
Թղթի վրա գրել, բերել էր․ Փաշինյանին Շուշիի մասին հարց տված լրագրողը Կառավարության շենքի դիմաց էր
Yerkir.am կայքի լրագրող Լիանա Սարգսյանը քիչ առաջ Կառավարության շենքի դիմաց էր՝ պաստառը ձեռքին, որի վրա ձեռագիր գրված էր Շուշիի վերաբերյալ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարությունն՝ արված Ազգային ժողովում:
«Շուշին հակամարտությունից և ազատագրումից առաջ ունեցել է 90 և ավելի տոկոս ադրբեջանական բնակչություն։ Ուզում եք ասել, որ 90 և ավելի տոկոս ադրբեջանցի բնակչություն ունեցող Շուշի քաղաքը հայկակա՞ն է՝ իր այդ կարգավիճակով․ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյան»,- գրված էր պաստառի վրա։
Հունվարի 28-ին՝ Հայոց բանակի օրը, Նիկոլ Փաշինյանն այցելել էր «Եռաբլուր» զինվորական պանթեոն։ Լրագրողները նրան հարցրին՝ ըստ իրեն՝ Շուշին ադրբեջանակա՞ն է, որից հետո վերջինս լրագրող Լիանա Սարգսյանից տևական ժամանակ փորձում էր պարզել՝ որդյոք նա՞ է իրեն նման հարց տվել։ Երբ Լիանա Սարգսյանն ասաց, որ ինքը նույնպես այդ հարցը տվել է, Փաշինյանը հարցրեց, թե որտե՞ղ է ինքը նման բան ասել, լրագրողը պատասխանեց՝ Ազգային ժողովում։
«Անձամբ դուք թղթի վրա գրված կբերեք այդ հատվածը, որ ես հայտարարել եմ, և ես ուղիղ եթերում կպատասխանեմ այդ հարցին»,- ասաց Նիկոլ Փաշինյանը։ Եւ ահա մեկ օր անց Լիանա Սարգսյանը թղթի վրա գրել, բերել էր Նիկոլ Փաշինյանի ուղիղ խոսքը, որն ասել է Ազգային ժողովում՝ ակնկալելով, որ վարչապետը պետք է ուղիղ եթերում պատասխանի իր տված հարցին։
Կառավարության դիմաց այլ քաղաքացիներ ևս բողոքի ակցիա էին իրականացնում։ Նրացից ոմանք պատռեցին լրագրողի պաստառը։
«Քաղաքացիները չէին հասկացել իմ` պաստառով այստեղ գտնվելու բուն էությունը, նույնիսկ չեն կարդացել պաստառի վրա գրվածը, առաջին դեպքը չէ, որ քաղաքացիների միջև հրմշտոց է լինում Նիկոլ Փաշինյանի պատճառով: Խնդրում եմ, որ վարչապետն իջնի կամ ուղիղ եթերում պատասխանի՝ Շուշին հայկական է, թե՞ ադրբեջանական»,- ասաց Լիանա Սարգսյանը։
Մեկնաբանություններ (1)
Մեկնաբանել