HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Հուշագրեր են ստորագրվել ՄԿՈՒ հաստատությունների և բիզնես կազմակերպությունների միջև

Արթիկի պետական քոլեջի, Մարալիկի արհեստագործական ուսումնարանի, բիզնես կազմակերպությունների և «People in Need» հասարակական կազմակերպության միջև ստորագրվել է համագործակցության 4 հուշագիր՝ Շիրակի մարզում աշխատանքի վրա հիմնված ուսուցում կազմակերպելու և տեքստիլ ու ագրոբիզնես ոլորտների աշխատաշուկայի պահանջներին համապատասխան մրցունակ մասնագետներ պատրաստելու նպատակով։ Այս մասին տեղեկացնում է ԿԳՄՍ նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժինը:

Հուշագրերի ստորագրմանը մասնակցել է Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության նախնական (արհեստագործական) և միջին մասնագիտական կրթության վարչության պետ Արտակ Աղբալյանը, ով կարևորել է կրթություն-աշխատաշուկա կապի ամրապնդման անհրաժեշտությունը՝ առաջնային դիտարկելով գործատուների կարիքների ներառումը մրցունակ մասնագետների պատրաստման գործընթացում: Արտակ Աղբալյանը շնորհակալություն է հայտնել մասնավոր հատվածի ներկայացուցիչներին, Եվրոպական միությանը և «People in Need» կազմակերպությանը՝ ՄԿՈՒ (մասնագիտական կրթության և ուսուցման) հաստատությունների կարողությունների զարգացմանն օժանդակելու և մեթոդական ու նյութատեխնիկական աջակցություն տրամադրելու համար։

Եռակողմ համագործակցության հուշագրեր են կնքվել «People in Need» կազմակերպության,  Արթիկի պետական քոլեջի և «ՉԵԽ-ԱՐՄ-ԻՆՎԵՍՏ», «Վոլյում գրուպ» ու «Գրին ֆուդ» ընկերությունների, ինչպես նաև Մարալիկի արհեստագործական ուսումնարանի և «ԱՆԻԻ ՃՇՇ»-ի միջև։

Հավելենք, որ ավելի վաղ եռակողմ համագործակցության հուշագրեր էին ստորագրվել «People in Need»-ի, Ամասիայի արհեստագործական պետական ուսումնարանի և «Բանդիվան Կաթ»-ի, Ամասիայի պանրագործարանի, «Կումայրի կարպետ»-ի, ինչպես նաև Շիրակի պետական գյուղատնտեսական քոլեջի ու Աշոցքի պանրագործարանի և «Գրին Բրոդերս»-ի միջև։

Հուշագրերը ստորագրվել են «Անցում կրթությունից՝ աշխատաշուկա» ծրագրի շրջանակում, որը Եվրոպական միության ֆինանսավորմամբ իրականացնում է «People in Need» կազմակերպությունը: Ծրագրի գործընկերներն են Ամասիայի արհեստագործական պետական ուսումնարանը, Գերմանիայի միջազգային համագործակցության ընկերությունը և Զբաղվածության պետական գործակալությունը։

«Անցում կրթությունից՝ աշխատաշուկա» ծրագրի շրջանակում Աղվերանում տեղի է ունեցել նաև երկօրյա աշխատաժողով պետական և մասնավոր սեկտորի շահառուների մասնակցությամբ։ Աշխատաժողովի ընթացքում կողմերը քննարկել են աշխատանքի վրա հիմնված ուսուցման մոդելի ձևաչափերը և յուրաքանչյուր կառույցի համար առավել արդիական մոտեցումը, որոնք հնարավորինս արդյունավետ կդարձնեն պետական և մասնավոր ոլորտների փոխհամագործակցությունը՝ նպաստելով կրթության որակի բարելավմանն ու աշխատաշուկայի ընդլայնմանը։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter