HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արաքս Մամուլյան

ՊԵԿ-ի հարկային տեսուչների գործով ոստիկանություն տարվածներից մեկն ու փաստաբանը հանցագործության մասին հաղորդումներ են ներկայացրել

Պետական եկամուտների կոմիտեի (ՊԵԿ) Էրեբունու հարկային տեսչության աշխատակիցների գործի շրջանակներում ոստիկանություն տարված տնտեսվարողներից մեկը՝ Արա Խուդոյանը, այսօր հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել հատուկ քննչական ծառայություն (ՀՔԾ) և դատախազություն։ Այս մասին «Հետք»-ին ասաց Խուդոյանի փաստաբան Գևորգ Խաչատրյանը։

Այսօր ոստիկանությունը հաղորդագրություն էր տարածել այն մասին, ՊԵԿ Էրեբունու հարկային տեսչության երկու աշխատակից Երևանում գործող  մի շարք տնտեսվարողների մոտ առկա տարբեր խախտումներ չարձանագրելու և օրենքով սահմանված ընթացքը չլուծելու ակնհայտ ապօրինի գործողությունների համար յուրաքանչյուր ամիս որպես կաշառք՝ պահանջում և վերջիններից ստանում են տարբեր չափերի գումարներ։

Ոստիկանության տարածած հաղորդագրության համաձայն՝ հունվարի 26-ին Երևանի Դավիթ Բեկի փողոցում հարկային տեսուչները, սննդի կետի տնօրենից նախապես պահանջված, հերթական 40 հազար դրամը ստանալուց անմիջապես հետո բռնվել և բերման են ենթարկվել քրեական ոստիկանության գլխավոր վարչություն։ Ոստիկանությունը հայտնում է, որ նույն տեսուչների կողմից կաշառք պահանջելու և ստանալու հանցագործության այլ դեպքեր հայտնաբերելու ուղղությամբ ձեռնարկված լրացուցիչ միջոցառումների արդյունքում քրեական ոստիկանության գլխավոր վարչություն են հրավիրվել մի շարք տնտեսվարող սուբյեկտներ ու հաղորդումներ տվել, որ վերոհիշյալ հարկային տեսուչներին որպես կաշառք՝ տարբեր չափերի գումար են տվել։

Փաստաբան Գևորգ Խաչատրյանը «Հետք»-ի հետ զրույցում ասաց, որ հունվարի 26-ի երեկոյան իր վստահորդ Արա Խուդոյանի եղբայրն ահազանգել է ու հայտնել, որ նրան տարել են Քրեական ոստիկանության գլխավոր վարչություն։ Եղբայրը Խաչատրյանին լիազորագիր է տվել, որպեսզի կարողանա ներկայացնել եղբոր շահերը։ Խաչատրյանը ներկայացել է ոստիկանություն, որպեսզի մասնակցի Խուդոյանի մասնակցությամբ քննչական գործողություներին, եթե այդպիսիք կատարվում են, սակայն փաստաբանին արգելել են մասնակցել որևէ գործողության։ Խաչատրյանը երեկ երեկոյան ահազանգել է Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակ ու հայտնել, որ խոչընդոտում են իր գործունեությունը։

Հետո Խաչատրյանին ընդունել է ոստիկանության տնտեսական հանցագործությունների դեմ պայքարի վարչության պետ Եղիշ Պետրոսյանը, որը, ըստ պաշտպանի, ասել է, թե չի ցանկանում և թույլ չի տա, որ նա հանդիպի իր վստահորդին։

Որոշ ժամանակ անց Արա Խուդոյանը դուրս է եկել ոստիկանությունից, և ըստ Խաչատրյանի, իրեն հայտնել, որ ճնշման և սպառնալիքների ներքո իրենից հանցագործության մասին հաղորդում են կորզել, թե ինքը գումար է տվել հարկային տեսուչներին։ Նշենք, որ Խուդոյանը «Լիլիթ-Հրաչ» ՍՊԸ-ի տնօրենն է, ընկերությունը զբաղվում է շինարարարական ապրանքների արտադրությամբ։

«Ինքը հաղորդումը տալուց հետո դուրս է եկել և ինձ հայտնել, որ հաղորդումը ճնշման տակ է տվել, որ հաղորդում ներկայացնելու ցանկություն չի ունեցել, ուղղակի ներկայացրել է, որ դուրս գա, քանի որ իրեն ասել են, որ եթե փաստաբան եկավ ներս, դու այսօր այստեղ ես մնալու, վերջում էլ ստիպել են գրել, որ ինքը փաստաբանի ծառայությունից հրաժարվում է»,- ասաց Գևորգ Խաչատրյանը։

Պաշտպանը նշեց, որ այս հանգամանքների վերաբերյալ է Խուդոյանը ներկայացրել հանցագործության մասին հաղորդումը։ Ինքը՝ Խաչատրյանը, ևս հաղորդում է ներկայացրել քրեական ոստիկանության տնտեսական հանցագործությունների դեմ պայքարի վարչության պետ Եղիշ Պետրոսյանի կողմից պաշտոնեական լիազորությունները չարաշահելու միջոցով իր մասնագիտական գործունեության իրականացմանը խոչընդոտելու վերաբերյալ։

Նշենք, որ ոստիկանության կոռուպցիոն և տնտեսական հանցագործությունների դեմ պայքարի վարչությունում ենթադրյալ կաշառք ստանալու դեպքի առթիվ հարուցվել են քրեական գործեր, կան ձերբակալված անձինք։ Քրեական գործերն արդեն ուղարկվել են հատուկ քննչական ծառայություն։

Լուսանկարում՝ Գևորգ Խաչատրյանը

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter