HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արմեն Միրզոյան

Վրաստանի իշխանությունները պարտավորվել են փոխհատուցում տրամադրել կորոնավիրուսի պատվաստանյութից տուժած քաղաքացիներին

Վրաստանի խորհրդարանը հինգշաբթի՝ հունվարի 28-ին երրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունել է «Հանրային առողջապահության մասին» օրենքում փոփոխություններ անելու մասին նախագիծը, որով պետությունը պարտավորվում է փոխհատուցում տրամադրել այն քաղաքացիներին, որոնք կտուժեն կորոնավիրուսի պատվաստանյութից։ 

«Պետության պատասխանատվությունը տարածվում է բոլոր այն դեղամիջոցների և պատվաստանյութերի վրա, որոնք առկա են Վրաստանում։ Բացառություն էր կազմում կորոնավիրուսի պատվաստանյութը։ Այդ իսկ պատճառով ձեռնարկվել են տրամաբանական փոփոխություններ, որոնք կվերաբերեն նաև կորոնավիրուսից պատվաստման գործընթացին»,- լրագրողներին հայտարարել է Վրաստանի խորհրդարանի պատգամավոր, առողջապահության նախկին նախարար Դավիթ Սերգեյենկոն։

Պետությունը պատասխանատվություն կստանձնի պատվաստանյութից հնարավոր վնասի համար, բացառությամբ այն դեպքերի, երբ պատվաստման ժամանակ թույլ կտրվի բժշկական սխալ, կամ էլ մարդուն վնաս կհասցվի պատվաստանյութ արտադրողի կամ ներմուծողի մեղքով։ Վնասի հատուցման ձևերն ու կարգը կսահմանվի կառավարության առանձին որոշմամբ։

Օրենսդրական փոփոխության մեջ հստակ նշվում է, որ Վրաստանը ձեռք կբերի միայն այն պատվաստանյութը, որը կհաստատվի Առողջապահության համաշխարհային կազմակերպության կողմից կամ էլ այն կարգավորիչ մարմինների, որոնք ընդունելի են ԱՀԿ-ի համար։ 

Նախորդ շաբաթ Վրաստանի կառավարությունը հաստատել էր կորոնավիրուսից բնակչության պատվաստման ազգային պլանը, համաձայն որի առաջին փուլի ընթացքում կպատվաստվի մարդկանց 20 %-ը։ Առաջինը պատվաստանյութը կստանան բժշկական հաստատությոնների աշխատակիցները, այնուհետ՝ ծերանոցների բնակիչները։ Վրաստանի իշխանությունները հույս ունեն, որ մինչև 2021 թվականի սեպտեմբեր ամիս կպատվաստվի բնակչության 60 %-ը, որպեսզի հնարավոր լինի հասնել կոլեկտիվ իմունիտետի։ 

Վրաստանում կորոնավիրուսի առաջին դեպքը գրանցվել է 2020 թվականի փետրվարի 26-ին։ Այսօր այդ երկրում գրանցվել է կորոնավիրուսի 256 287 դեպք, ինչը կազմում է բնակչության 6,9 %-ը։ Ապաքինվել է 246 459 պացիենտ, մահացել՝ 3 127-ը։

Լուսանկարը՝ Վրաստանի առողջապահության նախարարության

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter