HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Անատոլ Ֆրանսի անվան ֆրանսիական կրթահամալիրում բացվել է նոր դասասենյակ

Անատոլ Ֆրանսի անվան ֆրանսիական կրթահամալիրում հունվարի 27-ին բացվել է նոր դասասենյակ, որին մասնակցել են կրթության, գիտության, մշակույթի և սպորտի (ԿԳՄՍ) նախարար Վահրամ Դումանյանը, Ֆրանսիայի Եվրոպայի և արտաքին գործերի նախարարության պետքարտուղար Ժան Բատիստ Լըմուանը և Հայաստանում Ֆրանսիայի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Ժոնաթան Լաքոտը: Այս մասին հայտնում է նախարարության մամուլի ծառայությունը։

Դասասենյակի բացման խորհրդանշական ժապավենը կտրել են նախարարն ու պետքարտուղարը, որից հետո հյուրերը շրջայց են կատարել դպրոցում, ծանոթացել ուսումնական հաստատությունում իրականացվող շինարարության ընթացքին, ինչպես նաև զրուցել ուսուցիչների, ծնողների և աշակերտների հետ:

 «Հանդիսանալով կրթամշակութային ուսումնական կենտրոն՝ այն լավագույնս կնպաստի Հայաստանում ֆրանսերենի զարգացմանը և հանրակրթական դպրոցներում ֆրանսերենի դասավանդման արդյունավետության բարձրացմանը: Հաշվի առնելով ֆրանսերենի ուսուցման առանձնահատկությունը՝ լիահույս եմ, որ միջնաժամկետ և երկարաժամկետ հատվածում կրթահամալիրը կիրականացնի նաև ծրագրային նոր նախաձեռնություններ՝ ուղղված Հայաստանի հանրակրթական դպրոցներում ֆրանսերեն դասավանդող ուսուցիչների կարողությունների զարգացմանը: Վստահ եմ, որ մեր համագործակցությունը կլինի շարունակական և արդյունավետ, ինչպես նաև նոր նախաձեռնությունների հիմք կհանդիսանա՝ ի նպաստ մեր երկու պետությունների զարգացմանը»,- ասել է Վահրամ Դումանյանը:

«Խիստ տպավորված եմ և հուզված, քանի որ վկա եմ եղել, թե ինչպես է զարգանում այս դպրոցը: Ներկայում դպրոցում սովորում է 200-250 աշակերտ. առաջիկայում այն կարող է հասնել մինչև 400-450-ի: Սա խորհրդանշական ծրագիր է Հայաստանի և Ֆրանսիայի միջև, քանի որ ՀՀ կառավարության շնորհիվ է նաև, որ ունենք այս շինությունը»,- նշել է Ֆրանսիայի Եվրոպայի և արտաքին գործերի նախարարության պետքարտուղար Ժան Բատիստ Լըմուանը:

Ըստ տարածված հաղորդագրության՝ հանդիպումից հետո հյուրերը գրառում են կատարել դպրոցի հուշագրքում:

Նշենք, որ «Անատոլ Ֆրանսի անվան ֆրանսիական դպրոց» հիմնադրամը գործում է 2007 թվականից և միակ հաստատությունն է, որն ունի Ֆրանսիայի Ազգային կրթության նախարարության լիցենզավորում և ճանաչված է Ֆրանսիայի ու Հայաստանի միջև կնքված միջպետական համաձայնագրով: Դպրոցում ուսուցումն իրականացվում է Ֆրանսիայի Հանրապետության կրթական ծրագրերին և իր կանոնադրությանը համապատասխան: Կրթական ծրագրերի իրականացումը (նախակրթարանի և տարրական դպրոցի մակարդակներում) վերահսկվում է հատուկ տեսուչի կողմից՝ Ֆրանսիայի կրթության նախարարության տված լիցենզիայի հիման վրա, իսկ միջին և ավագ դպրոցում՝ Ֆրանսիայի կրթության նախարարության պատասխանատվության ներքո գործող hեռակա դասավանդման ազգային կենտրոնի միջոցով:

2019 թվականին «Անատոլ Ֆրանսի անվան ֆրանսիական դպրոց» հիմնադրամը վերանվանվել է «Անատոլ Ֆրանսի անվան ֆրանսիական կրթահամալիր» հիմնադրամի: 2020 թվականին ՀՀ կառավարության որոշմամբ նախկին N 16 դպրոցի շենքը հատկացվել է կրթահամալիրին՝ անհատույց օգտագործման: Դրանով ՀՀ կառավարությունն իր ներդրումն է ունեցել Հայաստան-Ֆրանսիա հարաբերություններում՝ իրականացնելով նաև Ֆրանկոֆոնիայի հանդեպ հանձնառությունը: 2020 թվականին կրթահամալիրին տրվել է լիցենզիա՝ գրական հայերենով միջնակարգ հանրակրթական ծրագրով գործունեություն իրականացնելու համար: Դպրոցում գործում է 2 բաժին՝ ֆրանսիական և հայկական։ Ֆրանսիական բաժինն ապահովում է ամբողջական և համապարփակ կրթական ծրագիր՝ 2-18 տարեկան երեխաների և աշակերտների համար։ Ֆրանսիական բաժնի աշակերտները ստանում են միջազգայնորեն ընդունված Բակալորեա դիպլոմը։ Հայկական բաժինն ապահովում է ավագ դպրոցի ծրագիր։

Դպրոցի նոր շենքը շահագործման կհանձնվի 2021 թվականի ընթացքում:

Մեկնաբանություններ (1)

Անգին
Դպրոցը վճարովի է թե անվճար եվ ինչ պայմաններով

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter