HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

«Վիվա» բարեգործական հիմնադրամի ջանքերով Հայաստանում վերապատրաստվում են զինվորների վերականգնմամբ զբաղվող բժիշկները

«Հանրային կապերի և տեղեկատվության կենտրոն» ՊՈԱԿ-ի հաղորդագրության համաձայն՝ բժիշկ ռեաբիլիտոլոգ Վադիմ Մուխամետզյանովը եկել է Ռուսաստանից՝ զինծառայողների վերականգնմամբ զբաղվող հայ մասնագետներին վերապատրաստելու համար։ Նրանց սովորեցնում է՝ ինչպես օգտագործել «Էկզարտա» կինեզոթերապևտիկ սարքավորումը, որը շուտով գործարկվելու է Հայաստանի և Արցախի մի քանի բուժհաստատություններում։

Սարքավորումը նվիրաբերել է «Վիվա» բարեգործական հիմնադրամը։ «Այսօրվա դրությամբ ամենակարևոր խնդիրը զինվորների վերականգնումն է, և ըստ այդմ մի քանի ուղղությամբ ենք իրականացնում ծրագրեր, որոնցից մեկը հենց այս ծրագիրն է մասնագետների պատրաստման և զինվորների վերականգնողական աշխատանքներով զբաղվող կենտրոնների սարքավորումների բազայի արդիականացման համար», - ասում է «ՎԻՎԱ» բարեգործական հիմնադրամի հայաստանյան ներկայացուցիչ Աստղիկ Մարկոսյանը:

Ռուս բժշկի հետ 5-օրյա դասընթացն անցկացվել է «Կուրորտաբանության և ֆիզիկական բժշկության գիտահետազոտական ինստիտուտ»-ում, որտեղ ևս օգտագործվելու է այս սարքավորումը։ Դասընթացին մասնակցել են կինեզոթերապիստներ Երևանից, Գյումրիից և Արցախից։

«Հենց դեկտեմբեի 31-ին ստացանք այս սարքավորման մի քանի օրինակ, որոնք նախատեսվում են բաշխել Հայաստանի մի քանի բուժկենտրոններով», - ասում է «Կուրորտաբանության և ֆիզիկական բժշկության գիտահետազոտական ինստիտուտ»-ի տնօրեն Տիգրան Վահրամյանը:

«Էկզարտա» կինեզոթերապևտիկ սարքավորումը հնարավորություն է տալիս մարմնի շարժումներ կատարել առանց ձգողության՝ օգնելով հիվանդին օդում կախված վիճակում շարժել մկանները։

«Քանի որ մեր զինծառայողների մոտ մեծամասամբ կան նյարդամկանային, հոդային վնասվածքներ, շատ արդիական է այս սարքավորումը վերականգնման գործընթացում ավելի արագ և դրական արդյունքներ ունենալու համար», - ասում է «Կուրորտաբանության և ֆիզիկական բժշկության գիտահետազոտական ինստիտուտ»-ի տնօրեն Տիգրան Վահրամյանը:

Գիտահետազոտական ինստիտուտում այժմ բուժվում է ավելի քան 100 զինծառայող։

Հիմնադրամը շարունակելու է աջակցության տարբեր ծրագրեր իրականացնել և օգնել զինծառայողներին ապաքինվել շատ ավելի արագ։

Լուսանկարը՝ ինստիտուտի ֆեյսբուքյան էջից

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter