HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արաքս Մամուլյան

Արմեն Ավետիսյանի տան վրա հարձակման գործով դատապարտյալը խնդրել է իր և Լևոն Սարգսյանի միջև առերեսում չիրականացնել

«Ալրաղացի Լյովիկ» անունով հայտնի Լևոն Սարգսյանի գործով մեղադրող Վաչե Ղազարյանը պնդում է, որ կալանավորումը միակ խափանման միջոցն է, որը կարող է ապահովել Սարգսյանի պատշաճ վարքագիծը։ Երևանի ընդհանուր իրավասության դատարանում` Լևոն Սարգսյանի խափանման միջոցի գործով դատական նիստի ընթացքում, Ղազարյանը նշեց, որ ազատության մեջ մնալով՝ Լևոն Սարգսյանը կարող է թաքնվել վարույթն իրականացնող մարմնից և խոչընդոտել գործի քննությանը՝  դատավարության մասնակիցների վրա  անօրինական ազդեցություն գործադրելով։ Դատախազը հիշեցրեց, որ Լևոն Սարգսյանի նկատմամբ հետախուզում է հայտարարված եղել, որ նա, տեղեկանալով նկատմամբ քրեական հետապնդման մասին,  չի ներկայացել վարույթն իրականացնող մարմնին, գտնվել է Ռուսաստանի Դաշնությունում ու դիմում ներկայացրել՝ այնտեղ քաղաքացիություն ստանալու համար, սակայն դիմումը մերժվել է:

«Առկա է ողջամիտ հավանականություն, որ Լևոն Սարգսյանը կարող է կրկին թաքնվել վարույթն իրականացնող մարմնից: Ինչ վերաբերում է դատավարության մասնակիցների վրա ազդեցություն գործադրելուն, ապա նշեմ, որ քրեական գործով տվյալներ են ձեռք բերվել այն մասին, որ իրականացված ավազակային բացահայտումից հետո Լևոն Սարգսյանը սույն քրեական գործով դատակոչված անձանցից մեկին հրահանգել է հարցաքննությունների ընթացքում իր անունը չտալ: Բացի այդ՝ սույն քրեական գործով նախաքննության ընթացքում հարցաքննված անձանցից մեկը վարույթն իրականացնող մարմին ներկայացված դիմումով խնդրել է իր և Լևոն Սարգսյանի միջև նախաքննության փուլում առերեսում չիրականացնել՝ պայմանավորված Լևոն Սարգսյանի անձով  և ունեցած կապերով»,- ասաց դատախազ Վաչե Ղազարյանը։ Նշենք, որ առերես հարցաքննությունից կաշկանդվողը Մաքսային պետական կոմիտեի նախկին պետ Արմեն Ավետիսյանի տան վրա ավազակային  հարձակման գործով դատապարտված Սուրեն Մելքոնյանն է։ Վերջինս  ու ևս 9 անձ 2011 թվականին վերը նշված գործով մեղավոր են ճանաչվել և դատապարտվել։ Լևոն Սարգսյանն այժմ նույն գործով մեղադրվում է Ավետիսյանի տան վրա ավազակային հարձակումը պատվիրելու և ղեկավարելու մեջ։

Դատախազը նշեց, որ թեև գործի նախաքննությունն ավարտվել է՝ դատարանում դեռևս գործով դատակոչված անձինք չեն հարցաքննվել, ու ազատության մեջ գտնվելով՝ Սարգսյանը կունենա հնարավորություն՝ իր համար նպաստավոր իրավիճակ ստեղծելու համար այդ անձանց վրա ազդեցություն գործադրելու։

Լևոն Սարգսյանի պաշտպան Աշոտ Սարգսյանը դիրքորոշում հայտնեց, որ իր պաշտպանյալին կալանքի տակ պահելու հիմքերը բացակայում են: Ըստ նրա՝ Սարգսյանին վերագրվող արարքում հիմնավոր կասկածի առկայությունը դատարանները փաստել  են 4 անձի ցուցմունքներով։ Ցուցմունք տված անձինք են՝  Արմեն Ավետիսյանի տան վրա կատարված ավազակային հարձակման գործով 2011 թվականին դատապարտված Արա Կարապետյանը,  Սուրեն Մելքոնյանը,  Արմեն Նիկողոսյանը և  Արսեն Սողոմոնյանը։

Պաշտպանի գնահատմամբ՝ այս պահին այս 4 անձանց ցուցմունքներից միայն Արա Կարապետյանի ցուցմունք է մնացել՝ որպես Սարգսյանի դեմ վկայություն։

Անդրադառնալով Սուրեն Մելքոնյանի՝ առերես հարցաքննությունից հրաժարվելու հանգամանքին՝  Աշոտ Սարգսյանը նշեց, որ  իր պրակտիկայում չի հանդիպել նման դեպքի, երբ անձը խնդրի առերես հարցաքննություն չիրականացնել, որովհետև կաշկանդվում է, և քննիչն առերեսում չիրականացնի։

«Բա առերսումը հենց նրա համար է, որ կաշկանդվի, որ ճշմարտությունն ասի»,- դիտարկեց Աշոտ Սարգսյանը, ապա հիշեցրեց, որ Լևոն Սարգսյանի կարգավիճակը  «Երևան-Կենտրոն» ՔԿՀ-ում կալանավորի կարգավիճակ է։

Խոսելով Լևոն Սարգսյանի՝ հետախուզման մեջ գտնվելու հանգամանքի և դա որպես կրկին թաքնվելու ռիսկ գնահատելու մասին՝ Աշոտ Սարգսյանը նշեց, որ հետախուզում հայտարարելու ժամանակ հայտնի է եղել, որ Լևոն Սարգսյանը գտնվում է ՌԴ-ում, ավելին, ԱԱԾ հակահետախուզական վարչության պետն, ի թիվս այլ տեղեկությունների, քննիչին տվել է նաև Սարգսյանի հեռախոսահամարը, սակայն գործում առկա չէ որևէ տեղեկություն այն մասին, որ Սարգսյանին որևէ մեկը զանգահարել և հայտնել է, որ իր նկատմամբ քրեական հետապնդում է հարուցված։

Այս և այլ հանգամանքներ մատնանշելով՝ Աշոտ Սարգսյանը պնդեց, որ առկա չէ հիմնավոր կասկած այն մասին, որ Լևոն Սարգսյանը կատարել է իրեն վերագրվող արարքը։ Պաշտպանները միաժամանակ միջնորդեցին Սարգսյանի նկատմամբ գրավի կիրառումը թույլատրելի համարել, եթե,  այնուամենայնիվ, դատարանը դիրքորոշում ունենա, որ նա առնչություն ունի իրեն մեղսագրվող արարքին։

Սարգսյանի  պաշտպաններից Դավիթ Կարապետյանն անդրադարձավ Լևոն Սարգսյանի մեղադրանքի օրինականության հետ կապված խնդրին։ Պաշտպանը հիշեցրեց, որ Արմեն Ավետիսյանի տան վրա հարձակման գործով վարույթն ի սկզբանե իրականացրել է ԱԱԾ քննչական վարչությունը, և երբ Լևոն Սարգսյանի վերաբերյալ վարույթ է սկսվել, ԱԱԾ քննիչը, գիտակցելով, որ Մաքսային պետական կոմիտեի նախկին պետի վերաբերյալ գործը պետք է Հատուկ քննչական ծառայությունում քննվի, այն ուղարկել է Դատախազություն, սակայն գործը գլխավոր դատախազության գրությամբ՝  կրկին վերադարձվել է ԱԱԾ քննչական դեպարտամենտ՝ նախաքննություն իրականացնելու համար։

ԱԱԾ-ին գործի նախաքննությունը հանձնարարել է գլխավոր դատախազի տեղակալ Դավիթ Մելքոնյանը, սակայն, Դավիթ Կարապետյանի խոսքով, նա լիազորված չի եղել նման գործառույթ իրականացնել։

«Այս գործով միայն գլխավոր դատաախազը կարող էր ՀՔԾ-ի գործը վերցնել և հանձնել ԱԱԾ-ին»,- ասաց Դավիթ Կարապետյանը՝  հիշեցնելով նաև, որ Սահմանադրական դատարանը  Սերժ Սարգսյանի թիկնազորի նախկին պետՎարագան Ղազարյանի վերաբերյալ գործերից մեկով անդրադարձել է նույն խնդրին ու արձանագրել, որ Ղազարյանին մեղադրանք է առաջադրել քննիչ, ով նրա գործով քննչական խմբում ներգրավված չի եղել։  

«Քանի որ գործը վարույթ է ընդունվել դատախազի գրության հիման վրա, ով լիազորություն չուներ այն ԱԱԾ ուղարկելու, ձեռք բերված ապացույցներն անթույլատրելի են»,- դիրքորոշում հայտնեց պաշտպանը։

Դավիթ Կարապետյանը նաև նշեց, որ վարույթն իրականացնող մարմինը Լևոն Սարգսյանին դիտավորյալ այնպիսի հոդվածով է մեղադրանք առաջադրել, որի վաղեմության ժամկետն անցած չէ։

Նշենք, որ Սարգսյանը մեղադրվում է Քրեական օրենսգրքի 175-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին և 2-րդ կետերով, այսինքն՝ ավազակությունը, որը կատարվել է կազմակերպված խմբի կողմից՝ առանձնապես խոշոր չափի գույք հափշտակելու նպատակով, որի համար պատիժ է նախատեսվում մինչև 15 տարի ժամկետով ազատզրկումը։

Ըստ Դավիթ Կարապետյանի՝ Լևոն Սարգսյանը ոչ թե թաքնվել է վարույթն իրականացնող մարմնից, այլ հակառակը, ամեն ինչ արել է, որպեսզի իր գտնվելու վայրը հայտնի դառնա։

Մասնավորապես՝ Սարգսյանը ՌԴ-ին  դիմել է՝ քաղաքացիություն ստանալու համար՝ այդպիսով հայտնի դարձնելով իր հասցեն, բնակվելու վայրը, դիմել է նաև՝ ՌԴ-ում քաղաքական ապաստան ստանալու  խնդրանքով՝ հայտնելով, որ Հայաստանում իր նկատմամբ քաղաքական հետապնդում է իրականացվում, սակայն ՌԴ-ն դիմումը մերժել է։

Անդրադառնալով այն հանգամանքին, որ վկա Սուրեն Մելքոնյանի՝ Սարգսյանի հետ առերեսվելուց կաշկանդվելու պատճառով նրա և Սարգսյանի միջև առերեսում չի իրականացվել՝ Կարապետյանը նշեց, որ բավական չէ՝  առերեսում չիրականացնելով՝  վարույթն իրականացնող մարմինը Լևոն Սարգսյանի հակընդդեմ հարցման իրավունքը խախտել է, դեռ այդ հանգամանքը ներկայացնում է՝ որպես նրա կալանավորման հիմք։

Դատարանը Սարգսյանի խափանման միջոցի վերաբերյալ որոշումը կհրապարակի հունվարի 27-ին։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter