Բուլղարիայի վարչապետ. «Բուլղարիայում առկա է հաջողակ հայ համայնք»
Վարչապետ Տիգրան Սարգսյանն ընդունել է երկօրյա պաշտոնական այցով Հայաստան ժամանած Բուլղարիայի վարչապետ Բոյկո Բորիսովին: Վարչապետերի առանձնազրույցին հաջորդել է ընդլայնված կազմերով հանդիպումը:
«Մեր երկրների միջև առկա են պատմական և եղբայրակական հարաբերություններ, որոնք ունեն խորը արմատներ: Մենք մեր պարտքն ենք համարում ընդլայնել և ամրապնդել այդ հարաբերությունները»,- ասել է Տիգրան Սարգսյանը:
Բոյկո Բորիսովը երկու երկրների հարաբերությունների զարգացման գործում կարևորել է Բուլղարիայի հայ համայնքի դերակատարությունը:
«Բուլղարիայում առկա է հաջողակ հայ համայնք, որի ներկայացուցիչները գործունեություն են ծավալում գործարար ոլորտում, բանկային, առողջապահական և մշակութային բնագավառներում: Նրանք լուրջ կամուրջ են մեր երկրների միջև, և այդ առումով հայ-բուլղարական հարաբերությունները զարգացման մեծ ներուժ ունեն»,- ասել է Բոյկո Բորիսովը:
Հայ-բուլղարական առևտրաշրջանառությունը հասնում է 60 մլն դոլարի: Զրուցակիցները կարծիք են հայտնել, որ այն չի համապատասխանում երկկողմ բարեկամական հարաբերությունների բարձր մակարդակին: Այդ համատեքստում կարևորվել է գործարար կապերի հաստատումը, և պայմանավորվածություն է ձեռք բերվել Բուլղարիայում կազմակերպել երկու երկրների գործարարների բիզնես ֆորում:
Անդրադառնալով Հայաստանի եվրաինտեգրմանը՝ Տիգրան Սարգսյանը նշել է, որ Բուլղարիայի փորձը կարևոր և օգտակար է Հայաստանի համար լայնածավալ բարեփոխումների իրականացման ճանապարհին:
Երկու երկրների կառավարությունների ղեկավարներն անդրադարձել են նաև զբոսաշրջության, տեղեկատվական տեխնոլոգիաների, կրթության և այլ բնագավառներում համագործակցության զարգացմանն առնչվող հարցերի:
Տիգրան Սարգսյանի և Բոյկո Բորիսովի ներկայությամբ Հայաստանի և Բուլղարիայի միջև ստորագրվել է սոցիալական պաշտպանության ոլորտում համագործակցության համաձայնագիր: Երևանի պետական մանկավարժական համալսարանի և Սոֆիայի համալսարանի միջև ստորագրվել է համագործակցության հուշագիր: Այս մասին հայտնում է ՀՀ կառավարության կայքը:
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել