Ստեփանակերտի, Շուշիի և Քարինտակի աշակերտներին դյուրակիր համակարգիչներ են հանձնել
«Ֆրութֆուլ Արմենիա» հիմնադրամը սկսել է համակարգիչներ հանձնել Արցախի աշակերտներին: Արգենտինահայ բարերար Էդուարդո Էռնեկյանի նվեր 3.500 համակարգիչներն արդեն սկսել են հանձնվել Ստեփանակերտի, Շուշիի և Քարինտակի 1-ինից 4-րդ դասարանի բոլոր աշակերտներին և ուսուցիչներին:
Ապրիլի 2-ին համակարգիչների հանձնման արարողությանը մասնակցում էին Արցախի վարչապետ Արա Հարությունյանը, կրթության նախարար Վլադիկ Խաչատրյանը, ՀԲԸՄ հայաստանյան ներկայացուցչության կառավարման խորհրդի նախագահ Աշոտ Ղազարյանը, ՀԲԸՄ ԼՂՀ ծրագրերի համակարգող Սասուն Բաղդասարյանը, Նոր ուսումնական ռազմավարություն (ՆՈւՌ) ծրագրի ղեկավար Սեբաստիան Արիաս Դյուվալը:
ՆՈւՌ ծրագիրը Էդուարդո Էռնեկյանի նախաձեռնությունն է: 2011 թ. հունվարին Արցախի կառավարության հետ ստորագրվեց համաձայնագիր, ըստ որի՝ ծրագիրը XO դյուրակիր համակարգիչներ է տրամադրելու 1-ինից 4-րդ դասարանի դպրոցականներին և նրանց ուսուցիչներին: Արցախի կառավարությունը հանձն է առել դպրոցներում ապահովել գերարագ ինտերնետային կապը, որը ծրագրի գլխավոր բաղադրիչներից է:
Ծրագիրն իրագործվում է ՀԲԸՄ-ի հետ գործակցությամբ, որն աշխարհի ամենամեծ հայկական շահույթ չհետապնդող կազմակերպությունն է և տեղում օգնություն է ցուցաբերում' նախագծի հաջողությունը երաշխավորելու համար:
ՆՈՒՌ-ն իրականացվում է՝ հետևելով Մեկ համակարգիչ յուրաքանչյուր երեխային (ՄՀՅԵ) կրթական ծրագրի գաղափարին: ՄՀՅԵ-ն մշակվել է Մասաչուսեթսի տեխնոլոգիական ինստիտուտում և կիրառվում է աշխարհի շատ երկրներում:
Կառավարության կողմից ինտերնետային կապն ապահովելուց հետո հիմնադրամը Արցախի մյուս համայնքների դպրոցներին ևս կհանձնի կրթական նպատակներով ստեղծված XO համակարգիչներ, որի արդյունքում Արցախի տարրական դասարանների բոլոր աշակերտները մի քանի տարուց կունենան անձնական դյուրակիր համակարգիչներ:
«Ֆրութֆուլ Արմենիա» հիմնադրամի տեղեկացմամբ՝ համակարգիչները տրվում են երեխաներին որպես սեփականություն:
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել