HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արաքս Մամուլյան

Վահագն Վերմիշյանը կմնա կալանքի տակ, Վերաքննիչ դատարանը մերժել է պաշտպանի բողոքը

Վերաքննիչ քրեական դատարանը՝ նախագահությամբ դատավոր Արմեն Բեկթաշյանի, երեկ՝ հունվարի 25-ին, մերժել է Քաղաքաշինության կոմիտեի նախկին նախագահ Վահագն Վերմիշյանի կալանավորման ժամկետը երկարացնելու որոշման դեմ նրա պաշտպանի բողոքը։ Այս մասին «Հետք»-ի հարցին ի պատասխան ասաց Վերմիշյանի պաշտպան Մուշեղ Առաքելյանը։

Այն գործով, որով Վերմիշյանը մեղադրյալի կարգավիճակ ունի, անցնում են նաև Քննչական կոմիտեի Երևանի քննչական վարչության նախկին պետ Ջոն Ֆարխոյանը, Երևան շին» ՓԲԸ-ի նախագահ Վազգեն Պողոսյանն ու ևս 5 անձ։ Այս գործն արդեն ուղարկվել է դատարան, մակագրվել դատավոր Մնացական Մարտիրոսյանին, ով փետրվարի 1-ին նիստ է նշանակել՝ անազատության մեջ գտնվող միակ մեղադրյալի՝ Վահագն Վերմիշյանի խափանման միջոցի հարցը քննության առարկա դարձնելու համար։ Այսինքն՝ առաջիկա օրերին՝ գործը դատաքննության նախապատրաստելիս, Վերմիշյանի խափանման միջոցի հարցը նորից քննության առարկա կդառնա։

Ըստ «Դատալեքսում» առկա տեղեկատվության՝ Վահագն Վերմիշյանը, 2019 թվականի մարտի 21-ից զբաղեցնելով Քաղաքաշինության կոմիտեի նախագահի պաշտոնը, 2019թ. սեպտեմբերից մինչև 2020թ փետրվարի 5-ն ընկած ժամանակահատվածում իր պաշտոնեական դիրքը ծառայության շահերին հակառակ օգտագործելով, չարաշահել է իր պաշտոնեական լիազորությունները և խախտելով «Հանրային ծառայության մասին» ՀՀ օրենքի 31-րդ հոդվածի պահանջները՝ զբաղվել է ձեռնարկատիրական գործունեությամբ, ինչպես նաև ստացել է խոշոր և առանձնապես խոշոր չափերի հասնող կաշառք, պաշտոնեական դիրքն օգտագործելով խարդախությամբ հափշտակել ուրիշի՝ խոշոր չափերի հասնող գույքը։ Նշենք, որ «Հանրային ծառայության մասին» օրենքի 31-րդ հոդվածը սահմանում է, որ հանրային պաշտոն զբաղեցնող անձինք և հանրային ծառայողները չեն կարող զբաղեցնել որևէ պաշտոն առևտրային կազմակերպություններում։

Վազգեն Պողոսյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա Գագիկ Գալստյանի հետ նախնական համաձայնությամբ, վերջինիս միջոցով պաշտոնատար անձին տվել է առանձնապես խոշոր չափերով կաշառք՝ իր և Գագիկ Գալստյանի օգտին պաշտոնատար անձի կողմից ծառայության գծով հովանավորչություն կատարելու, ինչպես նաև նրա լիազորությունների շրջանակում որևէ գործողություն կատարելու և պաշտոնեական դիրքն օգտագործելով իրենց օգտին գործողություն կատարելուն նպաստելու համար։

Ջոն Ֆարխոյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա պաշտոնատար անձին անձամբ տրամադրել է 952.000 ՀՀ դրամին համարժեք 2.000 ԱՄՆ դոլար գումար կաշառք իր օգտին պաշտոնատար անձի կողմից պաշտոնեական դիրքն օգտագործելով որևէ գործողություն կատարելու կամ չկատարելուն նպաստելու, ծառայության գծով հովանավորչության համար։

Ռազմիկ Խուրշուդյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա կազմակերպչական-տնօրինչական և վարչատնտեսական լիազորություններով օժտված, պաշտոնատար անձ հանդիսացող ՀՀ քաղաքաշինության կոմիտեի նախագահ Վահագն Վերմիշյանին տվել է կաշառք, մասնավորապես` անձամբ պաշտոնատար անձին առաջարկել է այլ անձի համար գույք` իր օգտին պաշտոնատար անձի կողմից իր լիազորությունների շրջանակում որևէ գործողություն կատարելու կամ պաշտոնատար անձի կողմից իր պաշտոնեական դիրքն օգտագործելով այդպիսի գործողություն կատարելուն նպաստելու համար:

Գագիկ Գալստյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա Վազգեն Պողոսյանի հետ նախնական համաձայնությամբ, պաշտոնատար անձին տվել է առանձնապես խոշոր չափերով կաշառք` իր և Վազգեն Պողոսյանի օգտին պաշտոնատար անձի կողմից ծառայության գծով հովանավորչություն կատարելու, ինչպես նաև նրա լիազորությունների շրջանակում որևէ գործողություն կատարելու և պաշտոնեական դիրքն օգտագործելով իրենց օգտին գործողություն կատարելուն նպաստելու համար:

Մուշեղ Ավետիսյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա Նատալիա Չեռնիկովայի հետ նախնական համաձայնությամբ, «Ավետիսյան Քոնսթրաքշն» ՍՊ ընկերության հաշվապահներ Էլեն Գրիգորյանի և Վրեժ Ասրյանի օժանդակությամբ պատրաստել և օգտագործել են ակնհայտ կեղծ փաստաթղթեր:

Էլեն Գրիգորյանին և Վրեժ Ասրյանին մեղադրանք է առաջադրվել Մուշեղ Ավետիսյանին և Նատալիա Չեռնիկովային ակնհայտ կեղծ փաստաթղթեր պատրաստելու և իրացնելու հարցում օժանդակելու համար։

Մեզ հետ զրույցում Մուշեղ Առաքելյանը նշեց, որ չնայած Վահագն Վերմիշյանը քրեական գործի հարուցումից հետո ազատվել Քաղաքաշինության կոմիտեի նախագահի պաշտոնից՝ նրա կալանքը երկարացնելու հիմնավորումներում շարունակ շեշտվում է նրա պաշտոն զբաղեցրած լինելու հանգամանքը։

«Որքա՞ն կարելի է Քաղաքաշինության կոմիտեի նախագահ լինելու հանգամանքը կապել կալանքի հիմքերի հետ այն դեպքում, երբ Վերմիշյանը դեռևս 8 ամիս առաջ է ազատվել այդ պաշտոնից, և համապատասխան փաստաթղթերը ներկայացվել են և՛ նախաքննական մարմնին, և՛ դատարաններին, որոնք քննել են նրա խափանման միջոցի հարցը»,- ասաց Մուշեղ Առաքելյանը։

Նշենք, որ Վահագն Վերմիշյանը Քաղաքաշինության կոմիտեի նախագահ է նշանակվել 2019 թվականի մարտի 21-ին, և 2020 թվականի փետրվարի 27-ին ազատվել այդ պաշտոնից։

Լուսանկարում՝ Վահագն Վերմիշյանը (մեջտեղում)

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter