HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սեդա Ղուկասյան

Yerevan.today-ը դիմելու է դատարան՝ ԱԺ-ում իր լրագրողի հավատարմագրումը մերժելու համար

Ազգային ժողովի աշխատակազմը հրաժարվել է հավատարմագրել Yerevan.today կայքի լրագրող Սյուզի Բադոյանին ԱԺ յոթերորդ գումարման խորհրդարանի վեցերորդ նստաշրջանի աշխատանքը լուսաբանելու համար։ Պաշտոնական հիմնավորմամբ՝ պատճառը «ԱԺ-ում լրագրողների հավատարմագրման կարգը հաստատելու մասին» ԱԺ խորհրդի որոշման կետերի խախտումն է:

ԱԺ աշխատակազմի ղեկավարի տեղակալ Աննա Գրիգորյանը «Հետքին» հայտնել է, որ լրագրող Սյուզի Բադոյանը խախտել է ԱԺ-ում լրագրողների հավատարմագրման կարգը հաստատելու մասին ԱԺ խորհրդի 2017 թվականի դեպտեմբերի 27-ին ընդունած թիվ 044-Լ որոշման 22-րդ կետի պահանջները: Այդ պատճառով դիմել են Yerevan.today կայքի խմբագիր Սևակ Հակոբյանին, որպեսզի վեցերորդ նստաշրջանի աշխատանքները լուսաբանելու համար լրագրող Սյուզի Բադոյանին փոխարինի մեկ ուրիշով:

Ըստ հավելվածի այդ կետի` հավատարմագրված լրագրողը պարտավոր է՝

  • հարգել Ազգային ժողովի պատգամավորների և Աշխատակազմի աշխատակիցների օրինական շահերը, պատիվն ու արժանապատվությունը.
  • չխոչընդոտել Ազգային ժողովի պատգամավորների, Ազգային ժողովի նիստերին ներկա գտնվող (մասնակցող) անձանց և Աշխատակազմի աշխատակիցների ծառայողական պարտականությունների կատարմանը.
  •  Ազգային ժողովի տարածք մուտք գործելիս ներկայացնել հավատարմագիրը, Ազգային ժողովի վարչական տարածքում գտնվելու ընթացքում հավատարմագիրը կրել հագուստի վրա այնպես, որ այն լինի տեսանելի.
  • պահպանել օրենքների, Աշխատակազմի ներքին կարգապահական կանոնների, Ազգային ժողովի շենքում և հարակից տարածքներում գտնվող անձանց համար պարտադիր վարքագծի կանոններ սահմանող ակտերի և սույն կարգի պահանջները.
  • կատարել լրագրողների համար օրենքով սահմանված այլ պարտականություններ` հաշվի առնելով Ազգային ժողովի և Աշխատակազմի գործունեության առանձնահատկություններից բխող պահանջները.
  • պահպանել լրագրողների էթիկայի համընդհանուր կանոնները:

Yerevan.today-ի խմբագրակազմը սա ոչ իրավաչափ է համարում և պատրաստվում է դատական կարգով վիճարկել:

Խմբագիր Սևակ Հակոբյանը մեզ հետ զրույցում նշեց, որ գրավոր դիմել են ԱԺ աշխատակազմին` խնդրելով հղում անել այն օրենքին, որը թույլ չի տալիս լրատվամիջոցին հավատարմագրվել, ինչպես նաև պարզաբանել լրագրողի այն քայլերը, որոնք դատապարտելի են և հիմք են հանդիսացել հավատարմագրումը մերժելու համար:

«Չեն ներկայացնում որևէ հիմնավորում, թե ինչու պիտի մեր լրագրողին փոխարինենք, ընդ որում՝ երեք օր ժամանակ են տալիս նոր անուն ներկայացնելու համար»,-ասաց Հակոբյանը: Նրա խոսքով` լրատվամիջոցն ինքն է որոշում, թե իր ո’ր լրագրողները պետք է լուսաբանեն խորհրդարանի աշխատանքը, և իրենց համար միանշանակ է, որ Սյուզի Բադոյանը պետք է աշխատի ԱԺ-ում. լրագրողին փոխարինելու հարցն աշխատակազմի որոշելիքը չէ:

Yerevan.today-ի խմբագիրը մերժումը կապում է 2020թ. հունվարի 13-ին «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Հայկ Սարգսյանի և լրագրող Սյուզի Բադոյանի միջև տեղի ունեցած միջադեպի հետ:

«Իմ թևն ինչո՞ւ էիք քաշում, երբ ես Սյունիքի համայնքների ղեկավարների քրեական գործի մասին հարց էի տալիս պարոն Ջհանգիրյանին»,-ԱԺ միջանցքում հարցնում էր Բադոյանը՝ դիմելով Սարգսյանին:

«Պարոն Ջհանգիրյանին դուք փորձում էիք գցել գետնին, ես դա նկատեցի, փորձեցի կանխել, ինչը չարեցի ներքեւի հատվածում, պարոն Ջհանգիրյանը սայքաթեց և քիչ մնաց ընկնի»,-արձագանքեց Սարգսյանը:

Միմյանց ուղղված վիրավորական արտահայտություններից հետո Հայկ Սարգսյանը վերցրեց լրագրողի խոսափողը, մտավ իր աշխատասենյակ, ապա, մի քանի րոպե անց, դուրս եկավ եւ լրագրողին վերադարձրեց խոսափողը:

Այս միջադեպից հետո ԱԺ աշխատակազմը նամակով դիմել է Yerevan.today-ի խմբագրություն` պահանջելով Սյուզի Բադոյանին փոխարինել մեկ այլ լրագրողով: Այս պահանջը լրատվամիջոցը չի կատարում, և Սյուզի Բադոյանը գործող նստաշրջանում չի կարողանում հավատարմագրվել:

Մենք ԱԺ աշխատակազմից հետաքրքրվել էինք՝ արդյոք Սյուզի Բադոյանին չհավատարմագրելը պայմանավորված է ԱԺ պատգամավոր Հայկ Սարգսյանի հետ տեղի ունեցած միջադեպով: ԱԺ աշխատակազմից հարցին չեն պատասխանել, սակայն միջադեպը եւ խմբագրություն գրություն ուղարկելը նույն օրը` հունվարի 13-ին են եղել:

Սևակ Հակոբյանն ասում է` նույն խորհրդարանը ոչինչ չի անում պատգամավոր Սարգսյանի վարքագիծն ուսումնասիրելու համար, ապա հավելում` նման հրահանգն ամոթալի է, քանի որ գործող խորհրդարանում լրագրող-պատգամավորները քիչ չեն:

«Մենք պնդում ենք, որ Սյուզի Բադոյանը պետք է խորհրդարանում հավատարմագրվի, ու կհասնենք դրան` լինի դատական կարգով, թե գործընկերների օգնությամբ, որոնք հարցը հնչեցնում են, թե ինչ-որ ձև կստիպենք, որ օրենքը չշրջանցեն, ու մեր լրագրողը հայտնվի խորհրդարանում: Թող իրենք մի վայրկյան չմտածեն, թե ունենալու են խաղաղ կյանք»,-եզրափակեց Հակոբյանը:

Հավելենք, որ հունվարի 26-ին Սյուզի Բադոյանը չի կարողացել ԱԺ տարածք մուտք գործել պատգամավոր Արման Աբովյանի տրամադրած անցաքարտի առկայությամբ: Բադոյանին ավտանգությունից ասել են` «ռեժիմը թույլ չի տալիս»:

Լրագրողական մի շարք կազմակերպություններ Yerevan Today-ի լրագրող Սյուզի Բադոյանին Ազգային ժողովի հավատարմագրումից զրկելու որոշման առնչությամբ հայտարարություն են տարածել՝ տեղի ունեցածը գնահատելով որպես «վիճահարույց գործընթաց», իսկ լրագրողի եւ պատգամավորի միջեւ միջադեպը՝ ճնշում լրագրողի նկատմամբ։

Գրավոր հարցմամբ դիմել ենք նաև ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանին` արդյոք խորհրդարանը պատրաստվում է Էթիկայի հանձնաժողով ստեղծել պատգամավոր Հայկ Սարգսյաի վարքագիծն ուսումնասիրելու համար:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter