
Թուրքիան ծրագրում է Ղարաբաղի հարցով համագործակցությունն ընդլայնել վեցակողմ ձևաչափի
Թուրքիայի իշխանությունները ծրագրում են ընդլայնել ղարաբաղյան հակամարտության կարգավորումը՝ ձևավորելով «3+3» ձևաչափը։ Այդ մասին ուրբաթ՝ հունվարի 29-ին Ստամբուլում Իրանի արտաքին գործերի նախարար Մոհամմադ Ջավադ Զարիֆի հետ հանդիպումից հետո տեղի ունեցած մամլո ասուլիսի ժամանակ հայտարարել է Թուրքիայի արտաքին գործերի նախարար Մևլյութ Չավուշօղլուն։
«Մեզ անհրաժեշտ է նպաստել կրակի դադարեցմանը։ Այնպես որ, մենք ծրագրում ենք համագործակցել «3+3» ձևաչափով»,- նշել է Չավուշօղլուն։ «3+3» ձևաչափ ասելով Թուրքիայի արտաքին գերատեսչության ղեկավարն ի նկատի ունի Հայաստանին, Ռուսաստանին, Ադրբեջանին, Իրանին, Վրաստանին և Թուրքիային։
Չավուշօղլուն առանձին ընդգծել է, որ Հարավային Կովկասում բավարար չէ միայն հարաբերությունների կարգավորման ցանկություն ունենալը։ Ըստ նրա՝ անհրաժեշտ է ձեռնարկել գործուն քայլեր, որոնք համագործակցության ընդլայնման միջոցով, հնարավորություն կտան հասնել հրադադարի մշտական ապահովմանը։ «Այդ տարածաշրջանում խաղաղությունն ու կայունությունը յուրաքանչյուրի շահերից է բխում։ Ամենից շատը կշահի Հայաստանն ու նրա ժողովուրդը։ Այդ իսկ պատճառով այս ուղղությամբ մենք Հայաստանից ակնկալում ենք կառուցողական քայլեր»,- հավելել է Չավուշօղլուն։
Իր հերթին Զարիֆն էլ հիշեցրել է, որ Թուրքիա ժամանելուց առաջ նա այցելել է Ադրբեջան, Ռուսաստան, Հայաստան և Վրաստան, որտեղ քննարկվել է նաև արցախյան հիմնահարցը։
Արցախի հարցով վեցակողմ համագործակցության ձևաչափի մասին ավելի վաղ խոսել էին նաև Ադրբեջանի և Թուրքիայի առաջնորդներ Իլհամ Ալիևն ու Ռեջեփ Թայիփ Էրդողանը։ Իրանը ողջունել էր գաղափարը՝ հայտարարելով, որ պատրաստ է աջակցել տարածաշրջանում խաղաղության ամրապնդմանը։
Լուսանկարը՝ Hurriyet-ի
Մեկնաբանություններ (2)
Մեկնաբանել