշեցնենք, որ այն պետք է ստանա գլխադասային հանձնաժողովի եզրակացությունը՝ լիագումար նիստերի օրակարգում հայտնվելու համար:
Մեկնաբանել