
Բաց նամակ Հայաստանում ԵՄ պատվիրակության և ԵԽ Հայաստանի գրասենյակի ղեկավարներին
Հայաստանում Եվրոպական միության պատվիրակության ղեկավար
պարոն Տրայան Հրիսթեային
Բաց նամակ
Մաշտոցի պուրակում տեղի ունեցող մարդու իրավունքների խախտումների և երկրի էկոլոգիական հիմնախնդիրների վերաբերյալ
Մեծարգո պարոն Հրիսթեա,
Եվրոպական միությունը արժեքավոր գործունեություն է իրականացնում Հայաստանում ժողովրդավարական հաստատությունների ձևավորման և ամրապնդման, խաղաղ հավաքների ազատության, միջմարդկային հարաբերությունների զարգացման, տնտեսության և շրջակա միջավայրի բարելավման համար: Պատվիրակության հիմնական նպատակն է շարունակել սերտ համագործակցությունը բոլոր գործընկերների հետ՝ իշխանություների, քաղաքական կուսակցությունների, քաղաքացիական հասարակության հաստատությունների, միջազգային կազմակերպությունների հետ:
Այս առնչությամբ Ձեր ուշադրությունն ենք հրավիրում Երևանի Մաշտոցի պուրակում մարդու իրավունքների աղաղակող խախտումների վրա: Ոստիկանության աշխատակիցները բազմիցս՝ հատկապես պուրակում տեղադրված վրանի «ապամոնտաժման» ընթացքում, դուրս են եկել օրենքով թույլատրելի սահմաններից` ոտնահարելով միջոցառման մասնակիցների հիմնական իրավունքները: Այդ մասին հանգամանալից ներկայացված է Մարդու իրավունքների պաշտպանի հայտարարության մեջ, իսկ որոշ դեպքերի առնչությամբ դատախազությանը հաղորդում է ներկայացվել հանցագործության մասին:
Շրջակա միջավայրին վերաբերող հիմնախնդիրների շարքում հատկապես մտահոգիչ է Թեղուտի հանքավայրի շահագործման շուրջ ստեղծված իրավիճակը, որի շրջանակներում, ինչպես ձևակերպել է Կոնվենցիայի Համապատասխանության կոմիտեն` Հայաստանը ձախողել է Օրհուսի կոնվենցիայով ստանձնած պարտավորությունների կատարումը: Թեղուտի հիմնախնդրի շուրջ ժողովրդավարական կառավարման մեխանիզմների, Հայաստանի միջազգային պարտավորությունների կատարման կատարյալ ձախողումը շարունակվում է մինչ օրս:
Չնայած Թեղուտի հանքավայրի շահագործման հետևանքով մեծ է նաև անդրսահմանային վնասակար ազդեցության ռիսկը` անդրսահմանային ազդեցության փորձաքննություն չի իրականացվել: Հայաստանը վավերացրել է անդրսահմանային համատեքստում շրջակա միջավայրի ազդեցության գնահատման մասին կոնվենցիային կից շրջակա միջավայրի ռազմավարական գնահատման արձանագրությունը, սակայն որևէ գործնական քայլ չի իրականացվել կոնվենցիան կենսագործելու ուղղությամբ ոչ օրենսդրական, և ոչ էլ վարչարարության տիրույթներում:
Մեծարգո պարոն Հրիսթեա,
ակնկալում ենք Ձեր գործուն մասնակցությունը Հայաստանում ԵՄ-ի մանդատից բխող առաքելության իրականացման համար` նպատակ ունենալով աջակցել քաղաքացիական հասարակության կայուն ինստիտուտների ձևավորմանն ու ամրապնդմանը, ապահովելու համար Հայաստանում ժողովրդավարական կառավարման, Հայաստանի միջազգային պարտավորությունների պատշաճ կատարման, արդարադատության մատչելիության և շրջակա միջավայրի պահպանության վերաբերյալ:
Եվրոպայի խորհրդի Հայաստանի գրասենյակի
ղեկավար տիկին Սիլվիա Զեհեին
Մեծարգո տիկին Զեհե,
Եվրոպայի խորհրդի հայաստանյան գրասենյակն իր մանդատի ուժով շահագրգռված է Հայաստանում ժողովրդավարական հաստատությունների կայացման, պետության միջազգային պարտաորությունների պատշաճ և լիարժեք իրականացման համար: Եվրոպայի խորհուրդը Եվրոպական միության հետ համատեղ իրականացնում է «Աջակցություն արդարադատության մատչելիությանը Հայաստանում» ծրագիրը, որի շրջանակներում ուսումնասիրման է ենթակա նաև հանրային սեփականության և հանրային շահերի պաշտպանության հայցով դատարան դիմելու` հասարակության անդամների և հասարակական կազմակերպությունների իրավունքի իրականացումը:
Մենք ի գիտություն ենք ընդունում 1677 բանաձևով Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի կողմից ՀՀ իշխանություններին ուղղված կոչը` պրակտիկայում հարգելու հավաքների ազատության սկզբունքը, ի կատար ածելու հավաքների ազատության վերաբերյալ օրենսդրության պահանջները և իրականացնելու Եվրոպայի խորհրդի և Եվրոպայում անվտանգության և համագործակցության կազմակերպության (ԵԱՀԿ) կողմից համատեղորեն իրականացվող ծրագրի արդյունքում ներկայացվող հանձնարարականները:
Այս առնչությամբ Ձեր ուշադրությունն ենք հրավիրում Երևանի Մաշտոցի պուրակում մարդու իրավունքների աղաղակող խախտումների վրա: Ոստիկանության աշխատակիցները բազմիցս՝ հատկապես պուրակում տեղադրված վրանի «ապամոնտաժման» ընթացքում, դուրս են եկել օրենքով թույլատրելի սահմաններից` ոտնահարելով միջոցառման մասնակիցների հիմնական իրավունքները: Այդ մասին հանգամանալից ներկայացված է Մարդու իրավունքների պաշտպանի հայտարարության մեջ, իսկ որոշ դեպքերի առնչությամբ դատախազությանը հաղորդում է ներկայացվել հանցագործության մասին:
Շրջակա միջավայրին վերաբերող հիմնախնդիրների շարքում հատկապես մտահոգիչ է Թեղուտի հանքավայրի շահագործման շուրջ ստեղծված իրավիճակը, որի շրջանակներում, ինչպես ձևակերպել է Օրհուսի կոնվենցիայի Համապատասխանության կոմիտեն` Հայաստանը ձախողել է կոնվենցիայով ստանձնած պարտավորությունների կատարումը: Թեղուտի հիմնախնդրի շուրջ ժողովրդավարական կառավարման մեխանիզմների, Հայաստանի միջազգային պարտավորությունների կատարման կատարյալ ձախողումը շարունակվում է մինչ օրս:
Հարգելի տիկին Զեհե,
ակնկալում ենք Ձեր առավել հետևողականությունը Հայաստանում ԵԽ-ի իրականացրած ծրագրերի արդյունավետության գործում` ապահովելու համար Հայաստանում ժողովրդավարական կառավարման, Հայաստանի միջազգային պարտավորությունների պատշաճ կատարման, արդարադատության մատչելիության և շրջակա միջավայրի պահպանության վերաբերյալ ԵԽ մանդատի ու առաքելության արդյունավետ կենսագործումը:
Առաջարկությունների կամ հարցադրումների համար կարող եք կապվել հետևյալ էլեկտրոնային հասցեով` [email protected]
Հարգանքով՝
«Թեղուտի պաշտպանության» քաղաքացիական նախաձեռնություն
«Մենք ենք այս քաղաքի տերը» քաղաքացիական նախաձեռնություն
«Մեր քաղաքը» հանրային-քաղաքացիական նախաձեռնություն
02.04.2012թ.
Մեկնաբանություններ (1)
Մեկնաբանել