HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արմեն Միրզոյան

Վրաստանը բացում է օդային սահմանը կորոնավիրուսի պատվաստում ստացած օտարերկրացիների համար

Փետրվարի 1-ից օտարերկրացիները կկարողանան ազատորեն և առանց կարանտինի պահպանման օդային ճանապարհով մուտք գործել Վրաստան, եթե նրանք ունեն փաստաթղթեր, որոնք վկայում են COVID-19-ի դեմ պատվաստում ստանալու մասին: Այդ մասին հայտարարել է Վրաստանի էկոնոմիկայի և կայուն զարգացման նախարար Նատիա Տուրնավան։ «Բոլոր երկրների քաղաքացիներն անխտիր կկարողանան մուտք գործել Վրաստան՝ սահմանին ներկայացնելով կորոնավիրուսի պատվաստումը հաստատող փաստաթուղթ։ Սա նշանակում է, որ քաղաքացին պետք է ստացած լինի երկու ամբողջական դեղաչափ։ Աշխարհում աճում է պատվաստված մարդկանց թվաքանակը, և սա մեր առաջին թիրախ խումբն է»,- նշել է Տուրնավան։

Վրաստանի ցամաքային սահմանները նախկինի պես փակ կմնան։ Փետրվարի 1-ից կվերականգնվի ավիահաղորդակցությունը։ Վրաստանը, կորոնավիրուսի համավարակի պատճառով, սահմանները փակել էր 2020 թվականի մարտից և դադարեցրել միջազգային կանոնավոր ավիահաղորդակցությունը։ Ավելի ուշ, սահմանափակումները մեղմացվել էին։ Երկիր ժամանող բոլոր քաղաքացիների համար սահմանվել էր 8-14 օր պարտադիր կարանտին, ինչպես նաև կորոնավիրուսի թեստի հանձման պահանջ։ 

Բացի այդ, աշխարհի երկրների մեծ մասի քաղաքացիների համար Վրաստանը սահմանել էր պարտադիր թույլտվության ստացման պահանջ։ Դրանից ազատված էին Վրաստանի քաղաքացիները, նրանց ընտանիքի անդամները, ինչպես նաև ԵՄ անդամ պետությունների քաղաքացիներն ու մշտական կացության իրավունք ունեցողները, Իսրայելի, Շվեյցարիայի Սաուդյան Արաբիայի և ԱՄԷ-ի քաղաքացիները, որոնք Վրաստան մտնելիս պետք է ներկայացնեն կորոնավիրուսի բացասական թեստ։ 

Վերջին տվյալներով Վրաստանում գրանցվել է կորոնավիրուսի 256 956 դեպք։ Ապաքինվել է 247 096 պացիենտ, մահացել՝ 3148-ը։

Լուսանկարը՝ newsgeorgia.ge-ից

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter