
Առևտուրն ու ծառայություններն ամենաշատն են տուժել 2020 թվականին
2020 թվականին Հայաստանի տնտեսական ակտիվության ցուցանիշը (ՏԱՑ), 2019 թվականի համեմատ, 7.5%-ով անկում է ապրել։ Այս մասին են վկայում Վիճակագրական կոմիտեի (ՀՀ ՎԿ) նախնական օպերատիվ տվյալները։
Տնտեսության աճի տեմպերը 2020 թվականին կտրուկ նվազեցին մարտից սկսած՝ կորոնավիրուսի բռնկման հետևանքով: Տարվա ընթացքում ՏԱՑ-ի ամենամեծ անկումը գրանցվեց ապրիլին՝ 16.4%: Մայիսին ու հունիսին անկման տեմպերը դանդաղեցին։ Երբ արդեն հույս կար, որ տնտեսությունը սկսում է կամաց-կամաց «շնչել», հուլիսի տխուր թվերը փոխեցին այդ պատկերացումները։
Օգոստոս-սեպտեմբերին անկման տեմպերը դանդաղեցին։ Սեպտեմբերի վերջից Արցախում սկսված պատերազմը կրկին փոխեց միտումները:
Վիճակագրությունն արձանագրում է, որ 2020 թվականին անկում են ապրել տնտեսության բոլոր ոլորտները՝ բացառությամբ գյուղատնտեսության։ Ամենամեծ անկումը գրանցվել է առևտրի և ծառայությունների ոլորտում։
Մասնավորապես, հունվար-դեկտեմբերին արդյունաբերության համախառն արտադրանքի ծավալը կազմել է ավելի քան 2 տրլն 70 մլրդ դրամ, որը 2019-ի նույն ժամանակաշրջանի համեմատ նվազել է 0.9%-ով։ Արդյունաբերությունը դրական միտումներ գրանցեց միայն տարվա առաջին երկու ամիսներին, որից հետո անկում սկսվեց:
Գյուղատնտեսության համախառն արտադրանքի ծավալը կազմել է 819 մլրդ դրամ, որն ըստ ՎԿ-ի հաշվարկների, 2019 թվականի համեմատ 1.4% -ով աճել է։
Շինարարության ծավալները կազմել են մոտ 414 մլրդ դրամ՝ նվազելով 9.5%-ով։
Առևտրի շրջանառությունը կազմել է 2 տրլն 858 մլրդ դրամ։ Նախորդ տարվա համեմատ այն կրճատվել է 14%-ով։
Էապես տուժել է նաև ծառայությունների ոլորտը։ 2020 թվականին ծառայությունների ծավալը Հայաստանում կազմել է 1 տրլն 708 մլրդ դրամ՝ 2019-ի համեմատ նվազելով 14.7%-ով։
Վիճակագրական կոմիտեն դեռևս չի հրապարակել 2020-ի տնտեսական աճի՝ համախառն ներքին արդյունքի (ՀՆԱ) ցուցանիշները, սակայն, դատելով տնտեսական ակտիվության (ՏԱՑ) 7.5% անկումից, կարելի է ենթադրել, որ ՀՆԱ-ի անկումը ևս մոտ կլինի 7.5-8% միջակայքին։
Հիշեցնենք, որ թեև ՏԱՑ-ը և ՀՆԱ-ն երկուսն էլ ցույց են տալիս տնտեսության դինամիկան, սակայն հաշվարկվում և ներկայացվում են տարբեր մեթոդաբանություններով։
Գլխավոր լուսանկարը՝ Անի Սարգսյանի
Մեկնաբանել