HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արաքս Մամուլյան

Վաչագան Ղազարյանի նկատմամբ քրեական հետապնդումը չդադարեցնելու դեմ բողոքը բավարարվեց

Երևանի ընդհանուր իրավասության դատարանը՝ նախագահությամբ դատավոր Վահե Միսակյանի, հունվարի 27-ին հրապարակեց որոշում, որով բավարարեց Սերժ Սարգսյանի թիկնազորի նախկին պետ Վաչագան Ղազարյանի պաշտպան Մհեր Հակոբյանի բողոքը։ Պաշտպանը վիճարկում էր այն հանգամանքը, որ Հատուկ քննչական ծառայությունը (ՀՔԾ) քրեական հետապնդումը բացառող հանգամանքների առկայության պայմաններում, շարունակել է Վաչագան Ղազարյանի վերաբերյալ գործի քննությունն ու նրա նկատմամբ համաներման հիմքով քրեական հետապնդումը չի դադարեցրել։

Դատարանի որոշման բովանդակությունն այս պահին մեզ հայտնի չէ, սակայն նկատի ունենալով, որ  բողոքն ամբողջությամբ բավարարվել է, կարելի է եզրակացնել, որ այս որոշումից հետո Հատուկ քննչական ծառայությունը պետք է Վաչագան Ղազարյանի նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցնի և նրա վերաբերյալ գործը կարճի։

Հիշեցնենք, որ Հատուկ քննչական ծառայությունում քննվող քրեական գործերից մեկով Վաչագան Ղազարյանը մեղադրվում է Քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 2-րդ մասով, այսինքն՝ պաշտոնեական լիազորությունները չարաշահելը, որն անզգուշությամբ առաջացրել է ծանր հետևանքներ։ Այս հոդվածով առավելագույն պատիժ է սահմանվում 6 տարի ժամկետով ազատազրկումը։

Ըստ ՀՔԾ-ի տարածած հաղորդագրության՝ 2008-2018 թվականներին Ազգային անվտանգության ծառայության պետական պահպանության ծառայության պետի առաջին տեղակալի պաշտոնը զբաղեցրած Վաչագան Ղազարյանը, պետական միջոցները սեփական ընտանիքի շահերին ծառայեցնելու և այդ ուղղությամբ սեփական միջոցներից լրացուցիչ ծախս չկատարելու անձնական շահագրգռվածությունից ելնելով, ՊՊԾ ավտոտնտեսության վարորդ Ս. Ա.-ին առաջարկել է պետական միջոցներից վարձատրություն ստանալով հանդերձ՝ աշխատել որպես իր կնոջ և տան վարորդ: ՀՔԾ-ն հայտնում է, որ Ս. Ա.-ն 2015-2018 թվականների ընթացքում վարորդի ծառայություններ է մատուցել Վաչագան Ղազարյանի կնոջը, ինչով պայմանավորված՝ հիշյալ ժամանակահատվածում ՀՀ ԱԱԾ պետական պահպանության ծառայության ավտոտնտեսությունում առհասարակ ծառայության չի ներկայացել և ծառայողական որևէ պարտականություն չի կատարել: Չնայած դրան` Պետական պահպանության ծառայությանը հատկացված միջոցներից այդ ընթացքում Ս. Ա.-ին որպես աշխատավարձ, պարգևատրում և իրային բավարարում փաստացի վճարվել է առանձնապես խոշոր չափի՝ 9 մլն 340 հազար դրամ։

Թեև Վաչագան Ղազարյանն իրեն առաջադրված մեղադրանքը չի ընդունել, ենթադրյալ հանցագործությամբ պատճառված վնասը դեռևս 2020 թվականի սեպտեմբեր ամսին վերականգնել է։ Մեզ հետ զրույցում նրա պաշտպանն ասել է, որ Ղազարյանը գումարը վճարել է, որպեսզի նրան «հանգիստ թողնեն»։

«Էրեբունի-Երևանի հիմնադրման 2800-ամյակի և Հայաստանի առաջին Հանրապետության անկախության հռչակման 100-ամյակի կապակցությամբ քրեական գործերով համաներում հայտարարելու մասին օրենքի» կետերից մեկով նախատեսվում է հարուցված քրեական գործը կարճել, ինչպես նաև դադարեցնել քրեական հետապնդումը այն անձանց նկատմամբ, որոնք Հայաստանի Հանրապետության կամ Արցախի Հանրապետության պաշտպանության համար մղված մարտական գործողությունների մասնակիցներ են և կարող են մեղադրվել կամ մեղադրվում են այնպիսի հանցագործություն կատարելու մեջ, որոնց համար նախատեսված է պատիժ` ոչ ավելի, քան վեց տարի ժամկետով ազատազրկումը։ Ղազարյանը վարույթն իրականացնող մարմնին ներկայացրել է մարտական գործողություններին մասնակցելու վերաբերյալ փաստաթուղթ։ Նա մեղադրանքի վերաբերյալ ցուցմունք տալիս դիրքորոշում է հայտնել, որ չի առարկում իր նկատմամբ համաներում կիրառելու դեմ, սակայն այս պայմաններում մինչև այսօր Ղազարյանի վերաբերյալ քրեական գործի քննությունը շարունակվում է, և նա ունի մեղադրյալի կարգավիճակ։

Հակոբյանի խոսքով՝ քրեական հետապնդումը բացառող հանգամանքների առկայության պայմաններում քննիչի պարտականությունն է անձի նկատմամբ հետապնդումը դադարեցնելը, և դա չկատարելով՝ ՀՔԾ քննիչն անգործություն է դրսևորել։

Այսօրվա դատական նիստին պաշտպան Հակոբյանն ասաց, որ քննիչը Վաչագան Ղազարյանի՝ համաներման դեմ չառարկելու դիրքորոշումը դիտարկել է որպես Ղազարյանի նկատմամբ համաներում կիրառելու վերաբերյալ միջնորդություն ու դրա քննությունը հետաձգել՝ մինչև գործի համար էական հանգամանքների պարզումը։

Թե ինչ էական հանգամանքներ պետք է պարզեր քննիչը, պաշտպանության կողմին չի պարզաբանվել, սակայն դատական նիստի ընթացքում պարզ դարձավ, որ քննիչը որոշել է ստուգել Վաչագան Ղազարյանի ներկայացրած փաստաթուղթը նրա՝ մարտական գործողությունների մասնակից լինելու վերաբերյալ։ Մասնավորապես, քննիչը պաշտպանության նախարարություն գրություն է ուղարկել ու տեղեկություն պահանջել այն մասին, թե իրավական ի՞նչ հիմքով և կարգով է 2017 թվականին Վաչագան Ղազարյանին տրամադրվել պաշտպանության մարտական գործողություններին մասնակցելու վկայական։

Այսօր ՀՔԾ քննիչը դատարան չէր ներկայացել, նիստին մասնակցում էր միայն գործով դատախազ Կորյուն Սերոբյանը։ Դատավոր Վահե Միսակյանը հետաքրքրվեց՝ դատախազին հայտնի՞ է, թե քննիչն ինչ պատասխան է ստացել պաշտպանության նախարարությունից։  Դատախազը բովանդակային մանրամասներ չհիշեց, սակայն հիշեց, որ ստացված պատասխանից հետո դարձյալ գրություն է ուղարկվել պաշտպանության նախարարություն՝ առաջացած հարցերի վերաբերյալ կրկին պարզաբանումներ ստանալու համար։

Անդրադառնալով Ղազարյանի պաշտպանի հայտնած այն դիրքորոշմանը, որ իրենց միջնորդություն չեն ներկայացրել, այլ միայն համաներում կիրառելու վերաբերյալ դիրքորոշում են հայտնել, դատախազը նշեց, որ բովանդակային առումով դա եղել է միջնորդություն, որի լուծումը, փաստորեն, հետաձգվել է։ Դատախազը նաև նշեց, որ իրենք կաշկանդված չեն Ղազարյանի նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցնել, եթե այդպիսի հիմքեր ի հայտ գան։ Դատախազը տրամաբանական համարեց, որ վարույթն իրականացնող մարմինը փորձել է պարզել իրեն ներկայացված փաստաթղթի իսկությունը։ Պաշտպան Հակոբյանը դիտարկեց, որ այդ տրամաբանությամբ պետք է փորձաքննությունների և հարցումների միջոցով ստուգել գործում հայտնված ցանկացած փաստաթղթի իսկություն։

Դատարանը պաշտպանական կողմի բողոքը բավարարելու վերաբերյալ որոշումը հրապարակեց աշխատանքային օրվա ավարտին։

Լուսանկարում ձախից՝ Մհեր Հակոբյանը, աջից՝ Վաչագան Ղազարյանը

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter