HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արաքս Մամուլյան

Դատավոր Դավիթ Գրիգորյանի նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցնելու որոշումը մնաց անփոփոխ

Վերաքննիչ քրեական դատարանը՝ նախագահությամբ դատավոր Սևակ Համբարձումյանի, կազմով՝ դատավորներ Անդրանիկ Մնացականյանի և Նարինե Հովակիմյանի, այսօր անփոփոխ է թողել  դատավոր Դավիթ Գրիգորյանի և Երևանի ընդհանուր իրավասության դատարանի նիստերի քարտուղար Գոռ Վարդանյանի վերաբերյալ քրեական գործի վարույթը կարճելու, նրանց նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցնելու վերաբերյալ որոշումը:

Այս մասին Հետքը տեղեկացավ Գրիգորյանի պաշտպան Գեորգի Մելիքյանից:

Հիշեցնենք, որ Երևանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Դավիթ Բալայանը պաշտոնեական կեղծիք կատարելու մեջ մեղադրվող Դավիթ Գրիգորյանի և նրան օժանդակելու մեջ մեղադրվող Գոռ Վարդանյանի նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցնելու, նրանց վերաբերյալ քրեական գործը կարճելու որոշում է կայացրել 2020 թվականի հունիսի 5-ին՝ գործի նախապատրաստական փուլում, այսինքն՝ այս գործով դատաքննություն չի նշանակվել: Այս որոշումը դատախազությունը բողոքարկել էր Վերաքննիչ դատարան:

Դավիթ Գրիգորյանն այն դատավորն է, ում ի սկզբանե մակագրվել էր Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի գործը։ Նա որոշել էր գործի վարույթը կասեցնել ու դիմել Սահմանադրական դատարան։ Բացի այդ, դատավոր Գրիգորյանը նաև որոշել էր անձնական երաշխավորությամբ ազատ արձակել Քոչարյանին։

Այս որոշումներից երկու ամիս անց Դավիթ Գրիգորյանին պաշտոնեական կեղծիք կատարելու մեղադրանք է առաջադրվել։ Պաշտոնեական կեղծիքն, ըստ վարույթն իրականացնող մարմնի, այն է, որ Դավիթ Գրիգորյանն իր վարույթում քննվող բողոքներից մեկով նիստ կայանալու մասին կեղծ արձանագրություն է կազմել։

Այսպես ասած՝ «կայացած նիստում» քննարկվել էր հարցը, որ կողմերը չեն ծանուցվել նիստի մասին, դատարանին հայտնի չեն նրանց չներկայանալու պատճառները և այդպիսով՝ նիստը հետաձգվել էր: 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter