HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Կոռուպցիան խարխլում է առողջապահական համակարգերը. հրապարակվել է Կոռուպցիայի ընկալման 2020 թվականի համաթիվը

Կոռուպցիայի ընկալման 2020 թվականի համաթիվը (ԿԸՀ), որն այսօր հրապարակեց «Թրանսփարենսի Ինթերնեշնլ» կազմակերպությունը, վեր է հանում այն իրողությունը, որ չնվազող կոռուպցիան կորոնավիրուսի համավարակի ֆոնին խարխլում է առողջապահական համակարգերը և նպաստում է ժողովրդավարության նահանջին։

Հայաստանի ԿԸՀ 2020 թ. արժեքը հավասար է 49-ի։ 180 երկիր ներառող ԿԸՀ դասակարգման 2020 թ. աղյուսակում Հայաստանը Հորդանանի և Սլովակիայի հետ կիսում է 60-ից 62-րդ տեղերը։

Ներկայացնում ենք «Թրանսփարենսի Ինթերնեշնլ»-ի մամուլի հաղորդագրությունը։ 

Այն երկրները, որոնց ԿԸՀ-ն ավելի բարձր է, ավելի շատ ներդրումներ են անում իրենց առողջապահական համակարգերում, ավելի ունակ են տրամադրելու առողջապահական ծառայություններ իրենց բոլոր քաղաքացիների համար և ավելի քիչ հավանական են նրանց կողմից ժողովրդավարական նորմերի խախտումները, ժողովրդավարական հաստատությունների խաթարելը կամ օրենքի գերակայության արհամարհումը։

«Կորոնավիրուսի համավարակը միայն առողջապահական և տնտեսական ճգնաժամ չէ։ Այն կոռուպցիոն ճգնաժամ է։ Ճգնաժամ, որի կառավարումը մենք ներկայումս տապալում ենք։ Անցած տարին մեր հիշողության մեջ իրեն հավասարը չունեցող փորձություն էր պետությունների համար, և այն երկրները, որոնցում կոռուպցիայի մակարդակներն ավելի բարձր էին, ավելի պակաս ընդունակ էին դիմակայելու իրենց առջև ծառացած մարտահրավերներին։ Բայց նույնիսկ այն երկրները, որոնք գտնվում են ԿԸՀ-ի վերին հորիզոնականներում, պետք է շտապ կերպով անդրադառնան իրենց մոտ և իրենց սահմաններից դուրս կոռուպցիայի տարածման մեջ իրենց խաղացած դերին։» - նշում է Թրանսփարենսի Ինթերնեշնլի նախագահ տիկին Դելիա Ֆերեյրա Ռուբիոն։

Ընդհանուր տեղեկություններ ԿԸՀ 2020-ի վերաբերյալ

ԿԸՀ 2020-ի հրապարակումը դասակարգում է 180 երկրների և տարածքների ԿԸՀ-երն ըստ իրենց հանրային ոլորտի կոռուպցիայի մակարդակների ընկալման՝ հիմնվելով փորձագիտական գնահատումների և գործարար ոլորտի ղեկավարների 13 ուսումնասիրությունների վրա։ Կիրառվել է 0-ից 100 սանդղակը, որտեղ ԿԸՀ 0 արժեքը նշանակում է վերին աստիճանի կոռումպացված, իսկ, 100-ը՝ բացարձակ մաքուր։

Դասակարգման աղյուսակը 88-ական միավորով գլխավորում են Դանիան և Նոր Զելանդիան, իսկ եզրափակում են Սիրիան, Սոմալին և Հարավային Սուդանը, համապատասխանաբար 14, 12 և 12 միավորներով։

Վիճակագրորեն զգալի փոփոխություններ

Սկսած 2012 թվականից, որը ԿԸՀ ներկա մեթոդաբանությամբ իրականացվող հաշվարկների սկզբնակետն է, 26 երկրներ էապես բարելավել են իրենց ԿԸՀ միավորները։ Դրանցից են Էկվադորը (39 միավոր 2020 թ․-ին), Հունաստանը (50), Գայանան (41), Մյանմարը (28) և Հարավային Կորեան (61)։

ԿԸՀ իրենց միավորների զգալի նահանջ արձանագրած երկրներից են Բոսնիա և Հերցեգովինան (35 միավոր 2020 թ․-ին), Գվատեմալան (25), Լիբանանը (25), Մալավին (30), Մալթան (53) և Լեհաստանը (56)։

Աշխարհի երկրների մոտավորապես կեսի մոտ համարյա մեկ տասնամյակ է, ինչ նկատվում է լճացման վիճակ, երբ նրանց ԿԸՀ արժեքները չեն փոփոխվում։ Սա ցույց է տալիս, որ կոռուպցիայի արմատական պատճառների սանձահարմանն ուղղված այդ երկրների կառավարությունների ջանքերը հայտնվել են փակուղու մեջ։ Երկրների ավելի, քան երկու երրորդի ԿԸՀ արժեքները 50-ից փոքր են։

Կորոնավիրուսի համավարակ

Կոռուպցիան կրիտիկական սպառնալիք է հանդիսանում քաղաքացիների կյանքի և ապրուստի միջոցների համար, մասնավորապես երբ այն զուգակցվում է հանրային առողջապահության ոլորտում արտակարգ իրավիճակի հետ։ Առկա է փոխկապակցվածություն հանրային ոլորտի մաքրության (չկոռումպացվածության) աստիճանի և առողջապահության ոլորտում արվող ներդրումների ծավալների միջև։ Օրինակ, Ուրուգվայը (71 միավոր), որն ունի Լատինական Ամերիկայում ԿԸՀ ամենաբարձր արժեքը, կատարում է մեծ ծավալի ներդրումներ առողջապահության ոլորտում և ունի համաճարակաբանական հսկողության ուժեղ համակարգ, որը նրան շատ օգնեց՝ արդյունավետ արձագանքելու կորոնավիրուսի համավարակին և այլ համաճարակային հիվանդություններին, ինչպիսիք են, օրինակ, դեղին տենդը և Զիկան։

Ի տարբերություն Ուրուգվայի, Բանգլադեշում, որի ԿԸՀ արժեքը հավասար 26-ի, և որը քիչ է ներդնում առողջապահության մեջ, կորոնավիրուսի համավարակի ժամանակ կոռուպցիան ծաղկում էր սկսած առողջապահական հաստատություններում կաշառակերությունից և վերջացած այդ նպատակով հատկացված օգնության յուրացումով։ Կոռուպցիան լայն տարածված է նաև բժշկական պարագաների, նյութերի և սարքավորումների գնումներում։ Կոռուպցիայի բարձր մակարդակ ունեցող երկրները նաև հակված են լինել կորոնավիրուսի ճգնաժամի ժամանակ օրենքի գերակայության և ժողովրդավարության նորմերի ամենավատ խախտողները։ Այդպիսի երկրներից են Ֆիլիպինները (34 միավոր), որտեղ կորոնավիրուսի համավարակին արձագանքումն ուղեկցվում էր մարդու իրավունքների և խոսքի ազատության վրա լայնածավալ հարձակումներով։

Շարունակելով իր նահանջը՝ ԱՄՆ-ն 2020թ․-ին հասավ 2012թ․-ից սկսած ԿԸՀ իր ամենացածր արժեքին (67 միավոր)։ Ի հավելումն ամենաբարձր մակարդակում շահերի բախման և պաշտոնեական դիրքի չարաշահման հետ կապված մեղադրանքներին, 2020 թվականին համավարակի հաղթահարմանն ուղղված ԱՄՆ 1 տրիլիոն դոլար ծավալով օգնության փաթեթի նկատմամբ թույլ վերահսկողությունը ծնեց լուրջ մտահոգություններ և նշանավորեց նահանջ հաշվետու կառավարումը խթանող ժողովրդավարական վաղեմի նորմերից։

Առաջարկություններ

Անցած տարին շեշտեց բարեվարքությանը մարտահրավերները նույնիսկ ԿԸՀ բարձր միավորներ ունեցող երկրներում՝ ապացուցելով, որ աշխարհի և ոչ մի երկիր զերծ չէ կոռուպցիայից։ Կոռուպցիան կրճատելու և ապագա ճգնաժամերն ավելի արդյունավետ դիմակայելու համար Թրանսփարենսի Ինթերնեշնլը բոլոր պետություններին առաջարկում է․

Ուժեղացնել վերահսկողական մարմինները՝ ապահովելու համար միջոցների հասանելիությունը առավել կարիքավորների համար։ Հակակոռուպցիոն մարմինները և վերահսկողական հաստատությունները պետք ունենան բավարար բյուջեներ, միջոցներ և անկախություն իրենց պարտականություններն կատարելու համար։

Ապահովել բաց և թափանցիկ գնումներ՝ պայքարելու համար անօրինականությունների դեմ, վեր հանելու շահերի բախումը և ապահովելու համար արդար գնագոյացումը

Պաշտպանել ժողովրդավարությունը և նպաստել քաղաքացիական սեկտորի ընդլայնմանը՝ ստեղծելու համար նպաստավոր պայմաններ իշխանություններին` հասարակությանը հաշվետու լինելու համար

Հրապարակել վերաբերելի տվյալները և երաշխավորել տեղեկատվության մատչելիությունը՝ ապահովելու համար դյուրին, հասանելի, ժամանակին և բովանդակալից տեղեկատվություն հանրությանը։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter