Հայաստանում են Բավարիայի արդարադատության նախարարի տեղակալը և գլխավոր դատախազը
Ապրիլի 2-ին ՀՀ գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանն ընդունել է Գերմանիայի Դաշնային Հանրապետության Բավարիայի արդարադատության նախարարի տեղակալ, դոկտոր Հելմուտ Փալդերին և Բավարիայի գլխավոր դատախազ, դոկտոր Քրիստոֆ Շթրոյցին:
Հանդիպման ընթացքում քննարկվել են երկու երկրների իրավապահ մարմինների համագործակցությանը վերաբերող հարցեր՝ կարևորելով փորձի փոխանակումը հատկապես անդրազգային հանցագործությունների դեմ պայքարում:
Աղվան Հովսեփյանը ներկայացրել է դատախազության կառուցվածքն ու գործառույթները, լիազորությունների շրջանակը ինչպես քրեական դատավարության ընթացքում, այնպես էլ դրանից դուրս, մասնավորապես՝ պետական շահերի պաշտպանության բնագավառում:
Նա ներկայացրել է նաև ընտրությունների ընթացքում հնարավոր ընտրախախտումներին արձագանքելու համար ձևավորված փորձը, ընտրախախտումների վերաբերյալ բողոքներն ու դիմումները գրանցելու, քննարկելու նկատմամբ հսկողություն իրականացնելու նպատակով ՀՀ գլխավոր դատախազի հրամանով ստեղծված աշխատանքային խմբի լիազորությունների շրջանակն ու աշխատակարգը:
Կողմերը քննարկել են նաև զանգվածային լրատվության միջոցների հետ համագործակցության մեխանիզմներն ու խնդիրները, դատախազության աշխատանքների թափանցիկությունն ապահովելու ուղղությամբ ձեռնարկվող քայլերը:
Աշխատանքային այցի ընթացքում Բավարիայի իրավապահ մարմինների պատվիրակությունը կայցելի նաև Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին, Խոր վիրապ, Սարդարապատի հուշահամալիր, Զվարթնոցի տաճար, Մատենադարան՝ ծանոթանալու Հայաստանի պատմությանն ու մշակույթին: Ապրիլի 3-ին հյուրերը կայցելեն Ծիծեռնակաբերդ՝ հարգանքի տուրք մատուցելու Մեծ եղեռնի անմեղ զոհերի հիշատակին:
Պատվիրակությունը Գերմանիա կվերադառնա ապրիլի 5-ին: Հ.Փալդերը և Ք.Շթրոյցը աշխատանքային այցով Հայաստան են ժամանել մարտի 31-ին Աղվան Հովսեփյանի հրավերով:
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել